Հայաստանը պետք է գործի ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականությունը կանխելու համար

26-01-2024

Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հրապարակել է նոր հայտարարություն Հայաստանում խտրականության դեմ պայքարի օրինագծի վերաբերյալ։ Հայտարարությունը նախաձեռնել է բելգիական Կանաչ Գենտ կուսակցության առաջնորդ Ֆուրատ Բեն Չիքան, որին միացել են ևս 19 խորհրդարանականներ։

Հայտարարությունում ասվում է․

«Հայաստանի կառավարությունը մշակում է «Իրավահասարության ապահովման մասին» օրենքի նախագիծ, որը նշանակալի հնարավորություն է տալիս օրենքում հստակորեն ամրագրել սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության ու արտահայտման, սեռային հատկանիշների վրա հիմնված հստակ պաշտպանությունները: Հայաստանի վերաբերյալ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի վերջին զեկույցում նշվում է, որ Հայաստանում գերակշռում է ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ անհանդուրժողականությունը։ Գիտակցելով օրենքի առանցքային դերը Հայաստանում պաշտպանության հիմքերի և շրջանակների սահմանման գործում՝ Արդարադատության նախարարության նախնական նախագծում ԼԳԲՏԻ անձանց բացահայտ պաշտպանության բացակայությունը լուրջ բաց թողնված հնարավորություն կլինի:

Դիմում ենք ՀՀ կառավարությանն ու Խորհրդարանին՝ վերջնական օրենքում ապահովել ԼԳԲՏԻ անձանց մարդու իրավունքների պաշտպանությունը։ Ընդգծելով հավասարության, մարդկային արժանապատվության պաշտպանությունն ու խտրականությունից զերծ լինելու կարևորությունը՝ մենք ներկայացնում ենք հետևյալ առաջարկությունները.

  • օրենքի 4-րդ հոդվածում հստակ ներառել սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության և/կամ արտահայտման ու սեռական հատկանիշները՝ որպես պաշտպանվող հիմքեր,
  • 8-րդ հոդվածում ներառել դրույթ, որը թույլ կտա իրավապաշտպան կազմակերպություններին հայցեր ներկայացնել հանրային շահի պաշտպանության գործերով,
  • ստեղծել Խորհրդարանի կողմից լիազորված անկախ իրավահավասարության մարմին, որը կվերահսկի և կարձագանքի խտրականության դեպքերը»։