IMG_6712Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2012 թ-ի մայիսի 8-ին, 3 երիտասարդներ պայթեցրին DIY ակումբը, որին հաջորդեցին պետական անձանց գնահատականները՝ ուղղված այս հանցագործությունն արդարացնելուն: Այդ կապակցությամբ՝ մայիսի 8-ին, ժամը՝ 12:00-ին Անի Պլազա հյուրանոցի  Դվին սրահում տեղի ունեցավ «Ատելության մշակույթ. մեկ տարի անց» կլոր-սեղան քննարկումը քաղաքացիների նախաձեռնությամբ՝ «Մարդու իրավունքների տուն Երևան» ցանցի աջակցությամբ:

Հանդիպման սկզբում Լալա Ասլիկյանը ներկայացրեց DIY ակումբի պայթեցման դեպքը, դրան նախորդած և հաջորդած դեպքերի ժամանակագրությունը, մասնավորապես. «DIY ակումբը սկսել էր իր գործունեությունը 2011թ. ապրիլ ամսից: 2011թ. հունիս ամսից այն հաճախակի ճնշումների և հարձակումների է ենթարկվել երիտասարդ ֆաշիստական խմբավորումների կողմից: Հարձակումները մշտապես ուղեկցվել են ակումբի գույքը և ակումբում եղած իրերը փչացնելու և ոչնչացնելու` շշեր ջարդելու, ապակիներ կոտրելու, ակումբի տարածքում թքելու և նմանատիպ այլ գործողություններով: 2012 թ-ի մայիսի 8-ին, առավոտյան 5:00-ի սահմաններում 3 երիտասարդներ պայթեցրին DIY ակումբը: Մի քանի օր անց ծայրահեղականները փչացրեցին ակումբի պատերը ֆաշիստական գրաֆիտի պատկերներով: Չնայած երկու երիտասարդ ձերբակալվեցին որպես կասկածյալներ, սակայն խափանման միջոց գրավի դիմաց նրանք ազատ արձակվեցին»:

Իրավաբան Լուսինե Ղազարյանը ներկայացրեց դեպքի իրավական գործընթացը՝ շեշտը դնելով ՀՀ-ում ատելության հիմքով կատարվող հանցագործությունների վրա և որակելով DIY ակումբի պայթեցումը որպես ատելության հիմքով կատարված  հանցագործություն, քանի որ արարքն ուղղված է եղել ոչ միայն ոչնչացնելու անձի գույքը, այլև նպատակ է ունեցել ահաբեկելու ակումբի տնօրենին և նրան աջակցող անձանց անվտանգությանը: Դեպքի առնչությամբ քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասով՝ այն է ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելը կամ ոչնչացնելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել, ինչն ամբողջովին չի որակում արարքը, քանի որ այն կատարվել է ատելության հիմքով: Այնուհետ հավելեց, որ այս գործը մեծ ռազմավարական մեծ նշանակություն ունի, քանի որ կարող է զգալի դրական փոփոխություններ ունենալ ներպետական օրենսդրությունում:

Իսկ Մամիկոն Հովսեփյանը շեշտադրեց ինստիտուցիոնալ հոմոֆոբիան և հատկապես այն, թե ինչպես է ամեն տարի քաղաքական ընտրություններից հետո և առաջ հասարակության ուշադրությունը սևեռվում ԼԳԲՏ անձանց և կոնկրետ թիրախների վրա: «Կոնկրետ նախորդ խորհրդարական ընտրությունների թիրախում Ծոմակն էր»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ նշեց, որ «Պետության մոնոպոլ կառուցվածքը պարարտ հող է ստեղծում խտրականության դրսևորումների ի հայտ գալու համար: Ընդ որում խտրականության ենթարկվում են թե՛ կրոնական կազմակերպությունները, թե՛ ԼԳԲՏ անձիք, թե՛ ազգային փոքրամասնություները և այլազգի քաղաքացիները, թե՛ կանայք, թե՛ առհասարակ այն մարդիկ, ովքեր այս կամ այն կերպ տարբերվում են իշխող մեծամասնությունից: Այս ամենի լուծումը սակայն մեկն է. ՀՀ Սահմանադրության հոդված 1-ն է՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»:

Կլոր-սեղանի մասնակից Epress.am կայքի խմբագիր Յուրա Մանվելյանը իր խոսքում նշեց. «Հայաստանում լրատվական միջոցները ստեղծել են, այսպես ասած, ազգային թշնամու կերպար, որն է թուրքամետ, Եհովայի վկա, նույնասեռական, ֆեմինիստ ակտիվիստը: Իշխանությունն ունի միայն տնտեսական շահեր: Այստեղ ոչ թե փոքրամասնության հարցն է, այլ մշակութային կողմնորոշման հարցը, որն իրապես ազդում է տնտեսության վրա: Տնտեսական ցանկացած սպառնալիք այլ ձևով է արտահայտվում պետության և լրագրության վրա: Լրագրողն իրականում միակողմանի կապ է խմբագրի և ձայնագրիչի միջև: Իսկ փոքրամասնական հարցերում ձայնագրիչը սկսում է ստեղծագործել: Հետաքրքիր է դիտարկել լրագրողների կեցվածքն ու վարքը մասնավորապես քաղաքական գործիչների և իրավապաշտպանների մամլուլի ասուլիսների ժամանակ»: