Skip to content Skip to sidebar Skip to footer

ԼԳԲՏ անձանց հետ աշխատանքի ուղեցույց օգնող մասնագետների համար

ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանս) անձինք Հայաստանում ենթարկվում են խտրականության, բռնության տարատեսակ դրսևորումների, ատելության ու հասարակական խարանի, ինչն ազդում է նրանց կյանքի որակի, սոցիալական բարեկեցության, հոգեկան առողջության, ինքնագնահատականի և ինքնադրսևորման վրա։ Միջազգային ու տեղական ուսումնասիրությունների համաձայն՝ ԼԳԲՏ անձինք մշակութային ու սոցիալական նորմերի և տաբուների արդյունքում ունենում են հոգեկան ու սոցիալական հատուկ կարիքներ, որոնց մասին տեղեկացված լինելը կարևոր է օգնող մասնագետների համար։ Այս առումով ԼԳԲՏ անձանց և նրանց կարիքներին անդրադարձող համապարփակ ուղեցույցն արժեքավոր տեղեկատվական աղբյուր կարող է լինել ոլորտի մասնագետների համար, որոնք իրենց առօրյա գործունեության ընթացքում առնչվում են կամ կարող են առնչվել ԼԳԲՏ անձանց և նրանց հիմնախնդիրների հետ:

Ներբեռնել ուղեցույցը

Ուղեցույցի նպատակն է աջակցել օգնող մասնագետներին՝ մատուցելու գիտելիքահեն, ԼԳԲՏ-դրական և ԼԳԲՏ-զգայուն ծառայություններ ոչ հետերոնորմատիվ սեռական կողմնորոշում ու գենդերային ինքնություն ունեցող անձանց, բարելավելու մատուցված ծառայությունների արդյունավետությունն ու որակը, բացառելու հնարավոր վնասները ԼԳԲՏ անձանց հետ աշխատանքում և նպաստելու ԼԳԲՏ անձանց առողջության, հոգեկան բարօրության ու ինքնաբավության ապահովմանը: ԼԳԲՏ-դրական աջակցությունը ենթադրում է հարգալից, իրազեկ և հավասարապես աջակցող մասնագիտական խնամք ԼԳԲՏ անձանց ինքնությունների, կենսափորձերի և մտահոգությունների հանդեպ։

«Օգնող մասնագիտությունները» հովանի եզրույթ է, որը ներառում է այն մասնագիտությունները, որոնք ապահովում են առողջապահական, կրթական կամ այլ ծառայություններ անհատներին ու խմբերին` հոգեբանության, հոգեբուժության, բժշկության, սոցիալական աշխատանքի, օկուպացիոն թերապիայի կամ կրթության ոլորտներում։ Այդպիսի մասնագիտությունների տեսությունը և պրակտիկան ուղղված են մարդկանց վարքը հասկանալուն ու մեկնաբանելուն, նրանց հիմնախնդիրները բացահայտելուն ու դրանց հաղթահարման եղանակներ գտնելուն:

Ուղեցույցը նախատեսված է օգնող մասնագետների՝ մասնավորապես հոգեբանների, հոգեբույժների, սոցիալական աշխատողների, սեքսոլոգների և այլ հարակից ոլորտների ներկայացուցների համար։ Ուղեցույցի առաջին տարբերակը վերնագրված էր որպես ուղեցույց հոգեկան առողջության և առնչվող ոլորտների մասնագետների համար, սակայն վերահրատարակվող այս տարբերակում վերնագիրը փոփոխվել է՝ նպատակ ունենալով մասնագիտական ավելի լայն հանրույթների ուշադրությունը գրավելու: Այն պատրաստված է ինչպես ԼԳԲՏ անձանց հետ աշխատելու փորձ ունեցող, այնպես էլ սկսնակ կամ այդպիսի փորձ չունեցող մասնագետների համար: Ուղեցույցը նպատակ չի հետապնդում մասնագետներին տրամադրելու հատուկ տեխնիկաներ ԼԳԲՏ անձանց հետ աշխատանքի համար, այլ տրամադրում է տեղեկություն տեղական փորձառությունների ու միջազգային չափանիշների հիման վրա մշակված հիմնավոր առանցքային ուղենիշեր՝ հաշվի առնելով հայաստանյան իրավական, հասարակական և ինստիտուցիոնալ համատեքստերը:

Ուղեցույցը բաղկացած է երեք բաժնից: Առաջին մասը նվիրված է սեռականության վերաբերյալ հիմնական հասկացություններին, ժամանակակից մոտեցումներին և գիտական մեկնաբանություններին: Երկրորդ բաժինն անդրադառնում է ԼԳԲՏ անձանց իրավունքներին մարդու իրավունքների համատեքստում և տրամադրում է ընդհանուր տեղեկություն ԼԳԲՏ համայնքի վերաբերյալ: Ուղեցույցի երրորդ բաժնում մշակված և ներկայացված են հոգեկան առողջության և առնչվող ոլորտների մասնագետների գործունեության հիմնական ուղենիշեր ԼԳԲՏ անձանց հետ աշխատանքում: Ուղեցույցը նաև ներառում է սեռականության, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության վերաբերյալ համապարփակ եզրույթների բառարան` համապատասխան սահմանումներով ու բացատրություններով: Վերջինիս կարիքը բազմիցս ընդգծվել է ոլորտի մասնագետների կողմից, ուստի այն նպատակ է հետապնդում բարձրացնելու մասնագետների կողմից օգտագործվող լեզվի զգայունությունը և ձևավորելու անհրաժեշտ մասնագիտական բառապաշար:

Ուղեցույցը հնարավորություն է տալիս օգնող մասնագետներին հասկանալու և վերանայելու սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության վերաբերյալ իրենց գիտելիքները, տեղեկատվությունն ու պատկերացումները՝ առավել որակյալ ծառայություններ մատուցելու և էթիկական նորմերին համապատասխան մասնագիտական գործունեություն ծավալելու նպատակով:

Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial