Skip to content Skip to sidebar Skip to footer

ՄԻՊ-ը կրկին խուսափում է պատշաճ գնահատական տալ ԼԳԲՏ անձանց իրավունքների խախտումներին

Ամեն տարի Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակում է տարեկան հաղորդում՝ նախորդ տարվա իր գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Տարեկան հաղորդումները պարունակում են ինչպես առանձին ոլորտներում առկա խնդիրների մասին վերլուծություններ, այնպես էլ դրանց լուծմանն ուղղված կոնկրետ առաջարկներ:

Արման Թաթոյանի պաշտոնավարման վերջնահատվածում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է 2021թ․ տարեկան հաղորդումը, որն ամփոփում է վերջինիս գործունեությունը նախորդ տարվա ընթացքում և ՀՀ-ում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակը: Հաղորդման մեջ անդրադարձ է արվել իրավունքի տարբեր ոլորտներում արձանագրված խնդիրներին և բացերին:

Չնայած նրան, որ հաղորդման մեջ ծավալուն ձևով վերլուծված են հասարակական կյանքի բազմաթիվ բնագավառները, ԼԳԲՏ անձանց իրավունքների վիճակի վերաբերյալ հատվածը չափազանց հակիրճ է, վերլուծությունը գրեթե բացակայում է, իսկ գնահատականը շատ ընդհանրական է:

Հաղորդման մեջ ներառված է միայն սեռական կողմնորոշման հիմքով խտրականության վերաբերյալ որոշակի տեղեկատվություն, սակայն անդրադարձը կրկին բավարար չափով համընդգրկուն չէ․ մեկ պարբերությամբ նկարագրված է ընդամենը երկու դեպք՝ առանց մանրամասների և գնահատականների։ Նման մոտեցումը, բնականաբար, ցույց չի տալիս ՀՀ-ում սեռական կողմնորոշման հիմքով խտրականության ամբողջական պատկերը։ Բացի այդ՝ հաղորդման մեջ գենդերային ինքնության հիմքով խտրականությունը կրկին ներառված չէ, և այդ հիմքով խտրականության օրենսդրական կարգավորման բացերի հետևանքներին գնահատական չի տրվել։

Այնուամենայնիվ, ՄԻՊ-ի հաղորդման մեջ մանրամասնորեն վերլուծված են ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, մասնավորապես՝ իրավունքների և ազատությունների պաշտպանության, խտրականության կանխարգելման ներպետական օրենսդրությամբ ամրագրված կարգավորումները՝ փաստելով այն, որ անձի սեռական կողմնորոշմամբ պայմանավորված ատելության հիմքով կատարված հանցագործությունները չեն ազդում հանցագործության որակման և պատժի չափի որոշման վրա: ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածով արարքն ատելության հիմքով կատարված լինելու շարժառիթ է նախատեսված միայն ազգային, ռասայական կամ կրոնական ատելությունը, իսկ անձի սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը չի համարվում որպես ատելության հիմքով կատարված հանցագործության որակյալ հատկանիշ: Մինչդեռ, ինչպես վկայում է հենց տվյալ հաղորդումը՝ «խտրականությունն անձի սեռական կողմնորոշման հիմքով նույնքան խնդրահարույց է, որքան սեռի, ռասայի, մաշկի գույնի հիմքով խտրականությունը»:

Լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս անձինք խտրական վերաբերմունքի են արժանանում հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, սակայն այս հաղորդման մեջ ԼԳԲՏ անձանց իրավունքների վիճակի վերաբերյալ նկարագրությունը սահմանափակվում է մոտ երկու էջով և զետեղված է «Իրավունքներին առնչվող այլ օրենսդրական և գործնական խնդիրներ» բաժնում։ Այն ներկայացված է պատվաստումների գործընթացի կազմակերպման օրենսդրական և գործնական խնդիրների, արտաքին լուսավորությամբ ապահովելու անհրաժեշտության, աղմուկի հետևանքով համակեցության կանոնների խախտման, թափառող շների վնասազերծման խնդրի, հանրային ուղևորատար տրանսպորտի գերծանրաբեռնվածության, սպասարկման որակի և այլ խնդիրների հետ, որոնք մարդու իրավունքների տեսանկյունից առաջնային կարևորություն չունեն։

Կարևոր է արձանագրել, որ այս մոտեցումը չի կարող պայմանավորված լինել ոչ իրավախախտումների դեպքերի և ոչ էլ դրանց վերաբերյալ տեղեկատվության բացակայությամբ, քանի որ, բազմաթիվ թե՛ ներպետական, թե՛ միջազգային կազմակերպություններ ամեն տարի նման խախտումներ են արձանագրում՝ պարբերաբար զեկույցներ հրապարակելով։ Ավելին, հաշվի առնելով նախորդ տարիների փորձը՝ Փինքը առանձին գրությամբ դիմել է պարոն Թաթոյանին՝ ամփոփ տեղեկություն տրամադրելով 2021թ. ընթացքում ԼԳԲՏ անձանց նկատմամբ արձանագրված իրավախախտումների վերաբերյալ և վերջինիս խնդրելով դրանք ներառել տարեկան հաշվետվության մեջ։ Այնուամենայնիվ, կազմակերպության կողմից տրամադրված 35 իրավախախտումներից և ոչ մեկին անդրադարձ չի արվել, չի ներառվել նաև դեպքերի իրավական ընթացքի վերլուծությունը, որտեղ ամփոփ ներկայացված է, թե 2021թ․ ընթացքում իրավախախտումների հետևանքով որ իրավունքներն են ոտնահարվել, թե ինչպիսին է եղել իրավապահ մարմինների արձագանքը և թե ինչ ընթացք են ստացել տուժողների դիմումներն ու հաղորդումները։ Ավելին, ընդհանրապես անտեսվել է ԼԳԲՏ մարդկանց իրավունքների խախտումները ՄԻՊ-ի տարեկան հաղորդման առանձին բաժնում զետեղելու Փինքի առաջարկը՝ կարծես թե հաստատելով այն, թե իբր նշված իրավախախտումները կարևոր չեն։

Պետք է նշել, որ ՄԻՊ-ը իր զեկույցում կարևորում է խտրականության մասին բարձրաձայնելը և դրան համարժեք արձագանքելը՝ նշելով, որ դա ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականության կանխարգելման կարևոր քայլերից է։ Մինչդեռ հենց ինքը՝ Թաթոյանը, խուսափում է այս հարցերը ամբողջությամբ ներկայացնելուց։ Նման գործելաոճով ՀՀ ՄԻՊ-ը ակամայից դառնում է խտրականության ջատագովը և իր լռությամբ պարարտ հող է ստեղծում խտրականության արտահայտման և անպատժելիության ձևավորման մթնոլորտի համար:

Լիահույս ենք, որ 2022թ.-ին պաշտոնավարման անցած նոր ՄԻՊ-ը իր գործունեության ընթացքում համարժեք արձագանք կտա լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս անձանց իրավունքների խախտումներին՝ իր ստանձնած առաքելության շրջանակում: