Հուլիսի 11-ին տեղի ունեցավ ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում թեմայով կլոր-սեղան քննարկում։
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) առաքելության ղեկավար Ադամ Սթեֆանը բացման խոսքում ընգծեց, որ մարդու իրավունքների՝ ներառյալ ԼԳԲՏ անձանց, պաշտպանությունը ժողովրդավարության զարգացման գործընթացի հիմնասյուներից է։
Փինք Արմենիայի գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանը նշեց, որ զեկույցը հրապարակվում է 2011թ-ից, սակայն ամեն տարի նույնանման իրավախախտումներ են արձանագրվում․ «Պատճառները տարբեր են, նախ՝ քաղաքական կամքը, որն իսպառ բացակայում է երկրում, դեռ ավելին, պետության կողմից հովանավորվում է հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի տարածումը, որն իրականացվում է թե՛ Ազգային ժողովի հարթակից, թե՛ իշխանամետ մեդիաների միջոցով»,- ասաց Հովսեփյանը։
Հանդիպմանը ներկայացվեց Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ի (Փինք Արմենիա) տարեկան զեկույցը՝ «ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակը 2017թ»։
Խոսվեց ներպետական օրենսդրական կարգավորումների, միջազգային հանձնարարականների՝ ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման, Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնախմբի, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի CM/REC(2010)5-ի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ատելության հիմքով հանցագործությունների մասին։
Միջոցառմանը ներկա էին ներկայացուցիչներ միջազգային կազմակերպություններից, ոստիկանությունից, առողջապահության նախարարությունից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, քաղաքացիական հասարակությունից։
«ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում, 2017թ․» զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ։