Skip to content Skip to sidebar Skip to footer

ԼԳԲՏ անձանց իրավունքների իրավիճակը Հայաստանում 2011

Ներածություն

ԼԳԲՏ մարդկանց իրավունքների խախտմանը կարելի է ականատես լինել հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: ԼԳԲՏ մարդիկ փաստում են, որ իրենց նկատմամբ խտրականություն կա կրթական հաստատություններում և դեպքեր կան, երբ ուսուցիչը սկսել է նրանց ձեռք առնել կանացի (արական սեռին պատկանելու դեպքում) կամ տղամարդկային լինելու համար (իգական սեռին պատկանելու դեպքում), իրենց սեռական կողմնորոշման պատճառով դուրս են թողել համալսարանից: Գիտական հոդվածներն այս հարցի շուրջ ողջունելի չեն, քանի որ դասախոսների դիրքորոշումն այն է, որ դա այլասերվածություն է, և անձը, ով ցանկանում է աշխատել այս թեմայի շուրջ, այլասերված է: Նույնասեռական ուսանողին թույլ չէին տվել աշխատել նույնասեռականության թեմայի շուրջ, քանի որ դասախոսը գտնում էր, որ հաշվի առնելով ուսանողի սեռական կողմնորոշումը, նա չի կարող լինել օբյեկտիվ:

Աշխատանքի անցնելը ԼԳԲՏ մարդկանց համար մնում է կյանքի ամենախնդրահարույց ասպեկտներից մեկը, քանի որ գործատուները հրաժարվում են աշխատանքի վերցնել մեկին, ով չի թաքցնում իր սեռական կողմնորոշումը, կանացի է (գեյ) կամ տղամարդկային (լեսբուհի): Տրանսգենդեր անձինք հնարավորություն չունեն արտահայտելու իրենց գենդերային ինքնությունը, և չկա համապատասխան օրենք, որը թույլ կտա տրանսսեքսուալ մարդկանց փոխել իրենց սեռը: Շատ հաճախ ԼԳԲՏ մարդիկ հրաժարվում են անհրաժեշտության դեպքում դիմել առողջապահական հաստատությունների, քանի որ համոզված չեն, որ այնտեղ կպահվի գաղտնիության սկզբունքը: Քաղաքացիական հասարակության կազմակերպություններին կապվելու դեպքում նրանք ուղղորդվում են այն բժիշկների մոտ, ովքեր վստահելի են և կազմակերպությունը նրանց հետ համագործակցության փորձ ունի, հակառակ դեպքում ռիսկը մեծ է, որ անձը կենթարկվի խտրականության և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի:

Բանակում գոյություն ունեցող չգրված օրենքների պատճառով, որոնք ԼԳԲՏ խմբի մարդկանց նկատմամբ սերմանում են խտրական մոտեցում, այդ համակարգը  դարձնում են ամենախնդրահարույց կառույցներից մեկը: Հիմնականում լրատվամիջոցների մոտեցումը ԼԳԲՏ մարդանց նկատմամբ կոմնակալ է և հիմնված կարծրատիպերի, նախապաշարմունքների վրա և չունի գիտական կամ ժամանակակից մոտեցում: Կառավարության կառույցների կողմից չկա քաղաքական կամք` պաշտպանելու ԼԳԲՏ իրավունքները, և շատ հաճախ այդ կառույցները իրենք են հանդես գալիս իրավախախտների դերում:

Քաղաքացիական հասարակության դիրքորոշումը ԼԳԲՏ անձանց նկատմամբ նույնպես միասնական չէ: Չնայած այն հանգամանքին, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կարող են աշխատել ԼԳԲՏ մարդկանց իրավունքների պաշտպանության ոլորտում և գործողություններ ձեռնարկեն փոփոխության հասնելու համար, կառավարության, հասարակության և քաղաքացիական հասարակության մի մասի կողմից չկա որևէ աջակցություն:

Թեև վերոնշյալ ասպեկտներում չկան արմատական փոփոխություններ, այս զեկույցում մենք ուշադրությունը կսևեռենք հասարակական կյանքի մի քանի ոլորտների վրա, և կներկայացնենք  Հայաստանի Հանրապետությունում 2011թ-ին գրանցված ԼԳԲՏ անձանց առավել հաճախ պատահող հիմնահարցերն ու խնդիրները:

Հանրային վերաբերմունք

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (ՓԻՆՔ Արմենիա) ՀԿ-ն անցկացրել է «ԼԳԲՏ անձանց հանդեպ հանրային վերաբերմունքը Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում. 2011» հետազոտությունը: Ըստ հետազոտության արդյունքների` հարցվածների ընդամենը 6.3%-ն է ԼԳԲՏ անձանց համարում խոցելի խումբ Հայաստանում: Հարցվածների 18.6%-ը համարում է «ոչ ավանդական» սեռական կողմնորոշումը հիվանդություն, և հարցվածների 72,1%-ի մոտ կարող է դիտարկվել բացասական վերաբերմունք այս սոցիալական խմբի նկատմամբ, և այդ հարցվածների մեծամասնության համար ԼԳԲՏ անձ լինելու ընդունելի լինելը նույնպես կախված է ազգային ինքնությունից: Հետևաբար, հարցվածների 52,7%-ը կարծում է որ ԼԳԲՏ անձ լինելը հարիր չէ հայ ազգին, 66,9%-ը կարծում է, որ ԼԳԲՏ անձինք պետք է  դատապարտվեն հասարակության կողմից: Հարցվողները, որոնք ունեն անհանդուրժող վերաբերմունք և դիրքորոշում ԼԳԲՏ անձանց նկատմամբ, զերծ են մնում նրանց հետ շփումից: Նրանցից 55.3%-ը, եթե իմանար, որ իր ծանոթը, ընկերը կամ բարեկամը  ԼԳԲՏ անձ է, կդադարեցներ նրա հետ շփումը: ԼԳԲՏ անձանց նկատմամբ իրենց վերաբերմունքն արտահայտած հարցվողների 87,6%-ը նշել են, որ չեն օգտվի այն սպասքից, որից նախկինում օգտվել է ԼԳԲՏ անձ: Հետազոտության արդյունքներից կարելի է եզրակացնել, որ ընդհանուր առմամբ հարցվածների 49,6%-ը հանդուրժող չեն ԼԳԲՏ անձանց նկատմամբ: Հարցվողների 74,5%-ի համոզմամբ պետությունն իրականում ոչինչ չի անում ԼԳԲՏ անձանց նկատմամբ տարվող իր քաղաքականության մեջ, ուստի 71.5%-ը կարծում է, որ պետությունն այդ բացը պետք է լրացնի նրանց դեմ պայքարելու միջոցով: Ուշագրավ է այն, որ այս համատեքստում հարցվողները ոստիկանությանը առավել շատ դիտարկում են ոչ թե որպես իրավապահ, այլ մարդու իրավունքների դեմ պայքարող մարմին:

Հարցվողների մեծամասնությունը չունի բավարար գիտելիք սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության մասին և ԼԳԲՏ անձանց վերաբերյալ նրանց ունեցած գիտելիքները կարծրատիպային են և դուրս գիտական բացատրությունների շրջանակից: Հարցվողները ԼԳԲՏ անձանց մասին առավել շատ տեղեկատվություն ստանում են հեռուստատեսությունից. ժամանցային ծրագրերից և հաղորդումներից` 31% և 22.6%` տեղեկատվական հաղորդումներից:

ԼԳԲՏ մարկանց ձեռք են առնում, նրանք հաճախ ենթարկվում են ոտնձգությունների հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում, հատկապես այն դեպքերում, երբ նրանց արտաքին տեսքը համապատասխանում է ԼԳԲՏ անձանց վերաբերյալ հասարակության մեջ առկա կարծրատիպերին և նախապաշարմունքներին: Հասարակության արձագանքը նրանց նկատմամբ կարող է տատանվել կոպիտ անուններ կոչելուց մինչև ֆիզիկական բռնության կիրառմամբ, որը կարող է դրսևորվել մեկանգամյա գործողությամբ կամ կրի մշտական բնույթ հարևանների կամ բարեկամների, նույն սոցիալական միջավայրի մարդկանց կողմից: Այս դեպքերում բռնության կամ չարաշահումների զոհերը հրաժարվում են դիմել իրավապահ մարմիններին` փաստելով, որ այդ ամենը կշարունակվի այնտեղ: Այսպիսի դեպքերի վկայությունը կարող են գտնվել այն դեպքերում, երբ շահառուները դիմում են ՀԿ-ին իրավաբանական ծառայություններ ստանալու և իրենց իրավունքները պաշտպանելու համար:

Եկեղեցի

Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի եկեղեցին անրադարձավ մեր հասարակությունում ԼԳԲՏ մարդկանց հիմնահարցին և´ ԶԼՄ-ների, և´ մոլությունների թեմայով քննարկման կազմակերպմամբ` այդ թվում ներառելով նույնասեռականությունը որպես մոլուցքի տեսակ: Եկեղեցու ներկայացուցիչների կողմից կազմակերպված քննարկման ընթացքում թմրանյութերի, ալկոհոլի և ծխախոտի նկատմամբ մոլության հետ մեկտեղ գլխավորապես քննարկվեց «արվամոլությունը»: Դրա հիմնական նպատակը քննարկման մասնակիցներին բացատրելն էր, որ   նույնասեռականությունը մոլության տեսակ է, և մարդիկ իրենք են ընտրում «ունենալ մոլուցք տղամարդկանց նկատմամբ»:  Նույնասեռականությունը ներկայացվում էր որպես անհատի մեղսավոր ընտրություն, ով հակված է նույն սեռի այլ անձի նկատմամբ մոլուցք ունենալ:

Քննարկումից բացի քահանաները տարբեր հարցերի շուրջ տրված հարցազրույցների և կազմակերպված մամլո ասուլիսների ժամանակ հայտարարություններ են կատարել: ԶԼՄ-ների միջոցով եկեղեցու ներկայացուցիչները ներկայացնում են ԼԳԲՏ մարդկանց որպես սպառնալիք մեր երկրի համար` նշելով, որ դա «Եվրոպական արժեքների ու ավանդույթների» ուղղակի հետևանք է: Եկեղեցու մոտեցումը նույնասեռականների նկատմամբ այն է, որ նրանք Հայաստան են ներխուժել «Արևմտյան ուժերի» միջոցով, որպեսզի ոչնչացնեն հայկական ավանդույթներն ու արժեքները: Թեև լրատվամիջոցների գործունեության հիմնական շեշտը նույնասեռականությունը և դրա հետ կապված հարցերը չեն, եկեղեցու ներկայացուցիչներն օգտագործում են թեման բարձրացնելու այդ հնարավորությունը և ներկայացնում են ԼԳԲՏ մարդկանց որպես հասարակության մեջ առկա մի շարք սոցիալական խնդիրների աղբյուր:  Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ եկեղեցին հակված է ներկայացնելու ԼԳԲՏ մարդկանց որպես մի խումբ, որն արհեստականորեն ստեղծվել է Հայաստանում, և որի հիմնական նպատակն է այլասերել գոյություն ունեցող արժեքները, թուլացնել հասարակության միասնականությունը և տանել հայերին դեպի անբարոյականություն: Եկեղեցու դիրքորոշումն այս հարցում այն է, որ դա մեղք է, բոլոր ԼԳԲՏ մարդիկ մեղսագործ են և ապրում են հակաքրիստոնեական կյանքով:  Հիմնական զուգահեռներն անցկացվում են «Սոդոմի և Գոմորի» հետ, և նույնասեռականությունը  ներկայացվում է որպես Սոդոմական մեղք:

Կրոնական փոքրամասնությունները ևս սպառնալիք են համարվում հայ ժողովրդի և Հայ առաքելական եկեղեցու համար և նրանց հիմնական նպատակն է խաթարել Առաքելական եկեղեցու դերը: Այս համատեքստում եկեղեցու ներկայացուցիչները օգտագործում են հնարավորությունը զուգահեռներ անցկացնելու ԼԳԲՏ մարդկանց հետ և ներկայացնում են նրանց որպես վտանգ Հայաստանի ազգային անվտանգության համար, որոնք, կրոնական փոքրամասնությունների հետ միասին Հայաստան եկան այն ոչնչացնելու համար: Եկեղեցին հեղինակություն է հանդիսանում մեր հասարակության մեծամասնության համար: Այսպիսով, եկեղեցու կողմից նման հայտարարությունները խթանում են թշնամանքը ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ և հասարակության համար ամուր հիմք են պատրաստում այս սոցիալական խմբի դեմ պայքարելու համար` փաստելով եկեղեցու հեղինակությունը և այդ հաստատության կողմից արված փաստարկները:

Զանգվածային լրատվամիջոցներ (ԶԼՄ)

ԶԼՄ-ների ներկայացուցիչները մեծ հետաքրքություն ունեն ԼԳԲՏ համայնքի նկատմամբ: Ցավոք, շատ դեպքերում ԼԳԲՏ հիմնահարցերի վերաբերյալ կողմնակալ լուսաբանումները` հիմնված լրագրողների նախապաշարմունքների և կարծրատիպերի վրա, չունեն գիտական հիմք և ձևակերպված են սկանդալային ոճով: ԼԳԲՏ մարդկանց հիմնահարցերը շոշափվում են բոլոր տեսակի ԶԼՄ-ների կողմից: Շատ հաճախ այս թեման իր լուսաբանումն է գտնում էլեկտրոնային լրատվամիջոցներում:

Ընդհանուր առմամբ, զանգվածային լրատվամիջոցներում ԼԳԲՏ համայնքին վերաբերող հարցերը լուսաբանվում են վիրավորական կերպով, ինչը հաստատում է գոյություն ունեցող կարծրատիպերն ու նախապաշարմունքները ԼԳԲՏ համայնքի նկատմամբ: Տրամադրված տեղեկատվությունը հիմնված չէ փաստերի վրա, չունի ապացույցներ և շատ հաճախ կարող է լինել ասեկոսների և ապատեղեկացվածության արդյունք: Բացի այդ, ԼԳԲՏ մարդկանց, սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության մասին ոչ հուսալի և սուբյեկտիվ տեղեկատվության տարածումը հոդվածների, հեռարձակումների, հեռուստատեսային ծրագրերի միջոցով ստորացնում են ԼԳԲՏ մարդկանց և նպատակ ունեն ագրեսիա տարածել նրանց նկատմամբ: Մեծամասամբ ԼԳԲՏ անձանց հիմնահարցերը ներկայացված են որպես մի երևույթ, որը դեմ է հայկա