Հունվարի 14-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Բեզարասն ու Լևիկասն ընդդեմ Լիտվայի գործով կայացրել է վճիռ, որով անդրադարձել է առցանց ատելության խոսքին։

Դեպքը վերաբերում է համացանցում նույնասեռականների հասցեին հնչեցված ատելության խոսքին։ Մասնավորապես, Եվրոպական դատարան են դիմել երկու երիտասարդ, ովքեր գտնվում են նույնասեռ հարաբերությունների մեջ և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղադրել են իրենց անձնական լուսանկարը։ Արդյունքում, մի խումբ անձինք լուսանկարի մեկնաբանություններում զույգի հասցեին հնչեցրել են ատելության խոսք, բռնության կոչեր՝ կապված նրանց սեռական կողմնորոշման հետ։

Իրավապահ մարմինները հրաժարվել են իրականացնել դեպքի քննություն՝ հիմնավորելով, որ այդ անձինք իրացրել են իրենց խոսքի ազատությունը և որ նրանց արտահայտությունները բավարար չեն քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

Եվրոպական դատարանը գտել է, որ Լիտվայի իշխանությունները չեն կարողացել պաշտպանել նույնասեռական անձանց մասնավոր և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը, քանի որ քննարկման առարկա մեկնաբանությունները եղել են վիրավորական և վնասել են երիտասարդների հոգեբանական բարեկեցությանն ու արժանապատվությանը։ Ավելին, եվրոպական դատարանը գտել է, որ գործին համապատասխան ընթացք չտալը պայամնավորված է եղել տուժողների նույնասեռական լիենլու հանգամանքով, հետևաբար առկա է նաև խտրական վերաբերմունք։

Եվրոպական դատարանը նաև գտել է, որ Լիտվայի կողմից խախտվել է տուժողների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը, քանի որ նրանց հնարավորություն չի տրվել վիճարկել իրենց մասնավոր կյանքի իրավունքի ոտնահարումը։

Հատկանշական է, որ Հայաստանում վերջին շրջանում լայն տարածում ստացած ատելության խոսքը, որը հատկապես առցանց հարթակներում է դրսևորվում, ՀՀ իրավապահ մարմինների կողմից ևս չի արժանանում համապատասխան իրավական գնահատականի։ Խնդիրը նախ և առաջ օրենսդրական բացերն ու թերի կարգավորումներն են, որոնք թույլ են տալիս իրավակիրառ մարմիններին աչքաթող անել անձանց սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով ատլություն և թշնամանք տարածելը, բռնության ու խտրականության կոչերը։

Հիշեցնենք, որ Եվրոպական դատարանի վճիռները համարվում է են ՀՀ ներպետական օրենսդրության մասը և Սահմանադրության համաձայն՝ մարդու իրավունքների վերաբերյալ դրույթները մեկնաբանելիս կիրառվում են նաև դրանք։ Հետևաբար, չնայած նրան, որ վճիռը ուղղակիորեն չի վերաբերում Հայաստանին, այն պետք է կիրառվի նաև Հայաստանի իրավակիրառ մարմինների կողմից՝ խուսափելու համար իրա կողմից մարդու իրավուքնների խախտումներից։

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ ամիսներ առաջ Արդարադատության նախարարության կողմից հանրայնացվեց Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը արդարացնելը կամ քարոզելու քրեականացնելու նախագիծ, որը սակայն դեռևս գտնվում է լրամշակման փուլում։ Հանրային քննարկման է ներկայացվել նաև Քրեկան օրենսգրքի նոր նախագիծը, որով կնախատեսվի է պատասխանատվություն սոցիալական ատելություն և անհանդուրժողականություն սերմանելու համար։

Վճիռը հետևյալ հղումով. https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:[%22001-200344%22]}