Մայիսի 4-ին Նիդերլանդներում նշվում է 2-րդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակի օրը, դրան հաջորդում է Ազատագրման օրը՝ նշելու գերմանական օկուպացիայի ավարտը։ Մայիսի 4-ին հիշում են նաև նրանց, որ պայքարել են հանուն ազատության պատերազմից հետո նույնպես։
Հիշատակի օրը Հաագայում նշվեց մի հուշարձանի մոտ, որը խորհրդանշում է անցյալում և ներկայում աշխարհի ցանկացած կետում իրենց սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության պատճառով հալածված և ճնշված ԼԳԲՏԻ անձանց:
Հանրային միջոցառման սկզբում որպես միջազգային հյուր ելույթով հանդես եկավ Փինքի հաղորդակցման ղեկավար Մամիկոն Հովսեփյանը։
«Երբ մենք հավաքվում ենք՝ հիշելու և հարգանքի տուրք մատուցելու նրանց, ովքեր պայքարել են մեր ազատությունների համար, մենք նաև գիտակցում ենք, որ աշխարհում դեռ կան մարտահրավերներ և դժվարություններ»,-իր խոսքը սկսեց Մամիկոնը։
Նա հիշեցրեց, որ չնայած եվրոպական մի շարք երկրներում առաջընթաց է գրանցվել ԼԳԲՏԻ անձանց մարդու իրավունքների պաշտպանության հարցում, սակայն է պետք է հիշել, որ որոշ այլ երկրներում ԼԳԲՏԻ մարդիկ դեռևս դժվարությունների են հանդիպում հավասարության համար իրենց շարունակական պայքարում:
Արդրադառնալով հայաստանյան խնդիրներին՝ Մամիկոնը խոսեց Ադրբեջանի սկսած պատերազմի մասին, որը ոչ միայն հանգեցրել է մարդկային կորուստների և տեղահանումների, այլև սրել է առկա սոցիալ-տնտեսական խնդիրները։
Իր խոսքում Մամիկոնը նաև նշեց ոստիկանական բռնությունների մասին, ինչպես նաև այն, որ ոստիկանությունը հրաժարվում է պատշաճ կերպով հետաքննել ատելության հիմքով հանցագործությունները, ԼԳԲՏԻ անձինք ենթարկվում են կրկնակի խտրականության ոստիկանության կողմից, իսկ արդարադատության հասանելիությունն արտոնություն է համարվում։
Վերջում ավելացրեց․ «Այս հիշատակի օրը եկեք ոչ միայն հարգենք նրանց, ովքեր պայքարել են մեր ազատությունների համար, այլ նաև պարտավորվենք պաշտպանել բոլոր անհատների իրավունքները՝ անկախ նրանց գենդերային ինքնությունից կամ սեռական կողմնորոշումից: Մենք պետք է ոտքի կանգնենք խտրականության, բռնության, ատելության դեմ և ստեղծել միջավայր, որտեղ բոլորը կարող են ապրել ազատ և առանց վախի։ Միասին մենք կարող ենք կերտել մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուր մարդ գնահատված և ընդունված կլինի այնպիսին, ինչպիսին նա կա»:
Մամիկոն Հովսեփյանի ելույթից հետո իր խոսքով հանդես եկավ COC Haaglanden-ի նախագահ Մարիոն Թահափարին, իսկ վերջում նաև ելույթ ունեցավ Հաագայի փոխքաղաքապետ Մարիել Վավյեր։ Փոխքաղաքպետն իր ելույթի ժամանակ հայերենով ողջունեց Մամիկոնին և կարևորեց նրա աշխատանքը քվիր անձանց իրավունքների պաշտպանության համար։
Միջոցառման ժամանակ 2 րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը, իսկ ավարտին կազմակերպիչները և հյուրերը ծաղկեպսակներ դրեցին հուշարձանի մոտ։