Skip to content Skip to sidebar Skip to footer

Մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում 2020-ին․ ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոն վերջերս հրապարակել է 2020 թվականի մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցը։ Հայաստանի մասին հատվածում նշված են մարդու իրավունքների խախտման առավել ուշադրության արժանացած դեպքեր՝ ներառյալ նաև բռնություն կամ սպառնալիք պարունակող հանցագործություններ՝ ուղղված քաղհասարակության ներկայացուցիչների և լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր (ԼԳԲՏ) անձանց դեմ։

Գործող օրենքները չեն ապահովում ԼԳԲՏ մարդկանց պաշտպանությունը՝ նրանց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով (ՍԿԳԻ): Հասարակության ներսում ՍԿԳԻ-ի հիմքով խտրականությունը բացասական է անդրադառնում ԼԳԲՏ անձանց կյանքի բոլոր ոլորտների վրա՝ ներառյալ աշխատանքը, ընտանեկան հարաբերությունները, կրթության և բժշկական օգնության հասանելիությունը։ Հակա-ԼԳԲՏ տրամադրությունները և բռնության կոչերը սրվել են քաղաքական գործընթացների ակտիվացման ընթացքում։ Շատ քաղաքական և հանրային գործիչներ՝ մասնավորապես նախորդ կառավարությանը աջակցող մարդիկ, օգտագործում են հակա-ԼԳԲՏ հռետորաբանություն՝ հաճախ ներկայացնելով ԼԳԲՏ մարդկանց որպես սպառնալիք ազգային անվտանգության համար։ Մասնավորպես տրանգենդեր մարդիկ են ավելի խոցելի հոգեբանական և ֆիզիկական բռնության ու ոտնձգության ենթարկվելու տեսանկյունից։

Կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը ավելի սրեց այն բոլոր տնտեսական, սոցիալական և իրավական հիմնախնդիրները, որոնց ԼԳԲՏ մարդիկ բախվել են․ շատերը կորցրել են իրենց ապրուստի միջոցը արտակարգ դրության շրջանում։ Ճգնաժամը ազդեցություն ունեցավ նրանց սննդի, կացարանի և այլ առաջին անհրաժեշտության պարագաններին հասանելիություն ունենալու վրա։ Որոշ ԼԳԲՏ մարդիկ, որոնք հեռացել են իրենց ընտանիքներից՝ բռնության ենթարկվելու պատճառով, հայտնվել են անտուն մնալու խնդրի առաջ, իսկ շատերը ստիպված են եղել մեկուսանալ տներում՝ իրենց չընդունող ընտանիքների անդամների հետ։ Շատ ԼԳԲՏ մարդիկ չեն կարողացել օգտվել խոցելի խմբերին տրամադրվող սոցիալական օգնությունից, որը կարանտինի ընթացքում տրվում էր պետության կողմից։

ԱՄՆ պետքարտուղարությունը զեկույցում նաև ներառել է տեղական կազմակերպությունների կողմից արձանագրված մարդու իրավունքների խախտման դեպքեր, որոնց մեթոդաբանությունը և դեպքերի արձանագրման պրակտիկաները տարբեր են։ Այնուամենայնիվ, Փինքի կողմից արձանագրված դեպքերը հավաքագրվել են միջազգային փորձի հիման վրա ստեղծված գործիքակազմով, որը փաստաթղթավորում է դեպքերի բոլոր փաստերը և մանրամասները՝ ապահովելով համապարփակ տեղեկատվություն սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով մարդու իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ։ Ի տարբերություն այլ զեկույցների, որտեղ ԼԳԲՏ մարդկանց դեմ արձանագրված դեպքերը պարտադիր չէ, որ տեղի ունեցած լինեն ՍԿԳԻ-ի հիմքով։

Որոշակի խմբեր և անհատներ, ինչպես նաև առցանց և հեռարձակող լրատվամիջոցներ, որոնք հիմնականում առնչություն ունեն նախկին ռեժիմի հետ, իրենց գործունեության մեջ օգտագործում են խտրական լեզու՝ անելով հայտարարություններ, որոնք ուղղված են թիրախավորելու պետական պաշտոնյաներին, ԼԳԲՏԻ անձանց, կրոնական փոքրամասնությունների,քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և մարդու իրավունքների պաշտպաններին։ Այս խմբերի մի մասը նպատակ ունի վարկաբեկել մարդու իրավունքների պաշտպանությանը և ջատագովությանը ուղղված աշխատանքը, առհասարակ ժողովրդավարական արժեքները և լռեցնել մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանների ձայները։ Կառավարությունը արդյունավետ միջոցներ չի ձեռնարկում այդպիսի արշավներին հակազդելու համար և երբեմն հայտնվում է ատելություն տարածող խմբերի ստեղծած նարատիվի մեջ:

Զեկույցում անդրադանձ կա նաև ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի շուրջ հասարակական խարանին։ Ըստ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոլաիցիայի»՝ կորոնավիրուսով պայմանավորված համաճարակը բարդացրեց առողջապահական ծառայությունների հասանելիությունը ՄԻԱՎ-ով ապրող անձանց համար, քանի որ նրանց բազմապրոֆիլային ծառայություններ մատուցող հիվանդանոցների մեծ մասը վերապրոֆիլավորվեցին և սկսեցին սպասարկել միայն կորոնավիրուսային հիվանդություն ունեցող անձանց։