Կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության հետևանքով տուժեցին նաև ԼԳԲՏ անձինք, քանի որ ոմանք աշխատում էին օրավարձով, նրանք զրկվեցին իրենց առօրյա ծախսերը ապահովող եկամտից և հայտնվեցին դժվարին իրավիճակում։
Այդ պատճառով Փինքը սոցիալական աջակցություն տրամադրեց ԼԳԲՏ այն անձանց, ովքեր արտակարգ դրության պայմաններում հայտնվել են սոցիալական ծանր վիճակում։ Այս աջակցության նպատակն էր՝ բավարարել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ԼԳԲՏ անձանց հիմնական պահանջմունքները և օժանդակել նրանց սոցիալական ու ֆինանսական կենսական խնդիրների լուծմանը։
Այժմ ամփոփում ենք տրամադրած աջակցության արդյունքները։ Միջանկյալ ամփոփումը ներկայացվել է նախորդ ամիս։
Ընդհանուր աջակցությունը կազմել է մոտ 6 միլիոն դրամ, որի շնորհիվ 79 անձանց տրամադրվել է կացարանի, բժշակական ծախսերի, սննդի և անհրաժեշտ պարագաների գումար։ Աջակցության սկզբնական փուլում օգտագործվել է Փինքի ադմինիստրատիվ ծախսերի համար նախատեսված բյուջեն, այնուհետև Urgent Action Fund-ի, Հայաստանում կանանց հիմնադրամի և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունների տրամադրած դրամաշնորհները։ Սոցիալական աջակցության տրամադրման համար իր ռեսուրսներն է ներդրել նաև ԼԳԲՏ+ անձանց ապաստարանի նախաձեռնությունը, որը շարունակում էր այս շրջանում ևս ապաստարան տրամադրել սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով բռնության ենթարկված անձանց։
Այս փուլում Փինքը ստացել է 102 հայտ՝ 116 անձանց աջակցություն տրամադրելու համար։ Կազմակերպության կողմից մշակված Սոցիալական աջակցության ուղեցույցի և իրականացրած կարիքների գնահատման գործընթացի համաձայն՝ հանձնաժողովը բավարարել է 70 հայտում նշված աջակցության պահանջն ամբողջությամբ կամ մասնակի, մնացածը մերժել է, իսկ դիմողներից երկուսը հրաժարվել են աջակցությունից։ Գումարի 61,6%-ը հատկացվել է շահառուների կացարանի ապահովման համար, 27,7%-ը սննդի և այլ կարևոր պարագաների համար, իսկ 10,7%-ը տրամադրվել է դիմողներից 20-ի բժշկական ծախսերի համար։
Սոցիալական աջակցություն ստացած անձանց 55,7%-ը գեյ և բիսեքսւալ տղամարդիկ են, տրանս և ոչ բինար անձինք կազմում են աջակցություն ստացածների 22,9%-ը, իսկ լեսբի և բիսեքսուալ կանայք 21,4%։ Ի դեպ, կանանց բոլոր դիմումները բավարարվել են բացի 1-ից։
Այս շրջանում մենք ավարտում ենք սոցիալական աջակցության տրամադրումը, քանի որ աշխատատեղերը հիմնականում վերականգնվել են, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը դեռ ծայրահեղ և անելանելի վիճակում է գտնվում։ Մենք պատրաստվում ենք հետագայում շարունակել աջակցության տրամադրումը, եթե կրկին սահմանափակումներ մտցվեն երկրում՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար տարվող աշխատանքների շրջանակներում։
Մենք հույս ունենք, որ սահմանափակումների թուլացման պայմաններում, համատեղ ուժերով և պահպանելով անվտանգության բոլոր կանոնները, կկարողանանք հաղթահարել այս դժվարությունները և օր առաջ վերադառնալ բնականոն կյանքին։
Եղե՛ք առողջ։