Skip to content Skip to sidebar Skip to footer

Կհրապարակվի Փինքն ընդդեմ Մշակույթի նախարարության գործով վճիռը

2017թ. Փինք իրավապաշտպան ՀԿ-ն դիմել էր Մշակույթի նախարարությանը՝ ԼԳԲՏ անձանց հանդեպ հանդուրժողականություն սերմանող երեք գովազդները սոցիալական ճանաչելու նպատակով։ «Դու ուզում ես, որ բոլորը երջանի՞կ լինեն, ուրեմն մաղթի՛ր մեզ երջանկություն», «ԼԳԲՏ անձինք անտեսանելի չեն։ Դուք հանդիպում եք նրանց ամեն օր» և «Տրանս անձինք մեր հասարակության մասն են» վերնագրված պաստառներն ու տեսանյութերը սոցիալական չեն ճանաչվել Մշակույթի նախարարության կողմից՝ առանց ներկայացնելու մերժման եզրակացությունը, որին ի պատասխան Փինք Արմենիան կրկին անգամ դիմել էր Մշակույթի նախարարություն՝ ստանալու համար մերժման եզրակացությունը։ Ի վերջո, Մշակույթի նախարարությունը գովազդների՝ սոցիալական չճանաչելու համար որպես պատճառաբանություն էր ներկայացրել այն, որ գովազդները հանրային կարևորություն չունեն, և որ հասարակությունն արդեն իսկ տեղյակ է «ոչ ավանդական», նույնասեռական կողմնորոշում ունեցող մարդկանց գոյության մասին, այնպես որ այն գովազդելու կարիք չկա, իսկ գովազդում առկա են պատվիրատու կազմակերպության համացանցի հասցեն ու QR կոդը, որն էլ, իբր, գովազդի աղբյուրն էր:

Փինք Արմենիայի իրավաբան Հասմիկ Պետրոսյանը դատարանին էր ներկայացրել Հայաստանում ԼԳԲՏ անձանց անբարենպաստ իրավիճակի և երկրում նրանց հանդեպ տիրող խտրականության վերաբերյալ բազմաթիվ փաստահեն զեկույցներ և ուսումնասիրություններ՝ փորձելով բարձրաձայնել այդ խնդրի հանրային կարևորության մասին։ Այն, որ Մշակույթի նախարարությունն այդ գովազդները սոցիալական չէր ճանաչել, փաստում է այն մասին, որ նախարարությունը չի տիրապետում իրավիճակին և որ չի գիտակցում, թե ինչում է կայանում այդ գովազդների հանրային կարևորությունը։

Իսկ փաստն այն է, որ վերոնշյալ գովազդների նպատակը ոչ թե նույնասեռական մարդկանց՝ հասարակությունում գոյություն ունենալը ցույց տալն էր, այլ հասարակությունում սեռական փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժող վերաբերմունք ձևավորելն ու ԼԳԲՏ անձանց սոցիալական խնդիրների մասով իրազեկվածությունը բարձրացնելը։ Դատարանին էր ներկայացվել նաև այն պնդումը, որ Փինք իրավապաշտպան ՀԿ-ն բազմիցս փորձել է Մշակույթի նախարարության ուշադրությունը սևեռել ԼԳԲՏ մարդկանց խնդիրների վրա և իրազեկել նրանց խնդիրների մասին, սակայն երբևէ որևէ արձագանք չի ստացել նախարարությունից, ինչն էլ խոսում է այն մասին, որ հենց նախարարությունում նույնպես առկա է խտրականություն ԼԳԲՏ համայնքի նկատմամբ։ Հատկանշական է, որ դատական քննության ընթացքում նախարարության ներկայացուցչի հիմնական փաստարկն այն էր, որ ԼԳԲՏ անձանց նկատմամբ հանդուրժողականությունը և վերջիններիս իրավունքների պաշտպանությունը կարևոր հարցեր չեն, որոնց առնչությամբ սոցիալական գովազդ է անհրաժեշտ։ Ըստ նախարարության ներկայացուցչի՝ այս խմբի անձանց պաշտպանությունը անգամ ստորադաս է քաղաքի մաքրության այն խնդրին, որի վերաբերյալ գովազդը սոցիալական էր ճանաչվել։

Մինչ այժմ Մշակույթի նախարարությանը ներկայացվել է սոցիալական գովազդ ճանաչելու չորս պահանջ, որոնցից երկուսը հաստատվել են, իսկ երկուսը՝ մերժվել։ Հաստատվել են ընտանեկան բռնության և քաղաքի մաքրության մասով ներկայացված գովազդները, իսկ մերժվածների շարքում են Փինք իրավապաշտպան ՀԿ-ի և մի առևտրային կազմակերպության գովազդները։ Ուշագրավ է այն, որ ոչ առևտրային կազմակերպության կոնտակտային տվյալները սոցիալական գովազդում ներառելը պետական օրենսդրությամբ չի արգելվում։ Այնուամենայնիվ, Մշակույթի նախարարության ներկայացուցիչը վերահաստատել էր այն վարկածը, թե իբր գովազդում պատվիրատուի համացանցային հասցեի և QR կոդի առկայության պատճառով մերժում էր գովազդները սոցիալական ճանաչելու պահանջը և դրանք որակում էր որպես հասարակությանը ոչ պիտանի նույնասեռականության գովազդ, որոնք կարող են խեղաթյուրել անչափահասներին։ Սակայն այս բոլորը անհիմն պնդումներ էին, որոնք հիմնված չէին որևէ փաստահեն հետազոտության վրա։ Արդյունքում գործի քննությունն ավարտվեց։ Դատական գործը ևս մեկ անգամ բողոքարկվել էր Փինք Արմենիայի կողմից, որի արդյունքում 2020թ․ վերաքննիչ դատարանը բավարարեց Փինք իրավապաշտպան ՀԿ-ի բողոքն ընդդեմ առաջին ատյանի դատարանի վճռի, որով Մշակույթի նախարարության կողմից ԼԳԲՏ անձանց նկատմամբ հանդուրժողականություն սերմանող գովազդները սոցիալական չճանաչելու որոշումը համարվել էր իրավաչափ։

Վերաքննիչ դատարանը, փաստորեն, գտել է, որ առաջին ատյանի դատարանի որոշումը հիմնավորված և պատճառաբանված չէ։ Տվյալ պահին գործը ևս մեկ անգամ քննվում է, իսկ 2022թ․ մարտի 1-ին կհրապարակվի վճիռը։ Նշենք, որ նախարարությունների միավորվելուց հետո գործի իրավահաջորդն է համարվում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Կախված մարտի 1-ին կայանալիք դատավճռի արդյունքներից՝ պարզ կդառնան Փինք իրավապաշտպան ՀԿ-ի հետագա քայլերը։ Այնուամենայնիվ, ինչպես տեսնում ենք, Հայաստանի մի շարք պետական մարմինների և նախարարությունների կողմից խտրական վերաբերմունք է դրսևորվում ԼԳԲՏ անձանց նկատմամբ, որն ակնհայտ է դառնում հենց նրանց պնդումներից։ Դատերի ընթացքում նրանք բազմիցս նշել են, որ այդ գովազդները կարող են այլասերել հասարակությանը և ազդել դեռահասների սեռական կողմնորոշման վրա։

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ եթե նախարարությունների և պետական մարմինների կողմից նման վերաբերմունք է դրսևորվում, ապա պետությունը ձախողել է իր պարտավորությունը՝ քայլեր ձեռնարկելու խոցելի խմբերի հանդեպ թե՛ սոցիալական, թե՛ պետական մակարդակներում խտրականությունը վերացնելու ուղղությամբ։