Skip to content Skip to sidebar Skip to footer

ԼԳԲՏ+ անձանց իրավունքների համար պայքարի ազգային օրը․ այն նշվում է երկրորդ անգամ

Տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն ու կառույցները բազմիցս արձանագրում են, որ ԼԳԲՏ+ անձինք հայաստանյան հասարակությունում ամենախտրականացված խումբն են: Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով ատելությամբ զուգորդված բազմաթիվ հանցագործություններ և այլ իրավախախտումներ են հայտնաբերվում յուրաքանչյուր տարի: Այս մասին Փինքը կատարել է բազմաթիվ հետազոտություններ և ամեն տարի հրապարակում է ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավախախտումների մասին զեկույցը։

Չնայած ոտնձգությունների համատարած բնույթի՝ ԼԳԲՏ+ անձինք հակված չեն դիմելու իրավապահ մարմիններին՝ իրենց խախտված իրավունքները վերականգնելու նպատակով:

Բռնության և խտրականության բազմաթիվ դեպքերից մեկն էր նաև 2018թ.-ի օգոստոսի 3-ին Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում տեղի ունեցած դեպքերը։

Այդ օրը Շուռնուխում 9 երիտասարդներ, այդ թվում՝ ԼԳԲՏ ակտիվիստներ, բռնության են ենթարկվել ավելի քան 20 անձանց կողմից՝ իրենց իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության պատճառով:

Կարևորելով ԼԳԲՏ+ անձանց իրավահավասարության համար արդեն տասնամյակներ ձգվող պայքարը 2020 թ․-ի օգոստոսի 3-ին առաջին անգամ հռչակվեց ԼԳԲՏ+ անձանց իրավունքների համար պայքարի ազգային օր։

Կոչ ենք անում բոլոր ԼԳԲՏ+ անհատներին, նրանց ընկերներին, ծնողներին, համայնքի համախոհներին, ԼԳԲՏ սփյուռքին և ներպետական իրավապաշտպան կազմակերպություններին միանալ այս պայքարին և չնահանջել առաջացող խոչընդոտներից: