ԱՄՆ պետդեպարտամենտը ներկայացրել է իր 2013 թ.-ի զեկույցը Հայաստանում մարդու իրավունքների մասին:  Զեկույցն ամփոփել է մարդու իրավունքների իրադրությունը ու ոտնահարումները՝ մասնավորապես անդրադարձ կատարելով   անձի անձեռնմխելիության, քաղաքացիական դատական ​​ընթացակարգերի և միջոցների, քաղաքացիական ազատությունների, այդ թվում՝ խոսքի ազատության, մամուլի ազատության, համացանցում ազատության, ակադեմիական ազատության, խաղաղ հավաքների ու միություններ կազմելու ազատության, քաղաքական իրավունքների առնչությամբ, ինչպես նաև կառավարության վերաբերմունքը մարդու իրավունքների և խտրականության ենթադրյալ ոտնահարումների շուրջ միջազգային և ոչ-պետական  գնահատականներին:

Զեկույցն անդրադարձել է նաև կանանց նկատմամբ բռնությանը, խտրականությանը և բռնությանը՝ հիմնված սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության վրա: Մասնավորապես զեկույցում տեղ են գտել ընտանեկան բռնության դեպքերը, ոստիկանության կողմից կին ակտիվիստի նկատամբ սեռական ոտնձգությունները՝ բողոքի ակցիայի ընթացքում:

Կանանց դերը և մասնակցությունը ղեկավար պաշտոններում, բոլոր ճյուղերում և կառավարման բոլոր մակարդակներում շարունակում է մնալ ցածր: Կառավարությունը շարունակել է աջակցել գենդերային տարբերություններով պայմանավորված սեռերի ընտրության որոլտում իրականացվող հետազոտություններին: Տղաների և աղջկների ծնունդների հարաբերակցությունը երկրի տարբեր մարզերում տատանվել է 111-ից 124 տղա՝ յուրաքանչյուր 100 աղջիկների դիմաց՝ առաջնեկների դեպքում, և 160 տղա՝ յուրաքանչյուր 100 աղջկա դեպքում երկրորդ կամ հաջորդ երեխաների համար: Կառավարությունը չի ձեռնարկել միջոցներ կանխելու գենդերային անհավասարակշռությունը:

Ազգային ժողովի կողմից «Տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին օրենքի» ընդունումը հանգեցրեց հասարակության մեջ բուռն քննարկումների «գենդեր» և «գենդերային հավասարություն» հասկացությունների շուրջ: Որոշ խմբեր սկսեցին ապատեղեկատվություն տարածել սոցիալական ցանցերում՝ թիրախավորելով կանանց հարցերով զբաղվող ՀԿ-ներին և իրավապաշտպաններին: Այս խմբերը աղավաղում էին օրենքի բովանդակությունը և նույնացնում «գենդերային հավասարությունը» նույնասեռականության քարոզչության և մանկապղծություն հետ: Կանանց իրավունքների պաշտպանները պիտակավորվեցին որպես «ազգի դավաճաններ», «ընտանիք քանդողներ» և «սպառնալիք հայկական արժեքներին»:  Որոշ աղբյուրներում բռնության  և գույքի ոչնչացման  կոչեր են արվել՝ ուղղված կանանց կազմակերպություններին և ԼԳԲՏ անձանց:

«Կանանց ռեսուրսային կենտրոնը» հաղորդել էր, որ ֆեյսբուքի միջոցով իրենց սպառնացել են՝ պայթեցնել կազմակերպությունը: Ոստիկանությունը հայտնաբերել էր երկու ֆեյսբուքյան օգտատերերից մեկին, ով սպառնացել էր, սակայն քրեական գործ չի հարուցվել:

Ինչ վերաբերում է ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարմանը, զեկույցն արձանագրել է, որ չկան հակախտրականության մասին օրենքներ, որոնք իրենց մեջ կներառեն նաև սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության բացառումը: Հասարակության վերաբերմունքը ԼԳԲՏ անձանց նկատմամբ մնացել է խիստ բացասական, հասարակությունը, ընդհանուր առմամբ,  դիտարկում է նույնասեռականությունը որպես հոգեկան խանգարում: Հասարակական խտրականությունը՝ հիմնված սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության վրա, բացասաբար է ազդել զբաղվածության, ընտանեկան հարաբերությունների և կրթության ու առողջապահության հասանելիության վրա:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից առաջարկված խտրականության դեմ օրենքի նախագիծը, որն իր մեջ ներառում էր դրույթներ ԼԳԲՏ անձանց մասին, բորբոքեց հոմոֆոբիայի ալիք: Առաջարկվող օրենքը, «Տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին օրենքի» զարգացումների հետ միասին ավելի խոցելի դարձրին ԼԳԲՏ անձանց և մի քանի հասարակական կազմակերպությունների, որոնք աշխատում են ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ. վերջիններս սկսեցին գործել առավել զգուշավորությամբ՝ հնարավոր վերբալ և ֆիլիզկական հարձակումներից խուսափելու համար:

«Նոր սերունդ» ՀԿ-ն ներկայացրել է իր հետազոտության արդյունքները, որի նպատակն էր պարզել երկրի տարբեր շրջաններում իրավապաշտպան ՀԿ-ների վերաբերմունքը ԼԳԲՏ անձանց նկատմամբ: Հետազոտությունը բացահայտել է տեղեկացվածության ցածր մակարդակ և հիմնականում բացասական վերաբերմունք ԼԳԲՏ անձանց հանդեպ. հարցվողների մի մասն էլ արտահայտել է այն տեսակետը, որ նույնասեռականությունը հիվանդություն է և լավագույն միջոցը օգնելու ԼԳԲՏ անձանց նրանց «բուժելն է»:

Բացահայտ գեյ տղամարդիկ ազատվում են զինվորական պարտադիր ծառայությունից՝ առաջնորդվելով այն մտահոգություններով, որ զինակիցները կարող են բռնության ենթարկել նրանց:  Զինծառայությունից ազատված  անձը համարվում է հոգեկան խանգարում ունեցող, և այս տեղեկատվությունը հետագայում հայտնվում է նրա անձնական փաստաթղթերում: Սեռական փոքրամասնությունները հաճախակի ենթարկվում են ստորացումների, խտրականության քրեակատարողական հիմնարկներում, որտեղ վերադասները ստիպում են նրանց կատարել նվաստացուցիչ աշխատանք և առանձնացնում են նրանց մյուս կալանավորներից:

Զեկույցում ներկայացված է նաև ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ խտրականությունը: ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեն իր զեկույցում ամփոփել է երեխաների նկատմամբ խտրականությունը՝ այդ թվում ՄԻԱՎ-ով ապրող երեխաների:

Զեկույզի ամբողջական տարբերակը հասանելի է անգլերեն, այն կարող եք կարդալ այստեղ: