ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոն վերջերս հրապարակել է Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցը, որը նկարագրում է ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակը 2019թ.-ին: Զեկույցում նշվում է, որ Հայաստանում մարդու իրավուքների հետ կապված խնդիրները ներառում են նաև բռնություն կամ սպառնալիք նախատեսող հանցագործություններ ուղղված լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր և ինտերսեքս (ԼԳԲՏԻ) անձանց դեմ։

Զեկույցի համաձայն՝ հակախտրական օրենսդրական դրույթները պաշտպանություն չեն նախատեսում ԼԳԲՏԻ անձանց համար սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության (ՍԿԳԻ) հիմքով։ ՍԿԳԻ հիմքով խտրականությունը բացասաբար է անդրադառնում հասարակական կյանքի բոլոր ոլորտների վրա՝ ներառյալ աշխատանքային, բնակության, ընտանեկան հարաբերությունները, կրթության և բժշկական օգնության հասանելիությունը: Քաղաքական ակտիվության ժամանակաշրջանում սրվել են հակա-ԼԳԲՏԻ տրամադրվածությունները և բռնության կոչերը: Բազմաթիվ քաղաքական և հանրային գործիչներ, մասնավորապես՝ նախկին կառավարության անդամները, օգտագործել են հակա-ԼԳԲՏԻ հռետորաբանությունը՝ ԼԳԲՏԻ անձանց ներկայացնելով որպես «սպառնալիք ազգային անվտանգությանը»:

Զեկույցը ներառում է նաև ծանրամարտի հայ չեմպիոն տրանսգենդեր Մել Դալուզյանի դեպքը, ով դարձավ լայնածավալ մեդիա հարձակման զոհ, երբ պարզ դարձավ, որ կառավարությունը նրա կյանքի վերաբերյալ վավերագրական ֆիլմ է համաֆինանսավորում:

Զեկույցը անդրադարձ է կատարում Փինքի ներկայացրած վիճակագրությանը, ըստ որի` 2019թ. 1-ին կեսին արձանագրվել է ՍԿԳԻ հիմքով խտրականությամբ զուգորդված իրավախախտման 24 դեպք՝ համեմատած 2018թ. արձանագրված 25 դեպքի հետ:

2019թ. ընթացքում ֆիզիկական և հոգեբանական բռնության նկատմամբ հատկապես խոցելի էին տրանս անձինք: 2018թ. ընթացքում Իրավունքի կողմ ՀԿ-ն իրականացրել է տրանս անձանց նկատմամբ ատելության հիմքով հանցագործությունների վերաբերյալ առաջին ուսումնասիրությունը, որի համաձայն 2016-2017թթ.՝ 12 ամսվա ընթացքում, ատելության շարժառիթով բռնության 100 դեպք է տեղի ունեցել: Զոհերը հայտնել են, որ նրանք առավելապես աջակցություն են փնտրել ընկերների կամ ԼԳԲՏԻ ՀԿ-ների շրջանում, քան զոհերի աջակցման խմբերի կամ բուժօգնություն տրամադրողների շրջանում: Հարցվածների շատ քիչ մասն է նշել, որ ոստիկանությունը աջակցող է եղել:

Զեկույցում ներառված է նաև Իրավունքի կողմ ՀԿ-ի նախագահ և տրանս ակտիվիստ Լիլիթ Մարտիրոսյանի դեպքը, ով խտրականության բախվեց պատգամավորների կողմից ՀՀ ԱԺ-ում իր ելույթից հետո: Ելույթից հետո նրա հասցեն հրապարակվեց Ֆեյսբուքում, նրա տան մոտ ցույցեր կազմակերպվեցին, ինչը ստիպեց նրան տանը թաքնվել մի քանի օր: Նա դիմում է ներկայացրել ոստիկանություն և նշել է, որ ոստիկանությունը շատ աջակցող էր:

Շուռնուխի դեպքը իրավական նոր զարգացումներ է ստացել: Դատախազությունը գործն ուղարկել է նոր քննության, գործի վարույթը վերսկսվել է:

Զեկույցը մատնանշում է նաև ԳԲՏ անձանց խնդիրները զինվորական ծառայության ոլորտում: Նույնասեռական տղամարդիկ, ովքեր չեն թաքցնում իրենց սեռական կողմնորոշումը, ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից։ Ազատվելու համար, սակայն, պահանջվում է հոգեբուժական փորձաքննության բժշկական եզրակացությունը, որում կնշվի, որ անձը ունի հոգեկան հիվանդություն, որի մասին նշում է կատարվում անձը հաստատող փաստաթղթերում և խոչընդոտ է հանդիսանում աշխատանքի ընդունվելու և վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու համար։ Նույնասեռական տղամարդիկ, ովքեր ծառայել են բանակում, բախվել են ֆիզիկական և հոգեբանական բռնության, ինչպես նաև շանտաժի։

Զեկույցում նշվում է, որ մարդիկ, որոնք խոցելի են համարվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ, օրինակ՝ սեռական ծառայություններ տրամադրող անձինք (ներառյալ տրանս սեռական ծառայություններ տրամադրողները), թմրանյութեր օգտագործող անձինք, բախվել են բռնության և խտրականության հասարակության կողմից և վատ վերաբերմունքի՝ ոտիկանության կողմից։ Խտրականությունը, մասնավորապես, նկատելի է եղել, երբ ՄԻԱՎ դրական անձինք դիմել են բժշկական օգնության: