Skip to content Skip to sidebar Skip to footer

Տրանս կնոջ նկատմամբ բռնության գործով բողոք է ներկայացվել ՄԻԵԴ

Հայաստանում տրանս անձանց նկատմամբ տեղի ունեցող հանցագործությունները շարունակում են անպատիժ մնալ։ Ամեն տարի արձանագրվում են բազմաթիվ բռնության դեպքեր, որոնք մի կողմից ուղեկցվում են հասարակության կողմից քննադատական վերաբերմունքով, իսկ մյուս կողմից՝ իրավապահ մարմինների՝ քրեական գործերին ոչ պատշաճ ընթացք տալով, ինչի արդյունքում հանցագործությունների թիվն աճում է, իսկ հանցագործները մնում են անպատիժ։

Մինչ օրս անպատիժ է մնում 2018թ․ մի տրանս անձի նկատմամբ տեղի ունեցած բռնության դեպք։ Նույն թվականի փետրվարի 28-ին Ժ․Ա․ անունով տրանս կինը սեռական ծառայություն է մատուցել իր հաճախորդ տղամարդուն։ Այնուհետև տղամարդը տրանս կնոջն առաջարկել է ևս մեկ անգամ սեռական հարաբերություն ունենալ, և, կնոջից մերժում ստանալով, այդ հանգամանքից վրդովվել է և բնակարանում վիճաբանություն սկսել վերջինիս հետ։ Այնուհետև, դուրս գալով շքամուտք, տուժողին դիտավորյալ կերպով քաշել և աստիճանահարթակից հրելով գցել է աստիճաններից, որից հետո ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ գլխի և մարմնի տարբեր մասերին՝ փորձելով սպանել նրան։ Դրանից հետո վերադարձել է բնակարան և իր կատարած հանցագործության հետքերը մաքրելու նպատակով հրդեհել է բնակարանն ու հեռացել։

Բռնության հետևանքով տրանս անձին պատճառվել են կյանքին սպառնացող և առողջությունը լրջորեն վտանգի տակ դնող մարմնական վնասվածքներ։

2018թ․ փետրվարի 28-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ բռնարարին մեղադրանք առաջադրելով ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։ Նույն թվականի մարտի 2-ին տրանս անձը տուժող է ճանաչվել, մեղադրյալը՝ ձերբակալվել, սակայն հաջորդ օրը դատախազի որոշումով ազատ է արձակվել։

Ստացվում է, որ քննչական մարմինը առավել մեղմ պատասխանատվություն նախատեսող հոդվածով է հարուցել քրեական գործը, մինչդեռ տուժողի նկատմամբ սպանության փորձ է կատարվել։ Ավելին, հարցաքննության ընթացքում իրավախախտը հայտարարել է, թե նման քայլի է դիմել այն պատճառով, որ իմացել է, որ սեռական ծառայություններ տրամադրող անձը տրանս կին է, ինչը հանդիսանում է հանցագործությունը և պատիժը ծանրանցող հանգամանք։

Բնակարանն այրելու և հետքերը թաքցնելու դրվագների թերի քննության արդյունքում նախաքննական մարմինը արարքը որակելիս դրանց այդպես էլ գնահատական չի տվել։ Գործն առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Ի վերջո, այնպես է ստացվել, որ ամբաստանյալը դատապարտվել է երեք տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման, սակայն նրա հանդեպ համաներում է կիրառվել, և հանցավորը չի ազատազրկվել։ Փաստացիորեն, տրանս կնոջը սպանել փորձած անձը այդպես էլ համաչափ պատիժ չի կրել, որպեսզի գիտակցի, որ իր արածը հանցագործություն է։

Չնայած բերված բազմաթիվ բողոքներին՝ հանցավորը այդպես էլ պատիժ չի կրել։ Ներպետական ատյաններում տուժողի իրավունքների պաշտպանության հնարավորությունը սպառելուց հետո տուժողի շահերի ներկայացուցիչ, Փինքի փաստաբան Արա Ղարագյոզյանը այս գործով բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին։

Այս գործն ունի ռազմավարական նշանակություն։ Առանձին գործերով ՀՀ ներպետական ատյաններին և այնուհետև Մարդու իրավունքների եվրոպական դատարանին բողոքներ, գանգատներ ներկայացնելով՝ Փինք իրավապաշտպան ՀԿ-ն նպատակ ունի այդ դեպքերով անցկացված դատավարությունների արդյունքում առաջ քաշել իրավական թերի կարգավորումների և իրավական բացերի հարցը, իրավակիրառ պրակտիկայում առկա այլ խնդիրները, և փորձել դրանց համար միջազգային ատյանների դիրքորոշումների միջոցով լուծումներ գտնել, ինչպես նաև նպաստել հանրային իրազեկվածության բարձրացմանը: Դատական նախադեպերի ձևավորման արդյունքում հնարավոր կլինի հասնել փոփոխությունների ոչ միայն իրավական, այլ նաև սոցիալական և քաղաքական ոլորտներում:

Ներպետական դատարանների առջև բարձրացվել է անձի սեռական կողմնորոշմամբ պայմանավորված ատելության հիմքով կատարված հանցագործության հարցը։ Սակայն ներպետական որևէ ատյան անդրադարձ չի կատարել տուժող կողմի պնդումներին։ Դատարանների կողմից անդրադարձ չի կատարվել հանցավորի շարժառիթին, և այդ մասով քննություն չի կատարվել։

Պետությունները կրում են անձի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունն այլ անձանց ոտնձգություններից պաշտպանելու պարտականություն, իսկ տվյալ դեպքում պետությունը, տեղյակ լինելով ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելության հիմքով հանցագործությունների համակարգային բնույթից, չի կատարել իր պարտականությունը, քանի որ չի պաշտպանել Ժ․Ա․-ին այլ անձի հարձակումներից։ Դա է պատճառը, որ սույն գործով 2022թ․ հուլիսի 12-ին դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատում Ժ. Ա.-ն վիճարկել է այն, որ պետությունը խախտել է իր՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով ճանաչված արդար դատաքննության իրավունքը, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, ինչպես նաև խտրականությունից զերծ լինելու իրավունքը:

Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial