* Այս նյութը պատրաստվել է հեղինակի թույլտվությամբ։ Աղբյուրն՝ այստեղ:

Հեղինակ՝ Միլանա Լևիցկայա, Մեյքաութի համար
Կոլաժները Միլա Վեդռովայի

Այսպիսի բարդ իրավիճակում կարևոր է հիշել ինչպես մեզ միավորողի մասին, այնպես էլ մեր կենսափորձի տարբերության մասին։
Այս տեքստը այն մասին է, թե ինչու է խոցելի խմբերի աջակցությունը համայնքի ներսում ոչ պակաս կարևոր, քան շփումների նվազեցումը ու ձեռքեր լվանալը։ (Բայց վերջինը նույնպես շատ կարևոր է։ Խնդրում ենք, լվացեք ձեռքերը և քչացրեք շփումները, եթե ունեք այդ հնարավորությունը):

Մարտի 11-ին ԱՀԿ-ն (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) հայտարարեց պանդեմիա, և նորություններում միանգամից շատացան մտատանջող նյութերը։ Մռայլ վերնագրեր մեդիայում, նևրոտիկ կատակներ աշխատանքային և ուսումնական նամակագրություններում, խանութների դատարկ դարակների նկարներ համացանցում․․․ Ավելացնենք սրան մեր արդեն իսկ գոյություն ունեցող սթրեսները ու բարև՜, իմ տագնապ։

Ընդհանուր առմամբ տագնապային [իրա]վիճակների տոկոսը ԼԳԲՏ+ անձանց մոտ ավելի բարձր է, քան ցիս-հետերո մարդկանց մոտ։ Դա բացատրվում է նրանով, որ մենք ապրում ենք սթրեսի պարբերաբար բարձր մակարդակով՝ խտրականության ֆոնի առկայության պատճառով։ Իսկ պանդեմիայի իրավիճակը կրկնակի նյարդայնացնող է։ Մենք անհանգստանում ենք մեզ և մեր հարազատների համար, հարմարվում ենք (կամ ոչ) կյանքի, աշխատանքի և ուսման անկանխատեսելի պայմաններին, ու այս ամենին գումարած մեզ մոտ արդեն առկա է սթրեսը (այսպես կոչված «սոցիալական փոքրամասնությունների սթրես»):

Այսպիսի շարունակական [իրա]վիճակը անխուսափելիորեն անդրադառնում է մեր հուզական վիճակի և դիմադրողականության վրա։ Ծանր ապրումները կարող են խոչընդոտել մեզ պահպանել նույնիսկ հիգիենայի տարրական կանոնները: Ինչու՞ լվացվել, եթե մենք բոլորս մի օր մեռնելու ենք։

Ամբողջ մեդիա-բովանդակությունը իրենից ներկայացնում է բավականին միատեսակ խորհուրդների հավաքածու, որոնք կարծես գրվել են ուրիշ կյանքով ապրող մարդկանց համար։ Բայց իրականում սկսում են տանջել այն հարցերը, որոնք կտային ԼԳԲՏ համայնքի մեր ծանոթների մեծ մասը․

  • Ի՞նչ անեմ, եթե ի վերջո հիվանդանամ (կամ արդեն հիվանդ եմ), ու ինձ կամ զուգեընկերոջս մոտ կան հավելյալ ռիսկեր, օրինակ՝ ՄԻԱՎ ունենք:
  • Ի՞նչ անեմ, եթե ֆիզիկապես չկարողանամ ինքնամեկուսացվել։ Իմ ֆինանսական կախվածությունը ու վարձակալած բնակարանը նշանակու՞մ են արդյոք, որ ես անպատասխանատու եմ։
  • Ի՞նչ անեմ, եթե վախենում եմ առնչվել առողջապահական համակարգի հետ՝ իր տրանսֆոբ լինելու պատճառով։ Ո՞ր սենյակում ինձ կպառկեցնեն, եթե ես տրանս* կին եմ և բժշկական օգնության կարիք ունեմ։
  • Ի՞նչ անեմ, եթե ողջ կյանքում զգում եմ սոցիալական օտարացումը, իսկ ինքնամեկուսացման մեջ իմ տագնապային, դեպրեսիվ, ցանկացած այլ վիճակ միայն խորանում է։

Մենք չունենք այս հարցերին միանշանակ պատասխաններ, ինչպես և չունենք կախարդական խորհուրդներ, թե ինչպես թուլացնել տագնապն ու անհանգստությունը ու «հաճելի ժամանակ անցկացնել կարանտինում», քանի որ բոլորիս համար այս շրջանը դժվարին է լինելու յուրովի։ Բայց մտաբերեցինք հինգ՝ առաջին հայացքից ոչ ակնհայտ, ինքնամեկուսացման կողմեր, որոնց հետ բախվում են խոցելի խմբերի անձինք և որոնք օգտակար է գիտակցել բոլորիս՝ մեզ և շրջապատող մարդկանց արդյունավետ աջակցելու համար։

 

1․ Ինքնամեկուսացումը ուժեղ սթրես է

Լուրերում պարբերաբար տեսնում ենք հիվանդության տարածման շրջանում տանը մնալու կոչեր՝ նվազեցնել սոցիալական շփումները, չհաճախել միջոցառումների, մարդկանց միջև պահել երկմետրանոց հեռավորություն․․․ Շատերի մոտ աշխատանքային հանդիպումները «քոչել են» Skype, մթերային խանութները խրախուսում են օգտվել առաքման ծառայություններից և այլն։

Ինտրովերտ մարդկանց, ինչպես նաև այլ նյարդային առանձնահատկություններ ունեցողներին, այդպիսի կանխարգելման միջոցները կօգնեն նվազեցնել ընդհանուր տագնապային ֆոնը։ Միգուցե և Ձեր շատ ծանոթների մոտ նկատած լինեք գրառումներ (կամ նրանք Ձեզ պատմած լինեն), որտեղ ասում են, որ իրենց կենսակերպը ուղղակի թույլ չի տա նկատել կարանտինը, նույնիսկ եթե ինքնամեկուսացումը տևի մեկ տարի։

Այնուամենայնիվ, ինքնամեկուսացումը որոշ ԼԳԲՏ անձանց համար դժվար է։ Երբ խտրականության մակարդակը հասարակությունում բարձր է, խոցելի խմբերի ներկայացուցիչները այսպես թե այնպես հաճախ զրկված են սոցիալական լայն կապերից։ Մեզնից շատերի համար ինքնամեկուսացումն ու մարդկանցից հեռու լինելը հետապոկալիպտիկ երևակայություն չէ, այլ առօրյա և տհաճ փորձառություն, որը մենք չենք ընտրում, և որը, ի տարբերություն կարանտինի, չի վերջանում 14 օր հետո։ Պարզ ասած միայնությունը բավականին տարածված է ԼԳԲՏ անձանց մոտ։

Շատերի համար թեմատիկ գործողությունները (փարթիները, ԼԳԲՏ թեմատիկայով միջոցառումները կամ սոց․ ցանցերի միջոցով ծանոթությունից հետո ժամադրությունները) իրենց ինքնությունը չթաքցնելով՝ տնից դուրս գալու միակ հնարավորություններն են՝ հագնվել ինքնազգացողությանը համապաստասխան, ներկայանալ իրական, այլ ոչ թե ակնկալվող կամ հարմար՝ ազգականների ու գործընկերների համար հարմար անունով, շպարով կամ առանց։

Ինքնամեկուսացումը դառնում է լրացուցիչ մարտահրավեր դեպրեսիայի դեմ պայքարողների համար։ Դեպրեսիայի մեջ գտնվող մարդը հաճախ դժվարություններ է ունենում ապրելաձևի պահպանման հարցում, օրինակ՝ ոչ պարբերաբար սնվելով, օրերով լոգանք չընդունելով կամ գիշերները չքնելով։ Իսկ այս ամենը լրացուցիչ ռիսկ է համաճարակի ժամանակ, չէ՞ որ պարբերական հիգիենիկ պրոցեդուրաները իմունիտետի կայունության համար կարևոր են։

Պետք չէ մոռանալ նաև այն բանի մասին, որ հասարակական ակնկալիքների ու գաղտնի կյանք վարելու պատճառով ԼԳԲՏ անձանց մեծ մասը հնարավորություն չի ունենում մնալ երկարատև հարաբերությունների մեջ, ու մնում է միայնակ։ Մենության մեջ ապրելը արդիական է հատկապես բարձր տարիքի ԼԳԲՏ անձանց համար՝ տարիներով ապրելով [քրեական] հետապնդման ճնշման տակ. հոմոֆոբիան ընդհանրապես չի նպաստում երկարատև հարաբերությունների կայացմանը։

Հիվանդանոցային կարանտինի և հարկադրված ինքնամեկուսացման իրավիճակը կարող է տագնապային և վախենալու լինել միայնակ մարդկանց համար՝ խնամքը կիսել չկարողանալու պատճառով։ Արդյոք կկարողանա՞մ ինքս գնալ դեղատուն կամ խանութ, եթե հիվանդանամ։ Եթե իմ ինքնազգացողությունը հանկարծ վատանա, կկարողանա՞մ ինքս բժիշկ կանչել։ Ո՞վ հոգ կտանի իմ ընտանի կենդանիների մասին, եթե ինձ պետք լինի դիմել բժշկական հաստատություն։ Արդյոք կարո՞ղ եմ խնդրել ընկերներիս օնլայն հարթակներից տեղեկանալ իմ որպիսիության մասին կամ օգնել ինձ գնումների հարցում։ Արդյոք կարո՞ղ եմ տալ նրանց իմ տան հասցեն, եթե անհետանամ երկար ժամանակով։

Բոլոր այս խնդիրները չեն չեղարկում/արժեզրկում ինքնամեկուսացման կարևորությունը, բայց պարզ ցույց են տալիս, թե ինչպես համայնքի ներսում կապերն ու փոխօգնությունը ինքնամեկուսացումը կարող են դարձնել նվազ վտանգավոր ու ցավագին ռիսկի լրացուցիչ գործոններ ունեցող անձանց համար, որպիսիք են տարեց, միայնակ կամ քրոնիկ և/կամ հոգեբանական խնդիրներ ունեցող անձինք։

Ոչ պակաս կարևոր է դառնում սեփական ապրումների ընդունումը՝ հարկադրված [ինքնա]մեկուսացման պարագայում։ Հնարավոր է, Ձեզ վախենալու է մնալ ինքներդ Ձեզ հետ, Դուք կարող եք տխրել առանց սովորական դարձած շփման կամ մարմնական կապի, դարդ անել ու վշտանալ սովորական կյանքի կորստից։
Դուք նույնպես կարող եք տագնապել, անհանգստանալ, ջղայնանալ և զգալ Ձեզ անօգնական, անզոր, երբ հետևում եք ընկերների ու ծանոթների մասսայական ինքնամեկուսացմանը սոցցանցերի միջոցով, մինչդեռ՝ Դուք օբյեկտիվ պատճառներով չեք կարող մնալ տանը կամ արդեն հիվանդ եք։

Հիշեք՝ այդպես զգալը նորմալ է, և դուք չեք դառնում վատը, թույլը, եթե ինքնամեկուսացումից ձեզ տխուր եք զգում կամ սկսում եք վախենալ։ Կարելի է լինել միաժամանակ և՛ պատասխանատու, և՛ ցավ ապրել սովորական կյանքից կտրվելուց կամ բաց թողած հնարավորություններից։

 

2․ Ինքնամեկուսացումը տնտեսական արտոնություն է

Չնայած ինքնամեկուսացման կարևորությանը, «տանը մնալ մեկ ամիս» կոչերը ունեն «մեդալի հակառակ կողմը»։ Օրինակ՝ ինքնամեկուսացման կոչերը երբեմն հնչում են իբրև մեղադրանք, իսկ այն մարդկանց, որոնք շարունակել են գնալ աշխատանքի և օգտվել հասարակական տրանսպորտից, կարող են անվանել անպատասխանատու և էգոիստ։

Կարևոր է հասկանալ, որ կարանտինը ոչ միայն «սոցիալապես պատասխանատու դիրքորոշում է», այլև ապահով տարածքում երկարատև մնալու հնարավորություն։ Իսկ այդ հնարավորությունը դեռևս ոչ բոլորն ունեն։

Շատերս նորություններում նկատած կլինենք ֆլեշմոբ՝ մարդիկ կիսվում են տնային կարանտինի պայմաններում իրենց կողմից կահավորած աշխատանքային տարածքներով։ Գրասենյակային աշխատողների մեծ մասին սա օգնել է աշխատանքային ռեժիմի փոփոխությունից առաջացած տագնապը նվազեցնել։ Դա հիանալի է։ Բայց դեռևս ոչ բոլորի մոտ աշխատատեղը կարող է տեղափոխվել ծածկոցի կամ կողքի սեղանի լամպի տակ։

ԼԳԲՏ անձանց տարածված խնդիրներից մեկը աշխատանքային խտրականությունն է, հատկապես տրանս-համայնքի մոտ՝ անձնագրային տվյալների և արտաքին տեսքի անհամապատասխանություն, փաստաթղթերի բացակայություն, աութինգի հիմքով շորթման հնարավորություն։ Այս ամենը ազդում է սոցիալական երաշխիքներով կայուն աշխատանք գտնելու հեռանկարների վրա։ Դրա պատճառով տրանս*անձանց մեծամասնությունը ստիպված են գոյատևել կողքից եկամուտներով և ոչ օրինական աշխատանքներով, հաճախ տուժում են շահագործումներից կամ ներքաշվում են սեքս-աշխատանքի մեջ։ Նշված բոլոր պայմանները չեն ենթադրում (նախատեսում) աշխատանքային վարձատրության պահպանում, «վարկային արձակուրդներ» և հանգստի մթնոլորտում պատուհանագոգին աշխատանքային եռուզեռի նկար։

Մինչ որևէ մեկին անպատասխանատվության ու անտարբերության մեջ նախատելը՝ լինելով տանը կարանտինի մեջ, արժե մտածել՝ մի՞թե խնդիրը նրանց մեջ է, թե համակարգի, որը մեզ շանսեր չի թողնում հոգ տանել իրար մասին՝ մի մասին քշելով ինստագրամ-գետտոներ, իսկ մյուսներին՝ հերթական ոչ պաշտոնապես եկամտաբեր ինչ-որ բանի՝ առանց աշխատանքի հատուցման երաշխիքի։

Տանը «կարանտին անելու» հնարավորությունը նաև նշանակում է՝ մարդը ունի ապահով և մշտական տարածք, որին կարող է վերադառնալ։ Այդ հնարավորությունից զրկված են շատ երիտասարդ ԼԳԲՏ անձինք, որոնք ստիպված են եղել ընդհատել ծնողների հետ կապերը ազնվանալուց («քամինգ աութից») հետո։ Նրանց, որոնք կախված են վարձակալած տան համար վարձավճարից, կարող է ցինիկ թվալ սննդի ու «սև օրվա համար» փողի պաշարներով եռամսյա կարանտինը։ Պաշարներ, ինչպես նաև վաղը քնելու տեղը ունենալու վստահությունը, շատ կարևոր տնտեսական արտոնություն է, որը մենք հաճախ արժեզրկում ենք ու որից զրկված են ԼԳԲՏ և քվիր անձանց մեծ մասը։

Մենք չենք հորդորում ձեզ չհրապարակել ձեր աշխատատեղի նկարը, եթե դուք տանից եք աշխատում, բայց ուզում ենք առաջարկել բոլորիս մեր դատողություններում՝ «ինչու մարդիկ ուղղակի չեն կարող նստել տանը», լինել ավելի հոգատար։ Ինչպես նաև խուսափել հիմարության ու անպատասխանտվության մեջ մեղադրել նրանց, ովքեր ստիպված են աշխատել ավելի քիչ արտոնյալ դիրքերում։

 

3․ Ում հետ ինքնամեկուսացվել, մեզնից շատերը չեն ընտրում

ԼԳԲՏ շատ անձանց համար կարանտինը նշանակեց իրենց սիրելիների հետ անորոշ, անհայտ ժամանակով բաժանում։ Ինքնամեկուսացումը մտերիմի հետ կապի ու շփման կորուստ է ԼԳԲՏ փակ անձանց, և նաև նրանց համար, որոնք հարաբերությունների մեջ են հեռավորության վրա։

Շրջապատողներին քաջալերելով՝ «կարանտինը դարձավ հիանալի հնարավորություն ընտանիքի հետ ավել ժամանակ անցկացնելու համար» ասելուց առաջ լավ է հիշել մեր փորձառությունների տարբերության մասին, և չներկայացնել մերը որպես ունիվերսալ հեքիաթ։

Սոցիալական մեկուսացումը մեծացնում է ազգականների և զուգընկերների կողմից ընտատեկան բռնության ռիսկը։ ԼԳԲՏ անձանց մեծամասնությունը, մասնավորապես դեռահասները, կհայտնվեն տներում փակված իրենց կենսաբանական ընտանիքների հետ, որը կարող է հրահրել հոմոֆոբ արտահայտությունների ալիք, բերել բուլլինգի և նույնիսկ ֆիզիկական ագրեսիայի։

Հիշե՛ք՝ ֆիզիկական կամ սեռական բռնության ժամանակ Ձեր գլխավոր պարտականությունն է օգնել ինքներդ Ձեզ ու հնարավորության դեպքում հեռանալ բռնարարից։ Մի՛ վախեցեք դիմել օգնության։

 

4․ Բժշկական օգնությունն ու հիգիենան եւս արտոնություններ են

Հենց այս պահին էլ մեծ քանակությամբ բուժաշխատողներ ներդնում են իրենց ամբողջ ուժերը պացիենտերին բժշկական օգնությունը պրոֆեսիոնալ և ճիշտ ժամանակին ցուցաբերելու մեջ։ Բայց արդարացի կլինի ասել, որ նույնիսկ մարդասիրական մասնագիտություններում մենք չենք կարող բացառել մարդկային գործոնը։ Ցավոք, բուժհաստատություններում խտրականության և իր ոչ ակնհայտ ակնկալիքների՝ հասարակական կարծրատիպերի, համակարգային հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի պատճառով ունենք հետևյալը՝ ԼԳԲՏ անձանց մեծ մասը ուղղակի չի դիմում հիվանդանոցներ և պոլիկլինիկաներ, նույնիսկ եթե իրավիճակը իրենց կյանքի համար սպառնացող վտանգ է պարունակում։

Այս կետը հատկապես տագնապային է, եթե հաշվի առնենք, որ խտրականությունը ուղիղ կապ ունի սոցիալական խմբի առողջական վիճակի մակարդակի հետ։

Խոցելի խմբերի ներկայացուցիչները կամ այլ կերպ ասած այն մարդիկ, որոնց մասին հասարակության մեջ կան կայուն բացասական կարծրատիպեր, ովքեր հաճախ և ավելի հավանական խտրականացվում են, ունեն սրտանոթային հիվանդությունների զարգացման բարձր ռիսկայնություն։ Այդ խմբերի մարդիկ ունեն մեկ կամ ավելի առողջությանը վնասակար սովորություններ։ Նույն համակարգային խտրականության պատճառով խտրականացվող խմբերի շատ ներկայացուցիչներ տնտեսապես խոցելի են՝ հետևաբար չեն կարող իրենք իրենց թույլ տալ որակյալ պրոֆիլակտիկա, ճիշտ ժամանակին բուժում և առողջ սննդակարգ: ԼԳԲՏ համայնքում վերջինս արդիական է հատկապես տրանսգենդեր կանանց պարագայում։ Աշխատաշուկայում առնչվելով անդադար մերժումներին և գործատուների կանխակալ վերաբերմունքին՝ տրանսգենդեր կանայք միևնույն ժամանակ ստիպված են պարբերաբար առանձնացնել ֆինանսներ փոխարինող հորմոնալ թերապիայի համար։ Ֆինանսական թակարդի մեջ ընկնող տրանս*անձինք հաճախ կանգնում են ընտրության առջև՝ դեղամիջոց, թե սնունդ:

Արտաքին տեսքի և անձնագրային տվյալների անհամապատասխանությունը բուժհաստատություններ դիմելիս քվիր և տրանս*անձանց մեծամասնության համար առանձին խնդիր է դառնում։

Դուք նույնպես կարող եք առաջարկել Ձեր ծանոթ տրանս*անձանց Ձեր օգնությունը խանութի, դեղատան կամ պոլիկլինիկա հաճախելու՝ այս օրերին ոչ այնքան հեշտ գործում։

 

5․ Մեկուսացումը բերում է օտարացման

Դուք երևի նկատել եք, որ վարակակիր հիվանդությունները շատ մարդիկ քննարկում են տհաճությամբ ու զզվանքով։ Հասարակական վայրերը ընկալվում են որպես «վարակի բուծարաններ», իսկ վարակված մարդիկ՝ թշնամիներ, ովքեր վտանգում են առողջ քաղաքացիների բարեկեցիկ կյանքը։

Այսպես մեր գիտակցության մեջ կարող է ձևավորվել խարան, իսկ վարակվածի կերպարը «անմարդկայնացվում է»։ Բավական է նայել, թե ինչ տրամադրվածությամբ են հանրային դեմքերը խոսում օդանավակայանում ստուգում չանցած կամ մասնավոր բուժկենտրոն դիմած մարդու մասին։

Բանը նրանում է, որ մարդկային գիտակցության մեջ հիվանդությունը նեղ կապված է իշխանության և [վերա]հսկողության հետ։ Բաժանումը առողջների ու հիվանդների, «ճիշտ» (ապահով) և «սխալ» (վտանգավոր, վարակիչ) մարմինների սոցիալական անհավասարության ամրապնդման բանալին է՝ հիմնվելով մեր՝ ապահովության ու [վերա]հսկողության մասին երևակայությունների վրա։ Իշխանության մասին հայտնի հետազոտող Միշել Ֆուկոն իր «Հսկել և պատժել» աշխատությունում կարանտինը բնութագրում է որպես սոցիալական [վերա]հսկողության ձև․ «Պարփակված տարածություն, որտեղ ամեն շարժ [վերա]հսկվում է, ամեն ինչ գրանցվում է, ամեն անհատ լոկալիզացված է ու դասվում է ողջերի, հիվանդների կամ մեռածների»:

Կարելի է այս ամենի մասին խորհել ժողովրդավարության ու տոտալիտարիզմի կատեգորիաներում։ Հիմա մեդիաներում տարածվել են նման քննարկումները, որ Չինաստանի տոտալիտար հասարակական մոդելը իբր ավելի արդյունավետ է պայքար մղում պանդեմիայի հետ, քան եվրոպական լիբերալ-դեմոկրատը։ Բայց քննարկման այս մակարդակը ես առաջարկում եմ թողնել քաղաքական վերլուծաբաններին։ Ավելի շատ հետաքրքրում է կիրառական և առօրյա հարց․ աշխարհում, որտեղ ֆիլմերի ու գրքերի կուլտային սյուժե է դարձել զոմբի-ապոկալիպսիսը, ինչպե՞ս ինքներս չվերածվենք զուգարանի թղթի համար կռիվ անող «ողջացող-գոյատևողների:

Եթե հետևել կորոնավիրուսի մասին հոդվածների տակ ծավալվող մեկնաբանություններին, կարելի է նկատել մեկ օրինաչափություն՝ ինչքան ուժեղ է խուճապը, այնքան մարդիկ ավելի են անմարդկայնացնում իրենց շրջապատող մարդկանց՝ խնամքի քողի տակ։

Ինքնամեկուսացման կոչերի ժամանակ կարևոր է չմոռանալ համայնքի զորության և համերաշխության մասին։ Ներքևում կթողնենք խորհուրդների երկու ցուցակ։

 

ՑՈՒՑԱԿ ԱՌԱՋԻՆ

Առաջին ցուցակը նախատեսված է նրանց համար, ովքեր զգում են բարձր տագնապ, լարվածություն, ուժերի անկում կամ ապատիա (անտարբերություն, ակտիվության խիստ նվազում)։ Հավանաբար, այն կօգնի Ձեզ, եթե դուք հիմա հիվանդ եք, եթե Ձեզ մոտ սթրեսից սրվել են որոշ ռեակցիաներ, և եթե դուք պատկանում եք վիրուսին առավել ընկալունակ խմբի։
Եթե Դուք հիմա անհանգստանում եք ավելի, քան սովորաբար ապա,

Փորձեք կուրորեն չվստահել այն ամբողջ ինֆորմացիային, որը ձեզ վախեցնում է կամ անհանգստացնում։ Եթե Դուք ունեք ռիսկի, պրոֆիլակտիկայի կամ հիվանդ մարդու խնամքին վերաբերող կոնկրետ հարցեր, ապա փորձեք ընտրել վստահելի աղբյուրներ։ Դրանք, նախևառաջ, միջազգային ոչ առևտրային կազմակերպություններն են (օրինակ՝ ԱՀԿ), և մասնագետները՝ կանգնած ապացուցողական բժշկության անհատների շարքերում։

Հիշեք, որ Դուք պարտավոր չեք կարդալ բոլոր լուրերը որտեղ օգտագործվում է «կորոնավիրուս» բառը։ Վերջինս հաստատ կարող է ավելացնել ձեր տագնապայնությունը։ Եթե զգում եք, որ Ձեզ մոտ չի ստացվում դադարեցնել հիվանդության ու մահացության մասին վիճակագրական նորությունների ընթերցումը, խնդրեք մտերիմներին, որպեսզի օգնեն Ձեզ ցրվել։

Հնարավորինս պահպանեք հիգիենայի կանոնները, նույնիսկ եթե Ձեզ համար դժվար է։ Հանգամանորեն լվացեք ձեռքերը, աշխատեք կեղտոտ ձեռքերով դրսում դեմքին չդիպչել։

Աշխատեք հնարավորինս պահել օրվա ռեժիմը՝ քնեք այնքան, ինչքան ստացվում է։ Առանց բժշկական ցուցման և անհրաժեշտության մի դադարեցրեք սնվելը։ Եթե Ձեզ մոտ խնդիրներ են առաջացել սննդի և անհրաժեշտ դեղորայքի ապահովման հարցում, մի ամաչեք օգնության կանչել ընկերներին, ազգականներին կամ գործընկերներին։ Ընտրեք այն շփման ձևերը, որոնք համարում եք ապահով, անվտանգ և դիմեք օգնության։ Հիշեք, խնդրել ընկերներին գնել մթերք, օճառ, միջադիրներ կամ դեղեր՝ ամոթ չէ և տարօրինակ չէ։ Մի դավաճանեք, այլ հոգ տարեք Ձեր առողջության ու մարմնի մասին։

Եթե դուք ունեք հնարավորություն դիմելու վճարովի մասնագիտական օգնության, մի արհամարեք այն։ Ձեր հոգեկան ու ֆիզիկական առողջությունը շատ կարևոր է, գումարը ծախսել նրա համար խրախուսելի է։

Եթե Դուք չունեք հնարավորություն դիմելու վճարովի հոգեբանական ծառայության, ուսումնասիրեք՝ ինչ անվճար ծառայությունների հնարավորություններ կան Ձեր քաղաքում։ Հիշեք՝ ավելի լավ է մինիմալ աջակցությունը, քան ընդհանրապես ոչինչ։

Եթե Դուք հայտնվել եք ընտանեկան բռնության իրավիճակում կամ Դուք ենթարկվում եք սեռական հետապնդման, եթե կարող եք, մի լռեք՝ վազեք, օգնութուն կանչեք, հայտնեք մտերիմներին ու իրավապահներին Ձեր իրավիճակի մասին՝ չսպասելով կարանտինի ավարտին։

Եթե Դուք ինքնամեկուսացվում եք, մտերիմների հետ կապը փորձեք չկորցնել՝ օնլայն խոսեք, բացեք չատեր, խաղացեք օնլայն կամ ցանցային խաղեր։
Եթե Դուք չունեք ինքնամեկուսացման հնարավորություն, աշխատեք նվազագույնին հասցնել մարդաշատ տեղեր Ձեր այցելությունները, ընկերների հետ ժամանցի համար փնտրեք այլընտրանքային միջոցներ։

Եթե Դուք հիվանդ եք, ըստ հնարավորության մնացեք տանը։ Պանդեմիայի ժամանակ բժշկական համակարգը ծանրաբեռնված է։

Եթե Դուք չունեք անհապաղ շտապ հոսպիտալացման սուր սիմպտոմներ (շնչառական անբավարարության նշաններ՝ հևոց, քթի և շուրթերի հատվածում կապտացում, բարձր ջերմություն, հազի ժամանակ ցավեր կրծքավանդակում և թոքերի խզզոց), վիրուսը կարելի է տանել տնային կարանտինում։ Եթե Դուք հիվանդացել եք և չեք դասվում բարձր ռիսկային խմբերին, Ձեր հիմնական խնդիրը քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց ու տարեց մարդկանց չվարակելն է։

Եթե Դուք դասվում եք բարդացումների բարձր ռիսկային խմբերին, Ձեր առողջությունը սոցիալական ակնկալիքներից և կենցաղային «քաղաքավարությունից» գնահատեք վեր: Ամոթ չէ խնդրել մտերիմներին լրացուցիչ անգամ լվանալ ձեռքերը, հագնել դիմակ, մշակել մակերեսները ալկոհոլային հիմք ունեցող հեղուկներով։ Խնդրեք ընկերներին օգնել գնումների հարցում։ Հիշեք, որ Covid-19-ը ժանտախտ չէ, այլ ՍՇՎ (սուր շնչառական վարակ) առաջացնող վիրուս, այդ պատճառով էլ ինչպես և ցանկացած ՍՇՎ-ի ժամանակ, կարևոր է նվազագույնի հասցնել բարդացումների հավանակաությունը։ Հետևեք սիմպտոմներին և Ձեր վիճակին, իսկ վատթարացման դեպքում դիմեք բժշկի։

Խնդրում ենք, եթե Ձեզ վատ զգաք, մի զլացեք դիմել բժիշկներին։ Այո, մեր բուժհամակարգը կարող է լինել հոմո- և տրանսֆոբ, բայց այնուամենայնիվ, էթիկայի ու առողջության մեջ ընտրություն անելուց երբեմն կարևոր է ընտրել ֆիզիկական առողջությունը։ Եթե բուժաշխատողները պահեն իրենց ոչ կոռեկտ , Դուք կարող եք բողոքարկել իրենց գործողությունները ապաքինվելուց հետո։ Հիշեք, որ նրանք չունեն իրավունքներ մերժելու Ձեզ օգնություն տրամադրել Ձեր սեռական կողմնորոշման և/կամ գենդերային ինքնության պատճառով։ Եթե այդպիսին եղել է, միանգամից կապվեք իրավապահների հետ։

 

ՑՈՒՑԱԿ ԵՐԿՐՈՐԴ

Երկրորդ ցուցակը նախատեսված է նրանց համար, ովքեր զգում են իրենց ռեսուրսներով լի և ցանկանում են աջակցել իրենց համայնքին (ինչպես նաև այլ խոցելի խմբերին)․

Եթե Ձեր զուգընկերուհին (կամ զուգընկերը) չափազանց շատ է խորացել տագնապային լուրերի մեջ, փորձեք օգնել նրան վերադառնալ «այստեղ և հիմա» վիճակին զրույցի կամ մարմնական հպումների (ձեռքսեղմում, գրկախառնություն) օգնությամբ (չմոռանալով հարցնել թույլտվություն): Տագնապային [իրա]վիճակների հեշտ տրվող մարդկանց դժվար է լինում սեփական ուժերով [վերա]հսկել կոմպուլսիվ գործողությունները՝ ուղիղ հարցրեք արդյոք ունի՞ նա կարիք ուշադրությունը այլ տեղ կենտրոնացնելու, ցրվելու: Հնարավոր է, որ նա խնդրի Ձեզ պարբերաբար հիշեցնել իրեն այն կողմ դնել հեռախոսը կամ անջատել հեռուստացույցը/համակարգիչը։ Տագնապ առաջացնող ֆանտազիաները (ու որոնք շատ կլանող են) ցրել մարդուն օգնում է իր մարմնի սահմաններին վերադարձնելը․
«Ի՞նչ է կատարվում քո մարմնի հետ այս պահին։ Չե՞ս մոռանում արդյոք շնչել։ Կարո՞ղ ես իջեցնել ոտքերդ գետնին։ Կուզե՞ս, որ քեզ գրկեմ»։

Պարբերաբար կապի դուրս եկեք ընկերների կամ ծանոթների հետ, որոնք ապրում են մենակ կամ հայտվել են հիվանդանոցում։ Հարցրեք անհրաժեշտ օգնության մասին, հնարավոր է՝ մարդը մնացել է մեկուսացման մեջ առանց իրեն անհրաժեշտ դեղորայքի կամ մթերքի։ Հիվանդանոցներում չկա հնարավորություն կազմել անձնական սննդակարգ, հետևաբար եթե քո ընկերները վեգան են, հավանաբար նրանք կունենան այլ սննդի կարիք։

Դուք կարող եք փոխանցել ընկերներին տեխնիկական սարքեր, որոնք հիմա չեք օգտագործում, կամ անհրաժեշտ հիգիենայի պարագաներ։

Եթե Ձեր շրջապատում կան տրանսգենդեր կամ ոչ բինար անձինք, հարցրեք նրանց՝ ունե՞ն օգնության կարիք խանութ գնալու կամ բժշկին դիմելու համար։ Որոշ հորմոնալ պրեպարատներ կարող են թողնել բացասական ազդեցություն ոսկրերի և հոդերի վրա, այդ պատճառով հորմոնալ փոխարինող թերապիա անցնող մարդկանց կարող է դժվար լինել խանութից բերել ծանր տոպրակներ։

Եթե Ձեզ մոտ վստահելի ու մտերիմ հարաբերություններ են, և գիտեք, որ մարդը ունի ֆինանսական խնդիրներ, հնարավոր է Դուք կարողանաք օգնել՝ առաքման համար վճարելով կամ հեռախոսի հաշվին գումար փոխանցելով, որպեսզի նա չմնա առանց ինտերնետի։ Հիշեք, որ աջակցությունը միայն ֆինանսական չէ։ Նույնիսկ միասին պոլիկլինիկա գնալը արդեն մեծ աջակցություն կլինի։

Փորձեք քննադատորեն մոտենալ ստացվող ու Ձեր կողմից տարածվող ինֆորմացիային։ Մի փոխանցեք չստուգված տվյալներ։ Աշխատեք զսպել հիվանդ կամ տարբեր պատճառներով ինքնամեկուսացման պայմանները չպահպանող մարդկանց մեղադրելուց ու գնահատականներ տալուց։

Շարունակելով մնալ իրար հանդեպ ուշադիր, ինքնամեկուսացման շրջանում պահելով մեզ շրջապատողների հետ կապը՝ մենք մեծացնում ենք ճիշտ ժամանակին օգնություն ցուցաբերելու հավանակությունը առավել խոցելի խմբերի մոտ։

Եւս մեկ անգամ ուզում ենք հիշեցնել որ կազմակերպությունն այս ընթացքում աշխատում է օնլայն տարածքում, մեր հեռախոսահամարները հասանելի են, Դուք կարող եք կապ հաստատել մեզ հետ Ձեզ հարմար տարբերակով։

Առողջ մնացեք։