Սեպտեմբերի 1-ը Հայաստանում նշվում է որպես գիտելիքի և դպրության օր: Այն հատկապես կարևոր օր է տարրական, միջին և ավագ դպրոցների, միջին մասնագիտական և բարձրագույն կրթական հաստատություն ընդունվողների և սովորողների համար:

«Ինչքան ապրում եմ այնքան սովորում եմ, ինչքան սովորում եմ այնքան գիտակցում եմ, թե ինչքան քիչ գիտեմ»

― Միշել Լեգրան

«Գիտելիքը զրահ է բոլոր տեսակ դժբախտությունների դեմ»

― Աբու Ռուդաքի

booksՅուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Կրթությունը պետք է նպատակաուղղված լինի անձի լիարժեք զարգացմանը և մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի ամրապնդմանը:

Համաձայն ՀՀ Կրթութության մասին օրենքի` պետությունը ապահովում է յուրաքանչյուրի կրթության իրավունքը` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային դրությունից կամ այլ հանգամանքներից: Նույն օրենքում նշված է նաև, որ պետությունը անհրաժեշտ պայմաններ է ստեղծում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների զարգացման առանձնահատկություններին համապատասխան կրթություն ստանալու և սոցիալական հարմարվածությունն ապահովելու նպատակով։ Այսինքն պետությունը պարտավոր է ապահովել հաշմանդամություն ունեցող աշակերտների և ուսանողների կենսագործունեության միջավայրի մատչելիությունը: Սակայն այդ միջավայրը մեր հանրապետությունում գրեթե չի ապահովվում: Հիշենք այս տարվա մարտին աղմուկ հանած սպիտակցի աղջնակի դեպքը, ով ուներ առաջին կարգի հաշմանդամություն և չէր կարողանում դպրոց գնալ չնայած լավ առաջադիմությանը: Աղջկա մայրը պնդում էր, որ պետությունն ուղղակի գումար էր խնայում` նրա համար միայն մայրենի լեզվի և մաթեմատիկայի դասեր կազմակերպելով։

Իսկ որքան շատ են դեպքերը, որոնց մասին հանրությունը տեղեկություն անգամ չունի: Հասարակական անհանդուրժողականության ու առկա խարանների պատճառով շատ ծնողներ գերադասում են իրենց երեխաներին զերծ են պահել սոցիալական գործունեությունից և թույլ չեն տալիս նրանց կրթություն ստանալ հանրային դպրոցներում: Այս ամենին գումարվում են նաև անհրաժեշտ կենսագործունեություն միջավայրի ապահովման պետական քաղաքականության թերացումները՝ չնայած, որ օրենսդրական դաշտը հավասար պայմանների ստեղծման առումով կարգավորված է։

Հայաստանում ներառական կրթության մասին կարգն ընդունվել է 2010թ. սեպտեմբերին: Ներառական կրթություն ունեցող դպրոցների թիվը 139 է: Մնում է հուսալ, որ մոտ ապագայում դրական փոփոխություններ կարձանագրվեն։

Ուսումնական հաստատությունները պետք է ապահով տարածք լինեն բոլորի համար անկախ աշակերտների և ուսանողների էթնիկ պատկանելությունից, կրոնից, արտաքին հատկանիշներից, սեռից, սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից և սոցիալական ու անձնային այլ հատկանիշներից:

Հայաստանում գրեթե բոլոր կրթական հաստատություններում կարելի է հանդիպել այնպիսի երևույթների, ինչպիսիք են ծաղրանքը, վիրավորանքը, խտրականությունը, բռնությունները, ատելության կոչերը, վերաբերմունք, որ նվաստացնում է մարդկային արժանապատվությունը և ոտնահարում մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները և այս ամենը կատարվում է ոչ միայն հասակակիցների այլ նաև ուսուցիչների կողմից: Աշակերտներն ու ուսանողներն իրենց օրվա մեծ մասն անց են կացնում և սոցիալականացվում են ուսումնական հաստատություններում, ուստի շատ կարևոր է, որ կրթական հաստատությունները արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքից զերծ և ապահով տարածք լինեն նրանց համար։ Բուլինգը մեծ ռիսկ է երեխաների, պատանիների եւ երիտասարդների առողջության համար ցանկացած հասարակությունում: Կրթական պայմանները, որտեղ տեղի են ունենում նվաստացումներն ու բռնությունները պետք է ուսումնասիրվեն եւ հասկացվեն և իրականացվեն կանխարգելման միջոցառումներ։

Կրկին հիշենք այս տարվա աղմկոտ դեպքերից․Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոցի 6բ դասարանի աշակերտ Հովհաննես Ղազարյանին ով հրաժարվել էր համադասարանցիների պահանջով փոխել դպրոցը։ Համադասարանցիներն էլ փոխել էին իրենց դասարանը, դպրոցի տնօրեն Գայանե Դեմիրյանը նույնիսկ հրաման էր ստորագրել՝ «6բ դասարանի թվով 24 սովորողներից 23-ի տեղափոխման պատճառով 6բ դասարանը համարել փակված»։

Կարևոր է հասկանալ, որ մյուսների իրավունքների նկատմամբ հարգանքն ու հավասարության գիտակցումը նույնպես կազմում է կրթության մի մասը:

Շնորհավորում ենք բոլոր աշակերտների և ուսանողների առաջին ուսումնական օրը և մաղթում, որ ուսումնական հաստատությունները ապահով տարածք լինեն նրանց բոլորի համար: