Skip to content Skip to sidebar Skip to footer

Իլգա-Եվրոպայի 2022 թ․ Ծիածան քարտեզը

Այսօր Իլգա-Եվրոպան հրապարակեց իր «Ծիածան Եվրոպայի քարտեզը և ինդեքսը»։ Ամեն տարի, հրապարակվելով 2009 թ-․-ից սկսած մինչ օրս և նվիրված լինելով Հոմոֆոբիայի, բիֆոբիայի, ինտերֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի օրվան, Իլգա-Եվրոպայի Ծիածան քարտեզի նպատակն է գնահատել 49 եվրոպական երկրներում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ կիրառվող իրավական և քաղաքական գործընթացները: Եվրոպայի Ծիածան քարտեզը բոլոր 49 եվրոպական երկրները դասակարգում է 0%-ից (մարդու իրավունքների կոպիտ խախտումներ, խտրականություն) մինչև 100% (մարդու իրավունքների պաշտպանություն, լիարժեք հավասարություն)։ Չնայած նրան, որ ողջ Եվրոպայում դիտվում են նկատելի դրական փոփոխություններ ուղղված ԼԳԲՏԻ անձանց մարդու իրավունքների պաշտպանությանն ու լիարժեք հավասարությանը, այնուամենայնիվ, Հայաստանը ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության հարցում դեռևս գտնվում է ըստ դասակարգման ամենավատ երկրների 3-րդ հորիզոնականում՝ 8% ընդհանուր միավորով, որը, փաստորեն, նախորդ երկու տարիների ընթացքում չի փոխվել։

Կարևոր է նշել, որ Փինք Արմենիան այս տարի արձանագրել է ՍԿԳԻ հիմքով խտրականության 37 դեպք, որոնցից ինը ներկայացվել են իրավական մարմիններին։ Այդ գործերից մի քանիսը մերժվել են, իսկ մնացած դեպքերին դեռևս պատշաճ կերպով ընթացք չի տրվել։ Դեպքերից միայն մեկն է դատարանում հայտնվել։ 2020թ․ Քրեական օրենսգիրքում փոփոխություն է կատարվել, ըստ որի պատժամիջոցներ պետք է կիրառվեն ատելության խոսքի նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառվեն։ Չնայած նրան, որ սեռական կողմնորոշման և (կամ) գենդերային ինքնության կամ գենդերային արտահայտման հիմքերը հստակորեն ներառված չեն օրենքում, Փինքը շարունակել է փաստագրել հակա-ԼԳԲՏԻ ատելության խոսքի դեպքերը և դրանց մասին հայտնել ոստիկանությանը։ 2020թ․ ոստիկանությանն ենք հայտնել չորս դեպքի, իսկ 2021թ․-ին՝ հինգ դեպքի մասին։ Բոլոր ինը դեպքերի քննությունն ի սկզբանե կարճվել էր իրավական մարմինների կողմից, որին վերջիններս որպես փաստարկ էին ներկայացրել այն, թե իբր որևէ հանցագործություն տեղի չի ունեցել, և տեղի ունեցած դեպքերը եղել են խոսքի ազատության հիմքով։ Արդյունքում Փինքը բողոքարկել է ութ որոշում, որոնցից երեքի հանդեպ հարուցվել է քրեական գործ։

Իլգա-Եվրոպան երկրները դասակարգում է ուսումնասիրելով իրավական վիճակը, ինչպես նաև կոնկրետ քաղաքականությունները, որոնք ուղղակիորեն ազդում են ԼԳԲՏԻ անձանց իրավունքների վրա: 2022թ․-ի մայիսից անհատական չափանիշների թիվն ավելացել է՝ հասնելով 74-ի, որոնք բաժանված են յոթ թեմատիկ կատեգորիաների՝ հավասարություն և խտրականության բացառում, ընտանիք, ատելության հիմքով հանցագործություններ և ատելության խոսք, գենդերի օրինական ճանաչում, ինտերսեքս անձանց ֆիզիկական ամբողջականություն, քաղաքացիական հասարակության տարածք և ապաստարաններ։ Կարևոր է նշել, որ Իլգա-Եվրոպայի կողմից ներկայացվել է նոր կատեգորիա, որը վերաբերում է ինտերսեքս անձանց ֆիզիկական ամբողջականությանը։ Այս նոր կատեգորիայի միջոցով ԻԼԳԱ-Եվրոպան նպատակ ունի հստակ ուղերձ հղել պետությունների կառավարություններին առ այն, որ ինտերսեքս անձանց իրավունքների պաշտպանությունը նվիրյալ ջանքեր է պահանջում, և քաղաքականություն մշակողներին ուղղորդել անհրաժեշտ կոնկրետ օրենքների և քաղաքականության մշակման հարցում:

Ըստ քարտեզի՝ ընդամենը երկու երկրներ են հայտնվել ավելի ցածր հորիզոնականում, քան Հայաստանն է՝ Ադրբեջանը (2%) և Թուրքիան (4%)։ Ռուսաստանը վաստակել է նույն միավորները, ինչ Հայաստանը (8%), իսկ Վրաստանը հավաքել է 25%։ Արդեն յոթերորդ տարին անընդմեջ Մալթան շարունակում է զբաղեցնել առաջին տեղը՝ ընդհանուր 92%-ով, որին հաջորդում են Դանիան՝ 74%-ով հայտնվելով երկրորդ տեղում, իսկ Բելգիան՝ 72%-ով երրորդ տեղում։

Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավիճակը բարելավելու համար Իլգա-Եվրոպան ներկայացրել է հետևյալ առաջարկները.

  • Ընդունել ատելության հիմքով հանցագործությունների և ատելության խոսքի մասին օրենքներ, որոնք բացահայտորեն ընդգրկում են ՍԿԳԻ-ն, ինչպես նաև գենդերային արտահայտումը և սեռի հատկանիշը որպես կատարված կողմնակալ վերաբերմունք ունեցող հանցագործությունների հիմքեր:
  • Աշխատանքային հարաբերություններում խտրականության և խտրականությունն արգելող օրենսդրության մեջ հատուկ ներառել ՍԿԳԻ-ն, գենդերային արտահայտումն ու սեռի հատկանիշը որպես հիմքեր:
  • Մշակել արդար, թափանցիկ իրավական դաշտ` գենդերի իրավական ճանաչման համար, որը հիմնված է ինքնորոշման գործընթացի վրա` բացառելով չարաշահող պահանջները: