NDCDV2010թ. հոկտեմբերի 1-ին ամուսնու կողմից դաժան ծեծի հետևանքով մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի ողբերգական մահը միավորեց ընտանեկան բռնության խնդրով մտահոգ 7 հասարակական կազմակերպությունների, որոնք ստեղծեցին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա: ՓԻՆՔ Արմենիան որպես կոալիցիայի նախաձեռնող անդամ կառույցի գործունեության շրջանակներում ջանում է պաշտպանել կանանց իրավունքները և վերջ տալ Հայաստանում ընտանեկան բռնությանը:

Համաձայն «Ամնեսթի ինթերնեյշնլ» կազմակերպության 2008թ. անցկացված սոցհարցման` Հայաստանում ընտանեկան բռնության զոհ է դառնում կանանց շուրջ 25 տոկոսը: Ըստ ՀՀ ոստիկանության տվյալների՝ 2012 թվականին գրանցվել է ընտանիքում բռնության 766 դեպք, 5 կին մահացել է՝ թողնելով 12 մանկահասակ երեխա: Միայն 2013 թվականին ընտանեկան բռնության հետևանքով մահացել է 3 կին` առանց մայրական խնամքի թողնելով 6 մանկահասակ երեխաների: 2014թ. 8 ամիսների ընթացքում գրանցվել է ընտանեկան բռնության 1501 դեպք, անչափահասների նկատմամբ ընտանեկան բռնության դեպքերը 7-ն են: Եվ սրանք միայն գրանցված դեպքերն են: Մյուսները տառապում են լռության մեջ:

Գենդերի հիման վրա կատարված բռնությունները կամ ատելության հանցագործությունները յուրահատուկ են և դրանց արձագանքող պատիժը կամ պատասխանատվության ենթարկելու մեխանիզմները կարգավորվում են քրեական օրենսգրքի միջոցով, որը բավարար չէ նման հանցագործությունների պատասխանատվության և կանխարգելման համար:

Ընտանեկան բռնությունը միայն կանանց խնդիրը չէ: Այն ազգային խնդիր է, մարդու իրավունքների, հանրային առողջության, ինչպես նաև տնտեսական լուրջ խնդիր է: Մեր հասարակությունում այժմ առկա գենդերային կարծրատիպերը տանում են ընտանեկան բռնության: Վարքագիծը, որ տղամարդն իրավունք ունի վարվել կնոջ հետ ինչպես կամենում է, համարվում է ընդունելի, իսկ կանայք չպետք է բարձրաձայնեն ընտանիքում եղած բռնությունների մասին, ամոթ է, կամ իրենք են մեղավոր, որ ենթարկվել են բռնության: Հայաստանի կառավարությունը ստորագրել է մի շարք միջազգային կոնվենցիաներ, համաձայն որոնց պարտավորվում է պաշտպանել կանանց իրավունքները, ընդունել ընտանեկան բռնության մասին օրենքը: Չընդունելով այդ օրենքը՝ կառավարությունը ցույց է տալիս իր վերաբերմունքը ընտանեկան բռնության նկատմամբ և կարևորություն չի տալիս դրա կանխարգելմանը:

Հայաստանը դեռևս չի վավերացրել Եվրոպայի խորհրդի՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան», որը հայտնի է նաև որպես Ստամբուլի կոնվենցիա: Այն Եվրոպայում կանանց և ընտանեկան բռնության դեմ պայքարի առաջին իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթն է, որը ստորագրման համար բացվել էր 2011 մայիսի 11-ին Ստամբուլում։ Կոնվենցիան ստորագրած երկրները պարտավորվում են կանխել բռնությունը, պաշտպանել զոհերին, դատապարտել հանցագործներին և համակարգված միջոցառումներ իրականացնել համապարփակ քաղաքականության միջոցով։ Կոնվենցիայի ուժը կայանում է նաև նրանում, որ այն ստեղծում է փորձագիտական անկախ մարմին, որը պետք է գնահատի, թե որքանով են երկրներն իրականացնում կոնվենցիայի դրույթները։ Ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրությունը թելադրող գործոն է Ստամբուլի կոնվենցիային միանալու և «Ընտանեկան բռնության մասին» օրենքը ընդունելու համար:

2011թ-ից սկսած յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 1-ին տեղի են ունենում բողոքի ակցիաներ, մոմավառություն և «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի կողմից նամակ է հանձնվում կառավարությանը` պահանջելով ընդունել «Ընտանեկան բռնության մասին» օրենքը: Օրենքի ընդունումը կարող է նպաստել հասարակության մեջ բռնությունը դատապարտող մշակույթի ձևավորմանը, բռնարարների մոտ` անպատիժ մնալու համոզման վերացմանը և բռնությունից տուժածի պաշտպանվածության զգացումի ամրապնդմանը: Ավելին ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենքի բացակայության պայմաններում ոստիկանությունը փոխանակ զբաղվի հանցագործին պատժելով, հաճախ բարոյականության դասեր է տալիս կնոջը:

Հայաստանում օրենքն առկախվեց ՀՀ Արդարադատության նախարարության կողմից: Համարվեց, որ այն հակասում է սեփականության իրավունքին. քանի որ բռնարարին չեն կարող զրկել սեփականությունից՝ նրան տանից դուրս հանելով, ինչպես առաջարկում էր ընտանեկան բռնության մասին օրենքը: Բռնարարը ոչ թե զրկվում է իր սեփականությունից, այլ հեռացվում է որոշակի ժամանակահատվածով՝ որպես պատժամիջոց: Այս դեպքում կինը երեխաների հետ տնից հեռանալու և ապաստարան փնտրելու կարիք չէր ունենա, կկանխարգելվեր բռնության շարունակականությունը, բացի այդ կլուծվեր ապաստարանների խնդիրը:

Հոկտեմբերի 1-ին կոալիցիայի անդամները, համակիրներն ու կամավորները ամբողջ օրը պաստառներով շրջելու են Երևանի համայնքներով` իրազեկելու կանանց, թե ընտանեկան բռնության դեպքում ում կարող են դիմել օգնության համար, կոչ է արվելու պահանջել իշխանություններից ընդունել «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքը: Այդ օրը ժամը 18:00-ից մոմավառություն է լինելու Կարապի լճի շրջակայքում:

Այս գործողությունները ուղղված են նրան, որ Կառավարությունը Հոկտեմբերի 1-ը հռչակի «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր»: Իսկ հոկտեմբերի 2-ին` Կառավարությանը հանձնվելու է պահանջ-նամակը` գործադիր իշխանությանը հորդորելով ՀՀ Ազգային ժողովին ներկայացնել «Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքը»: