Նոր էինք հասցրել հռչակել ԼԳԲՏ+ անձանց իրավունքների համար պայքարի ազգային օրը, երբ դատարանը ևս մեկ որոշում կայացրեց հօգուտ Շուռնուխի գործով տուժողների: Օգոստոսի 4-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց տուժող կողմի բողոքը և պարտավորեցրեց վարույթն իրականացնող մարմնին վերացնելու տուժողների իրավուքների խախտումները:

2018թ. նոյեմբերի 26-ին Շուռնուխի գործը վարող քննիչը որոշում էր կայացրել քրեական հետապնդում չիրականացնել 2018թ. օգոստոսի 3-ին Շուռնուխ գյուղում տուժողների վրա հարձակված անձանց մեծամասնության վրա: Այսինքն՝ բացի նրանից, որ գործով որոշ հանցավորների նկատմամբ համաներում էին կիրառել, քննիչը որոշել էր, որ տուժողներին շրջափակած, նրանց հայհոյող, քարերով, ձեռքերով և ոտքերով հարվածով, հետապնդող անձինք՝ շուրջ 13 հոգի, որևէ հանցանք չեն գործել, նրանք անմեղ են և նրանց չպետք է պատասխանատվության ենթարկել:

Կարծում ենք, որ յուրաքանչյուրի համար էլ պարզ է, որ խտրական շարժառիթով անձի արժանապատվությունը ոտնահարելը, նրան հոգեբանական կամ ֆիզիկական բռնության ենթարկելը պետք է խիստ դատապարտվի և պատժելի լինի: Ուստի մենք որոշեցինք բողոքարկել քննիչի ապօրինի որոշումը:

Դատախազը և Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը գտան, որ այստեղ ոչ մի խախտում չկա և մերժեցին տուժող կողմի բողոքը: Սակայն Վերաքննիչ քրեական դատարանը մանրամասն ուսումնասիրեց գործը և եզրակացրեց, որ քննիչի կողմից, իրոք, պատշաճ նախաքննություն չի իրականացվել, քննիչը դրսևորել է շտապողականություն, կայացրել է անհիմն և չպատճառաբանված որոշում:

Իր որոշման մեջ Վերաքննիչ քրեական դատարանը անդրադարձավ տուժողներին հոգեկան ուժեղ տառապանք պատճառելուն և հանցագործությունը խտրականությամբ զուգորդված կատարելուն, և նշեց, որ քննիչը այս ուղղությամբ ևս թերացել է քննություն իրականացնել:

Նախկինում դատարանը ևս մեկ անգամ փաստել էր, որ վարույթն իրականացնող մարմինը խախտել է տուժողների իրավունքները, երբ կարճել է քրեական գործի վարույթը և համաներում է կիրառել հանցավորների նկատմամբ, հետևաբար Վերաքննիչ դատարանի որոշումը կրկին հաստատեց, որ Շուռնուխի գործով նախաքննությունը իրականացվում է սուբյեկտիվ, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով հանցագործություն իրականացնելու շարժառիթը լիովին անտեսվում է:

Հուսով ենք՝ այս որոշումը վերջապես կստիպի գործը վարող քննիչին վերսկսել նախաքննական գործողությունների իրականացումը և ձեռնամուխ լինել հանցագործության իրական շարժառիթի ուսումնասիրմանը:

Հիշեցնենք, որ 2018թ. օգոստոսի 3-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում մոտ 30 հոգի հարձակվել էին ինը երիտասարդների, այդ թվում՝ ԼԳԲՏ ակտվիստների վրա, հայհոյել ծեծել, քարերով հարվածել ու վտարել գյուղից: