Skip to content Skip to sidebar Skip to footer

Զեկույց․ ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակը, 2017թ․

«ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում, 2017թ.» զեկույցն ամփոփում է 2017թ. Փինք Արմենիայի արձանագրած և փաստաթղթավորած դեպքերը, ԼԳԲՏ անձանց հետ անցկացրած հարցազրույցների արձանագրությունները, դատական գործերի, համացանցում և ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումները:

ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարումը զեկույցում ներկայացված է հետևյալ կառուցվածքով.

  1. Մարդու իրավունքների պաշտպանության ազգային և միջազգային օրենսդրության այն հիմնական դրույթները, որոնք խախտվել կամ սահմանափակվել են արձանագրված դեպքերում:
  2. Կոնկրետ իրավունքների ոտնահարումների արձանագրված դեպքերի ընդհանուր նկարագրությունը:
    2017թ. ԼԳԲՏ անձանց դեմ սահմանափակումներն ու խտրական վերաբերմունքը արտացոլվել է հատկապես խոսքի ազատության իրավունքի շրջանակներում։

Մայիսին Երևանի քաղաքապետարանի հրահանգով գովազդային վահանակներից հանվեցին ԼԳԲՏ թեմայով սոցիալական գովազդի պաստառները: Հուլիսին Հայ առաքելական եկեղեցու հորդորով «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնից հանվեց ԼԳԲՏ թեմայով երկու ֆիլմ։

2017թ. սեռական կողմնորոշման հիմքով մարդու իրավունքների խախտման արդյունքում մեկ հոգի մահացել է։ Տարվա սկզբին Երևանում ինքնասպանություն գործեց ազգությամբ վրացի, ՌԴ քաղաքացի Զուրաբ Նեմսաձեն, որը Հայաստան էր եկել իր ընկերոջ խնդրանքով, որպեսզի փրկի վերջինիս ծնողների ճնշումներից։

2017թ. հանրային քննարկման դրվեց քրեական նոր օրենսգրքի նախագիծը, որի 197-րդ՝ խտրականության մասին հոդվածում առկա է նաև սեռական կողմնորոշման հիմքով խտրականության արգելքը, սակայն գենդերային ինքնությունը բացակայում է։

Տարվա ընթացքում Փինք Արմենիայում սեռական կողմնորոշման և/կամ գենդերային ինքնության հիմքով իրավախախտումների 30 դեպք է գրանցվել։ Մարդու իրավունքների նկարագրված խախտումները զուգորդվել են խտրականությամբ։

Դեպքերից 8-ը դեռևս գտնվում են ընթացքի մեջ, 14-ի դեպքում իրավական որևէ ընթացք չի տրվել՝ պայմանավորված մի քանի հանգամանքով։ Դեպքերից 4-ը կարճվել է, 2-ով քրեական գործ չի հարուցվել՝ տուժող չհայտնաբերվելու պատճառով։ Վերջին 2 դեպքերում տուժողը չի ցանկացել բացահայտել իր անձը, այդ պատճառով որևէ դիմում/հաղորդում իրավապահ մարմիններին չի ներկայացվել։ Գործերի կարճումը պայմանավորված է եղել տուժողի և իրավախախտի համաձայնությամբ, ինչի արդյունքում վերջինս բողոքը հետ է վերցրել։

Բողոքարկել չցանկացող անձանցից մեկը գտնվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ, այդ պատճառով, լինելով կախման մեջ զինվորական հրամանատարական կազմից, վախեցել է որևէ բողոք ներկայացնել վերջիններիս գործողությունների դեմ։

Հաշվի առնելով այն հանագամանքը, որ բանակում արձանագրված իրավախախտումները եղել են բացառապես հրամանատարական կազմի կողմից՝ որևէ միջոց մինչ օրս չի ձեռնարկվել կոնկրետ դեպքի քննության և իրավախախտներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ՝ որպես առաջնահերթություն դիտարկելով զինծառայողների անվտանգությունը։

Ընթացք չստացածներից 8-ը ընտանեկան բռնության դեպքեր են: Տուժողները չեն ցանկացել բողոք ներկայացնել իրենց ընտանիքի անդամների դեմ։ Նման դեպքերում ներգրավվել է Փինք Արմենիայի սոցիալական աշխատողը, որը սոցիալական աջակցություն է տրամադրել թե՛ տուժողներին, թե՛ ընտանիքի անդամներին։

Մնացած դեպքերում տուժողները չեն ցանկացել գործերին ընթացք տալ, քանի որ իրավապահ մարմիններին դիմելու դեպքում իրենց՝ անձնական գաղտնիք հանդիսացող տեղեկության տարածման վտանգ են տեսել, ինչին գումարվել է նաև անվստահությունը համակարգի գործունեության նկատմամբ առ այն, որ իրավախախտը պատասխանատվության կենթարկվի։ Այս դեպքերում խնդիրները լուծվել են այլ կերպ. կապ է հաստատվել իրավախատների հետ, կանխվել է իրավախախտումների շարունակականությունը։

Ընթացքի մեջ գտնվող դեպքերից 2-ը վարչական գործեր են, 6-ը՝ քրեական։ Քրեական գործերից երկուսը գտնվում են դատարանում, երկուսով նախաքննությունն ավարտվել է, սակայն գործը դեռ դատարան չի ուղարկվել։

Վարչական գործերով հայցվորը Փինք Արմենիան է։ Գործերը գտնվում են նախնական դատական քննության փուլում։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ դիմել է 2 հոգի, մեկը` գրավոր, մյուսը` հեռախոսազանգի միջոցով: Երկու դեպքերում էլ խնդիրը կապված է եղել աձնական տվյալները ապօրինաբար տարածելու հետ։

Զեկույցի վերջում զետեղված են Փինք Արմենիայի առաջարկությունները պետական մարմիններին, ԶԼՄ-ներին, միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին, Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին, որոնց իրականացումը հնարավորություն կտա ապահով միջավայր ստեղծել հասարակության մեջ ԼԳԲՏ անձանց համար, որտեղ նրանք կլինեն հասարակության լիիրավ անդամներ և հնարավորություն կունենան արդյունավետ իրացնելու իրենց իրավունքները և ազատությունները:

Ներբեռնել զեկույցն այստեղ։

Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial