2020թ. 1-ին կիսամյակում՝ հունվարից հունիս ամիսների ընթացքում, արձանագրվել է անձանց նույնասեռական սեռական կողմնորոշման կամ տրանս գենդերային ինքնության նկատմամբ խտրականությամբ զուգորդված իրավախախտումների 27 դեպք:

Իրավախախտումների հետևանքով ոտնահարվել են տուժածների պատիվը և արժանապատվությունը, խախտվել են ֆիզիկական անվտանգության և ապահովության, անձնական կյանքի գաղտնիության, հոգեբանական անձեռնմխելիության, աշխատանքային, սեփականության և մի շարք այլ իրավունքներ:

Արձանագրված 27 իրավախախտումներից միայն 12 դեպքով ոստիկանությանը գրավոր կամ բանավոր դիմում է ներկայացվել ոտնահարված իրավունքի վերականգնման կապակցությամբ: Որոշ դեպքերում այդ նախաձեռնությունը դրսևորել են ոչ թե տուժածները, այլ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունները, տուժողների ընկերները կամ ծանոթները:

Ոստիկանությանը ներկայացված 12 դիմումներից 5-ին ընթացք չի տրվել. ըստ ոստիկանության՝ բացակայել է հանցակազմը, իրավախախումը քաղաքացիաիրավական բնույթի է եղել: Բոլոր դեպքերում գործով վարույթն իրականացնող մարմինը ձգձգել է գործի ընթացքի մասին դիմողներին տեղեկություններ տրամադրելու գործընթացը կամ ընդհանրապես չի տեղեկացրել կայացված որոշումների մասին: Հաղորդում ներկայացրած անձանցից 3-ը հրաժարվել են պնդել բողոքը բռնարարի հետ հաշտվելու պատճառով: Ներկայումս միայն 1 գործով է իրականացվում նախաքննություն, սակայն այդ դեպքով տուժողի ցանկությամբ վարույթն իրականացնող մարմինը չի տեղեկացվել հանցագործությունը ՍԿԳԻ նկատմամբ ատելության շարժառիթով կատարելու մասին, ուստի այդ հանգամանքը քննության առարկա չի դարձվել:

2020թ. հունվարից հունիս ամիսների ընթացքում արձանագրվել է ընտանեկան բռնության 12 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի դեպքերի համեմատությամբ ավել է 5-ով: Ընտանեկան բռնության ենթարկված անձանցից միայն 4-ն է դիմել իրավապահ մարմիններին: Բռնության գործադրած անձանց նկատմամբ կիրառվել է նախազգուշացում կամ անհետաձգելի միջամտության որոշում:

2020թ. 1-ին կիսամյակում արձանագրված իրավախախտումների ամփոփագրի ամբողջական տարբերակին և արձանագրված իրավախախտումների դեպքերին կարող եք ծանոթանալ այստեղ: