Skip to content Skip to sidebar Skip to footer

ԳԲՏ անձանց իրավունքների վիճակը ՀՀ քրեակատարողական հիմնարկներում 2018թ. ընթացքում

ՀՀ ԱՆ քրեաատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խումբը ներկայացրել է 2018 թվականի գործունեության հաշվետվությունը, որում ևս մեկ անգամ արձանագրել է ԳԲՏ (գեյ, բիսեքսուալ, տրանս) անձանց խոցելի կարգավիճակը ՀՀ ՔԿՀ-ներում:

Ըստ հաշվետվության՝ քրեականտարողական հիմնարկներում շարունակում է գոյություն ունենալ քրեական մշակույթը. ԳԲՏ անձանց հետ շփվելը և ընդհանրապես նրանց հետ առնչություն ունենալն այնքան անընդունելի է, որ վերջիններիս համար նախատեսված խցեր կարող են տեղափոխվել նաև նրանք, ովքեր ԳԲՏ անձանց «ձեռքով բարևել են», «հաց են կիսել» կամ «մոտ հեռավորությունից շփվել են»։ Հիմնարկի աշխատակիցները ևս փաստում են, որ մնացած դատապարտյալներն ու կալանավորված անձինք հրաժարվում են շփվել «նման» մարդկանց հետ և օգտվել նույն սպասքից։ Նրանց կաթսաները, և շերեփները առանձնացված են։ Բանտային չգրված օրենքների համաձայն, եթե հետերոսեքսուալ անձը շփվում է նույնասեռական անձի հետ, ապա «կոտրվում» է և զրկվում է «նորմալ մարդ» կարգավիճակից։ Առանձնացված խցերում պահվող անձանց հիմնարկի վարչակազմը չի ընդգրկում արհեստագործական աշխատանքներում, համակարգչային, կավագործության, հայոց լեզվի և գրականության, օտար լեզվի կամ այլ դասընթացների և խմբակների մեջ։

«Արմավիր» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ արձանագրել է, որ նույնասեռական ազատազրկված անձը մասնաշենքում այլ ազատազրկված անձանց հետ թշնամանք ունենալու պատճառով իրեն մեկուսացնելու համար դիմում է գրել, սակայն վարչակազմը տեղափոխել է պատժախուց։ Այնտեղ անձը ապահովված չի եղել կենցաղային և անձնական հիգիենայի պարագաներով՝ սեղան, աթոռ, հայելի և այլն։ Ապահովված չի եղել անձի կապը արտաքին աշխարհի հետ, քանի որ չուներ ռադիո։ Նա նաև փոխանցել է, որ չի կարողանում օգտվել գրադարանից:

Թե՛ ՔԿՀ վարչակազմը, թե՛ այլ ազատազրկված անձինք ԳԲՏ անձանց անվանում են «արվամոլներ», «համասեռամոլներ», «շեղվածներ» կամ «գոմիկներ» և նրանց նկատմամբ դրսևորում արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք։ Նրանք ներգրավվում են մյուս ազատազրկված անձանց կողմից նվաստացուցիչ համարվող այնպիսի աշխատանքներում, ինչպիսիք են, օրինակ՝ զուգարանի, լողասենյակի, աղբահանության, կոյուղու և տարածքի մաքրման աշխատանքները: Հիմնարկի աշխատակիցները հավաստիացնում են, որ նրանք նման աշխատանքներում ներգրավվում են իրենց դիմումների համաձայն։ Մինչդեռ նման իրավիճակը համատարած բնույթ է կրում, ինչը հիմք է տալիս կարծելու, որ այդ դիմումները սեփական նախաձեռնությամբ չեն ներկայացվում։

ԳԲՏ ազատազրկված անձինք Խմբին ահազանգելու միջոցով բարձրաձայնում են իրենց իրավունքների ոտնահարման դեպքերի մասին: Սակայն հիմնարկների աշխատակիցների և այլ ազատազրկված անձանց կողմից շարունակվում են նրանց նկատմամբ անհանդուրժող և խտրական վերաբերմունքի դրսևորումները։ Նրանք դեռևս պահվում են քրեակատարողական հիմնարկների ամենախոնավ և անմարդկային պայմաններով խցերում, ենթարկվում են խտրական և տարբերակված վերաբերմունքի, խոշտանգումների, ինչպես նաև կատարում են «նվաստացնող» աշխատանքները։ Համակարգային է նաև այն խնդիը, որ երբեմն ԳԲՏ հանրույթի ներկայացուցիչներն իրենց նկատմամբ վատ վերաբերմունքը չեն ընկալում որպես խնդիր՝ նշելով` «մենք մեր տեղը գիտենք»։

Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial