Skip to content Skip to sidebar Skip to footer

Ապրիլը սեռական բռնության իրազեկման ամիսն է

Ապրիլը սեռական բռնության իրազեկման ամիսն է։ Այն ամենամյա արշավ է, որն անցկացվում է ամբողջ աշխարհում՝ սեռական բռնության վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով։ Արշավը հորդորում է զերծ մնալ սեռական բռնությունից՝ մարդկանց կրթելով սեռական բռնության կանխարգելման միջոցների մասին և սեռական բռնության ենթարկված անձանց ուղղորդելով համապատասխան մարմիններին։ Արշավին սովորաբար ձեռնամուխ են լինում հասարակական կազմակերպությունները՝ կազմակերպելով կրթատեղեկատվական, հանրային միջոցառումներ, և դիմելով գերատեսչություններին՝ հորդորելով սեռական բռնության կանխարգելման ուղղությամբ օրենսդրական փոփոխություններ իրականացնել։

Բոստոն, 1979 թ. (լուսանկարը` Սպենսեր Գրանտի)

Ապրիլը հենց այնպես չի ընտրվել որպես սեռական բռնության իրազեկման ամիս․ դրա ետևում կա պատմություն։ 1970-ական թվականներին ԱՄՆ-ում սկսեցին հիմնադրվել կազմակերպություններ և կոալիցիաներ, որոնք աջակցում էին բռնաբարության զոհ դարձած անձանց։ Այսպես, բռնաբարության և սեռական ոտնձգությունների դեմ շարժումը թափ էր առնում, և 1976թ․-ին «Վերադարձնենք մեր գիշերը» (Take back the night) քայլերթի ժամանակ կանայք քայլում էին այն վայրերով, որտեղ սովորաբար իրենց անապահով էին զգում, կամ որոնք իրենց համար անհասանելի էին, քանի որ այդ վայրերում երեկոյան ժամերին սեռական բռնության զոհ դառնալու հավանականությունը մեծ էր: Այս քայլերթը ապրիլյան ակտիվիստական շարժման հիմքը դարձավ, և ժամանակին համընթաց տարածվեց Միացյալ Նահանգներով և Եվրոպայով։ Շարժման շնորհիվ կանանց նկատմամբ բռնության իրազեկման ուղղությամբ այլևս ավելի մասշտաբային գործողություններ էին ծավալվում։ Այնուհետև, 2000թ․-ին, փիրուզագույն ժապավենը դարձավ սեռական բռնության իրազեկման բարձրացման խորհրդանիշը, իսկ 2001թ․-ին ապրիլը պաշտոնապես հայտարարվեց որպես սեռական բռնության իրազեկման ամիս։

Իսկ առհասարակ ի՞նչ է սեռական բռնությունը։ Սեռական բռնությունը ցանկացած սեռական գործողություն կամ սեռական ակտի փորձ, անցանկալի սեռական բնույթի մեկնաբանություն կամ առաջարկություն է, որն ուղղված է անձի սեռականությանը և կատարվում է հարկադրաբար։

Սեռական բռնության հիմնական տեսակներն են բռնաբարությունը, սեռական ոտնձգությունը և սեռական բռնությունն անչափահասների նկատմամբ։

Բռնաբարությունը անձի կամքին հակառակ սեռական հարաբերություններ ունենալն է կամ դրա փորձն է։ Բռնության այս տեսակը սովորաբար առանձնացվում է որպես առաջնային սեռական բռնություն, քանի որ հասարակության լայն շերտի համար սեռական բռնություն է համարվում հենց բռնաբարությունը։

Բռնաբարությունը դրսևորվում է տարբեր կերպ՝ ամուսնական բռնաբարության կամ զուգընկերոջ կողմից բռնաբարության, ժամադրության ժամանակ բռնաբարության կամ ցանկացած այլ պայմաններում տեղի ունեցող բռնաբարության տեսքով։ Ուշագրավ է, որ Հայաստանում և մի շարք այլ հասարակություններում ընդունված է համարել, որ ամուսնական հարաբերություններում սեռական հարաբերությունը պետք է պարտադիր բնույթ կրի, այն է՝ կնոջ պարտականությունն է մշտապես սեռական հարաբերություններ ունենալ ամուսնու հետ, անգամ եթե դա տեղի է ունենում առանց կնոջ ցանկության։ Սակայն անհրաժեշտ է այս երևույթը որակել որպես անձի կամքին հակառակ, և, ըստ այդմ, որպես սեռական բռնություն։

Հարկ է նշել, որ սեռական բռնությունը չի սահմանափակվում միայն բռնաբարությամբ․ այն նաև ներառում է սեռական ոտնձգության բազմաթիվ տեսակներ։ Սեռական ոտնձգությունը կարող է դրսևորվել տարբեր ձևերով։ Նման դրսևորումներ են հասարակական վայրերում անձի կամքին հակառակ հպումները, մարմնի տարբեր հատվածներին դիպչելը, էքսգիբիցիոնիզմը, որը հասարակական վայրերում սեռական օրգանի մերկացնելն և մարդկանց ցուցադրելն է, վուայերիզմը, որն անձի կամքին հակառակ անձին հետևելն է մերկ վիճակում՝ հագուստը փոխելիս, լողանալիս, կամ որոշակի անձանց սեռական հարաբերությանը հետևելը՝ առանց այդ անձանց համաձայնության կամ տեղեկացված լինելու, ինչպես նաև սեռական բնույթի հայհոյանքները, շանտաժի միջոցով սեռական հարաբերությունների դրդելը, որոշակի անձին ուղղված սեռականացված դրսևորում ունեցող հայացքը, որն իրենից ներկայացնում է անձի կամքին հակառակ սեռական գործողության դրսևորում։

Ինչ վերաբերում է անչափահասների նկատմամբ սեռական բռնությանը՝ այն նույնպես ուղեկցվում է տարբեր ձևերով․ սեռական հաճույք ստանալու նպատակով երեխային օգտագործելը, երեխայի նկատմամբ նրա սեռականությանն ուղղված ցանկացած գործողություն՝ հայացքներ, հպումներ, համբույրներ և այլն, անչափահասի բռնաբարություն, որը կարող է իրագործվել ոչ միայն սեռական օրգանի միջոցով, այլ նաև մարմնի ցանկացած այլ մասի կամ առարկայի միջոցով ներթափանցումով և այլն:

Ելնելով այս ամենից՝ սեռական բռնության մասին խոսելիս հարկ է նաև կարևորել համաձայնության եզրույթը։ Համաձայնությունը սեռական հարաբերություն ունեցող անձանց միջև պայմանավորվածությունն է։ Կարևոր է, որ նախքան սեռական հարաբերություն ունենալը կողմերը ստանան միմյանց գիտակցված համաձայնությունը։

Հայաստանում սեռական բռնության ենթարկվող անձինք ոչ միայն հետերոսեքսուալ անձինք են, այլև ԼԳԲՏ համայնքից։ Ընդ որում, իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցների և տվյալների համաձայն, ԼԳԲՏ անձինք ենթարկվում են սեռական բռնության թե՛ ԼԳԲՏ համայնքի այլ ներկայացուցիչների կողմից կամ իրենց զուգընկերների կողմից, թե՛ ԼԳԲՏ համայնքին չպատկանող անձանց կողմից։

Հաշվի առնելով սեռական բռնության հետ կապված ամոթը, խարանն ու խտրականությունը, որին ենթարկվում են սեռական բռնության զոհ դարձած անձինք, չափազանց կարևոր է բարձրաձայնել սեռական բռնության թեման, որպեսզի քայլեր ձեռնարկվեն դրա կանխարգելման ուղղությամբ։

Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial