լուսանկարը` Նազիկ Արմենակյանի

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» և «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունները մայիսի 21-ին` ժամը 16:15, նախաձեռնել էին «Բազմազանության երթ», որն իրականացվում էր մշակութային բազմազանության համաշխարհային օրվա շրջանակներում` ցույց տալու և արժևորելու մշակութային, ազգային, մարդկային և բուսական բազմազանության առկայությունը մեր երկրում: Նրանք պատրաստել էին ՀՀ-ում ապրող ազգային փոքրամասնությունների, ռասայական, բուսական բազմազանության, բազմակարծության և բազմամշակութայնության մասին պաստառներ:

Երթի վերաբերյալ սոցիալական ցանցերով տարբեր անձանց կողմից տարածվել էր ապատեղեկատվություն, թե իբր միջոցառումն այլ ենթատեքստ ունի` «գեյ շքերթ» է: Այդ կապակցությամբ ծայրահեղական տրամադրված խմբերը, «հայրենասիրության» լույսի ներքո, կազմակերպված կերպով հավաքվել էին Մ. Սարյանի արձանի մոտ` երթի մասնակիցների նկատմամբ բռնություն գործադրելու նպատակով:

Խաղաղ երթին մասնակցում էին տարբեր հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանում ապրող փախստականներ, տարբեր սոցիալական խմբերի ներկայացնող մարդիկ, քաղաքացիական ակտիվիստներ: Ֆաշիստական լոզունգներ, մասնավորապես` «zieg heil» գոռալով, սպառնալիքներով, հայհոյելով, ֆիզիկական բռնության կոչերով ու գործողություններով` ծայրահեղականներն ամեն կերպ խոչընդոտեցին երթի ընթացքը` ահաբեկելով խաղաղ երթի մասնակիցներին: Անգամ ՀՀ Ոստիկանության ներկայությունն արգելք չհանդիսացավ, որ ագրեսիվ տրամադրված, մոլեռանդ ամբոխը շարունակի իր գործողությունները և հարձակումները: Այս իրավիճակում ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչներին դժվարությամբ հաջողվեց ապահովել երթի մասնակիցների անվտանգությունը:

Մենք գտնում ենք, որ տեղի են ունեցել քրեորեն պատժելի արարքներ: Մասնավորապես` ՀՀ Սահմանադրությամբ արգելված խտրականության վրա հիմնված ատելության բացահայտ քարոզչություն, բռնության կոչեր, սպառնալիքներ: ԶԼՄ-ներում և երթի մասնակիցների մոտ առկա են բազմաթիվ վիդեոձայնագրություններ և այլ ապացույցներ: Իրավապահ մարմիններից պահանջում ենք գտնել հարձակման կազմակերպիչներին և մասնակիցներին և նրանց պատասխանատվության ենթարկել:

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ