Skip to content Skip to sidebar Skip to footer

Հունիսը նշվում է որպես հպարտության ամիս

Յուրաքանչյուր տարի աշխարհի տարբեր երկներում ԼԳԲՏ+ համայնքը նշում է հունիսը որպես հպարտության ամիս շքերթների, բազմաբնույթ միջոցառումների, տոնակատարությունների միջոցով։ Տվյալ միջոցառումները հիմնականում նպատակ ունեն բարձրացնելու ԼԳԲՏ+ համայնքի տեսանելիությունը և մատնանշելու այն ազդեցությունները և հաջողությունները, որոնք ԼԳԲՏ+ մարդիկ և համայնքը ունեցել են ամբողջ աշխարհում։

Որպես հպարտության ամիս հունիսը ընտրելը կապված է Սթոնվոլյան ապստամբության հետ։ 1969 թվականի հունիսի 28-ին ԱՄՆ-ում՝ Նյու Յորքի մոտակայքում գտնվող Գրինվիչ գյուղի Սթոնվոլ պանդոկում, տեղի ԼԳԲՏ համայնքը անհնազանդությամբ պատասխանեց տեղական ոստիկանության բռնություններին, ինչն էլ սկիզբ դրեց հետագայում պատմության մեջ «Սթոնվոլյան ապստամբություն» անունով մնացած իրադարձությանը։ Այդ իրադարձությունները, շարունակվելով մինչև հուլիսի 3-ը, մեծ ազդեցություն ունեցան համաշխարհային ԼԳԲՏ+ շարժման վրա։

Կարևոր է հիշատակել նաև Բրենդա Հովարդին, ով հայտնի է որպես «Հպարտության մայր»` 1970 թվականին ԼԳԲՏ հպարտության առաջին երթը համակարգելու գործում իր աշխատանքի համար։ Նա նաև առաջ բերեց հպարտության երթի շուրջ մեկ շաբաթ տևողությամբ միջոցառումների շարքի իրականցման գաղափարը, որը դարձավ ԼԳԲՏ+ հպարտության ամենամյա տոնակատարությունների հիմքը, որոնք այժմ անցկացվում են ամբողջ աշխարհում ամեն հունիս:

Հպարտության ամիսը տոնելը կարևոր է, քանի որ դրանով մատնանշվում է ԼԳԲՏ+ համայնքի ներսում տեղի ունեցող հսկայական փոփոխությունների սկիզբը, որն էլ իր հերթին բերում է ավելի լայն հասարակական փոփոխությունների։ Չնայած հասարակության խտրական վերաբերմունքը դեռևս պահպանվում է, այնուամենայնիվ տոնելով և հիշելով տարիների ընթացքում ԼԳԲՏ+ անձանց ունեցած հաջողությունները և ձեռքբերումները՝ մենք շարունակում ենք բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը, բարելավել հասարակության վերաբերմունքը ԼԳԲՏ+ հարցերի և անցանձ վերաբերյալ, ինչպես նաև խրախուսել ներառականությունը հասարակության մեջ:

Ամսվա առանցքային միջոցառումներից մեկը համարվում է հպարտության երթը։ Ինչպես գիտենք, ԼԳԲՏ+ անձինք անտեսանելի են եղել և տարբեր մշակույթներում տարբեր ձև ընկալվել։ Հպարտության երթը և դրան զուգորդող միջոցառումները միտում ունեն բարձրացնել նրանց տեսանելիությունը՝ ցույց տալով, որ ԼԳԲՏ+ անձինք կան մեր հասարակություններում, և նրանք ևս ունեն հավասար իրավունքներ և հնարավորություններ։ Քովիդ-19-ով պայմանավորված, նախորդ տարի և այս տարի հպարտության երթի և հպարտության ամիսը նշելու համար իրականացվող միջոցառումների անցկացման ձևը փոփոխությունների է ենթարկվել՝ տեղափոխվելով վիրտուալ հարթակ։

Հայաստանում ևս նշվում է հպարտության ամիսը։ Ճիշտ է՝ այստեղ հպարտության երթեր դեռևս տեղի չեն ունեցել՝ պայմանավորված երկրի քաղաքական, հասարակական և ռազմական մարտահրավերներով, սակայն Փինքը ԼԳԲՏ+ համայնքի համար կազմակերպում է տարբեր միջոցառումներ։ Այս տարի նույնպես՝ հունիս ամսվա ընթացքում, կազմակերպությունը նախատեսում է իրականացնել մի քանի միջոցառումներ՝ տոնելու ԼԳԲՏ+ անձանց բազմազանությունը և ստեղծելու ապահով տարածք, որտեղ ԼԳԲՏ+ անձիք կարող են կիսվել իրենց հույզերով և ապրումներով՝ աջակցելով միմյանց և սովորելով ինքնախնամքի նոր մեթոդներ։