Ժամանակակից տեխնոլոգիաները փրկում են մեզ կարանտինի ժամանակ, բայց այն նաև անդրադառնում է մեր հոգեվիճակի վրա ու զոհեր է պահանջում։ Եկեք տեսնենք, թե ինչու։

COVID-19 համաճարակի սկզբում ապահով տարածքում [ինքնա]մեկուսանալու մասին կոչերը դարձան առօրյա բնականոն երևույթ, մարդիկ սկսեցին փնտրել կապի մեջ մնալու տարբերակներ և ի վերջո պարզ դարձավ՝ թվային տեխնոլոգիան, իր հաղորդակցման հնարավորություններով, կփրկի մեզ։

Թվում էր, թե դրա շնորհիվ մենք միայնակ չենք զգա եթե տանը մնանք, քանի որ կարող ենք կապի մեջ լինել միմյանց հետ։ Սա լավ նորություն էր թվում։

Երախտագետ լինելով այն փաստին, որ մեր էկրանները մեզ իրար ավելի մոտ են դարձնում, այնուամենայնիվ, արդեն 5 շաբաթ անց մեզնից շատերը չափազանց հոգնած ու սպառված են իրենց զգում՝ անվերջ թվացող տեսազանգերից և առցանց տիրույթում գտնվելուց։

Այնպես չէ, որ մենք չենք ցանկանում լինել վիրտուալ աշխարհում, պարզապես ստացվում է, որ այն մեզանից շատ էներգիա է պահանջում և էմոցիոնիալ ջանքեր խլում։ Երբեմն դժվար է հստակ հասկանալ՝ ի՞նչն է այդ հոգնածության և սպառվածության պատճառը, բայց թվում է, թե մեզանից ավելի շատ ջանքեր է խլում առցանց կապի մեջ լինելը, քան եթե հանդիպեինք որևէ մեկին անձամբ և շփվեինք դեմ-դիմաց։ Որքան էլ տարօրինակ թվա, այդ զանգերից հետո մենք մեզ է՛լ ավելի մենակ ենք զգում։

Հաշվի առնելով, որ ներկայիս աննախադեպ իրավիճակը բոլորիս համար անծանոթ ու նոր է, դեռ չկան որևէ հետազոտություններ որոնք կկարողանան պարզաբանել, թե ինչու են մարդիկ իրենց այդպես զգում, չնայած բուն վիրտուալ և ֆիզիկական հաղորդակցման շուրջ արված հետազոտության նախադեպեր արդեն կան։

Այնուամենայնիվ, թվային կապերի այս ժամանակաշրջանում կան որոշակի միջոցներ, որոնք կօգնեն մեզ գնահատելու, թե ինչպես կարող ենք հոգ տանել մեր և մեր փոխհարաբերությունների մասին։

Չնայած նրան, որ մարդիկ տարբեր են իրենց շփվելու նախասիրություններով և միջանձնային հարաբերությունների պատկերացումներով, բայց և այնպես բոլոր մարդիկ զգայական և հուզական էակներ են:

Իրար ֆիզիկապես հանդիպելիս մարդկանց մոտ աշխատում են տարբեր զգայարաններ։

Որոշակի մարդիկ, իրենց բնակարանը և պարզապես որոշակի տարածքներ, դա կլինի տուն, դա կլինի դպրոց, թե ուսումնարան, ունեն միայն իրենց հատուկ հոտը, և անկախ մեզնից դրանք հիշողություններ և զգացողություններ են արթնացնում։ Շատ հաճախ ծանոթ որևէ մեկին հանդիպելիս տեղի է ունենում այս կամ այն ձևի ֆիզիկական հպում՝ բարևելու, ձեռքը ուսին դնելու, ձեռքսեղմման, գրկելու կամ համբուրելու տեսքով։

Բացի այդ, պարզապես որևէ անձի ֆիզիկական ներկայությունը արդեն իսկ արթնացնում է հույզեր և առաջացնում զգացողություններ։

Երբ մենք կապնվում ենք էկրանների միջոցով, վերոնշյալ այդ ամենի մեծ մասը կորում է։

Սահմանափակված լինելով միայն ձայնային և պատկերային ազդակներով, մեզ այլ բան չի մնում քան «միասին մենակություն» զգալ։

Հենց ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի սոցիոլոգիական գիտությունների և տեխնոլոգիայի դոկտոր պրոֆեսոր Շերի Թըրկլն է առաջ բերել այս եզրույթը, որը հմտորեն բնութագրում է այն հակա-ներկայության յուրօրինակ զգացողությունը, որի մասին գնում է խոսքը։

Արդյո՞ք այդ զգացողությունը կապված է նրա հետ, որ շատ սահմանափակ կերպով ենք տեսնում իրար, կամ կապված է նրա հետ, որ բոլոր այդ հոտային, ֆիզիկական և այլ զգայարանները չեն աշխատում՝ չենք կարող հստակ ասել։

Հերթական գործոնը, որը ազդում է մարդու ինքնազգացողության և մյուսների հետ բնականոն շփման վրա, դա մշտապես սեփական պատկերի առկայությունն է։ Այսինքն, տեսազանգերի ժամանակ մենք մեր էկրաններին տեսնում ենք մեր պատկերը և տեսնում ենք ինչ տեսք ունենք խոսելիս, ծիծաղելիս, ժեստեր անելիս, տեսնում ենք մեր շարժումները և սկսում ենք մեր վարքագիծը փոխել կամ էլ ավելի սևեռվել մեր պատկերի վրա, երբեմն, նույնիսկ, շատ քիչ ենք նայում մյուս կողմում գտնվող անձի պատկերին՝ կարծես հայելու առաջ լինենք։ Չնայած սրան, երբ մենք իրականում հանդիպում ենք մարդկանց և շփվում ենք նրանց հետ, մենք մեզ չենք տեսնում ինչպես էկրաններին և մենք մեզ ազատ և բնական ենք զգում, նույնիսկ չենք էլ մտածում, թե ինչ տեսք ունենք խոսելիս, շարժվելիս և այլն։ Սեփական տեսապատկերը էկրանին տեսնելը խանգարում է անմիջական, բնական և անկաշկանդ շփմանը։

Մի քիչ տարօրինակ է, երբ տեսակապնվել ես որևէ մեկի հետ շփվելու համար, բայց մշտապես քո պատկերը տեսնելը ուշադրությունդ շեղում է, և զանգը վերածվում է յուրօրինակ ինքնավերլուծության և սեփական պատկերի դիտման։

Յուրաքանչյուրի վրա, նույնիսկ ամենահամեստ ներքին քննադատ ունեցողի վրա, այս ամենը կարող է մեծ ազդեցություն ունենալ, մասնավորապես անձի ինքնաընկալման վրա հաղորդակցման պահին և իր մտքում հարցեր առաջացնելով՝ ինչպիսի՞նն եմ ես կամ ինչպիսի՞նը չեմ։

Մեկ այլ ազդող գործոն է նաև այն, որ մինչև կարանտինը մարդիկ երբ առաջարկում էին հանդիպել կամ որևէ տեղ գնալ, մենք ունեինք արդարացում հրաժարվելու համար, պատասխանում էինք, որ զբաղված ենք գործերով, ծանրաբեռնված գրաֆիկ ունենք և այլն, սակայն այժմ քանի որ բոլորս տանն ենք և մեծ հաշվով շատ բան էլ չունենք անելու, որևէ մեկի հետ տեսազանգվելու կամ կապի դուրս գալու առաջարկը մերժելու որևէ պատճառ չի մնացել, և երբեմն ստիպված ենք համաձայնվել, նույնիսկ եթե չենք ցանկանում։ Փաստորեն մարդիկ համաձայնվում են կապի դուրս գալ իրենց կամքի դեմ և էլ ավելի վատ են զգում, կամ էլ մերժում են և մեղքի, վախի կամ ամոթի զգացողություններ ունենում, քանի որ գիտեն, որ բոլորը հասկանում են, որ իրենք ոչինչ չունեն անելու և շատ ծանրաբեռնված չեն։

Շատ կարևոր է այս շրջանում համբերատար լինել , և այնպես անել, որ լավ զգանք ինքներս մեզ և մեր շրջապատի հետ փոխհարաբերություններում, և հուսով ենք, որ հետևյալ խորհուրդ-առաջարկները կօգնեն Ձեզ այդ գործում։

1․ Հոգ տարեք Ձեր մասին

Այնքան որքան կարևոր է այլոց օգնելուց առաջ հագնել սեփական թթվածնի դիմակը, նույնքան էլ կարևոր է ինքներս մեզ հարցնել, թե այս տեսազանգին միանալով ես կհյուծվե՞մ էմոցիոնալ առումով, ցանկանու՞մ եմ շփվել այս պահին, թե՝ ոչ։

Մենք նաև պետք է գիտակցենք, որ թվային տարածքներում հանդիպելու մեր կարիքները, պահանջմունքներն ու ցանկությունները կարող են տարբեր օրերի տարբեր լինել, նույնիսկ փոփոխվել ժամ առ ժամ։

Եվ եթե Ձեզ զգում եք հուզականորեն չհամակարգված կամ սպառված, լավ կլինի չեղարկել մեկ կամ երկու օնլայն միացում՝ ինքներդ Ձեզ նախապատվություն տալով։

2․ Փակե՛ք էկրանի վրա սեփական պատկերը

Երբ դիտում ենք մեր սեփական պատկերը էկրանին, սկսում ենք սեփական տեսքի վրա կենտրոնանալ, հատկապես, որ էկրանին մեր տեսքն ուրիշ է քան իրական կյանքում, հետևաբար սկսում ենք սրտնեղել, փոխել վարքագիծը և այլն։

Խորհորւդ ենք տալիս Ձեր տեսապատկերի հատվածը ծածկել կպչուն թղթով, կամ թեկուզ ձեռքով կամ եթե որևէ ծրագիր կա, որը կարող եք բացել և պատուհանը կարող եք բերել պատկերի վրա և այնպես փակել, որ բոլորին տեսնեք բացի ձեզանից, ապա արե՛ք այդպես, և դրանով այլևս չեք կենտրոնանա սեփական պատկերի վրա և ուշադրությունը չեք շեղի զրուցակցից։ Կան նաև app-եր, կամ ծրագրեր, որոնք թույլ են տալիս փակել սեփական պատկերը էկրանից զանգի ընթացքում և տեսնել միայն զրուցակցինը, կարող եք նաև այդպես անել և անմիջապես կզգաք շփման որակի տարբերությունը։

3․ Ուշադրություն դարձրեք տեսազանգի հարթակին

Տեսազանգերի ծրագրերը, ինչպես օրինակ Zoom-ը, Skype-ը, Jitsi-ն կամ Marco Polo-ն են, օգտվողների մեծ քանակ են ձեռք բերել, որը դանդաղեցնում է մատուցվող ծառայությունը և պատկերը կտրտվում է, կախում է, պիքսելավորվում է, կտրվում է ձայնը, և ընդհանուր որակը շատ ցածրանում է։ Այս դեպքում փորձեք մեկ այլ հարթակից օգտվել, խնայեք ձեր նյարդերը քանի որ այդ բոլորը հոգեպես սպառում են։

Իսկ եթե որևէ մեկի հետ պետք է զանգվեք, ով այդքան էլ տեխնոլոգիաներից լավ չի հասկանում, ժամանակ հատկացրեք նախօրոք և նրան բացատրեք, օգնեք հասկանալ, թե որ կոճակն ինչ է անում և այլն, որպեսզի բուն զանգի ժամանակ տեխնիկական խնդիրների դեպքում շատ չնյարդայինանաք ո՛չ դուք, ո՛չ Ձեր զրուցակիցը։

4․ Երբեմն պարզապես հեռախոսազանգի անցեք

Տեսազանգերի այս գերակշռող շրջանում, որոշ դեպքերում հեռախոսով որևէ մեկի հետ խոսելն իրականում, կարող է կապն ու հաղորդակցումը դարձնել է՛լ ավելի իսկական և շոշափելի։ Զանգի համար պարարտ հող ու հարմար պայմաններ ստեղծելը նույնպես կարող է բարձրացնել տրամադրությունը։ Պատրաստեք մի գավաթ նախընտրելի ու բուրումնավետ տաք թեյ կամ սուրճ, ու տեղավորվեք պատուհանի մոտ՝ դեպի դուրս նայելու համար և զրուցեք այդ անձի հետ։ Դիմակայեք՝ ընթացքում առաջացող բազմաֆունկցիոնալ լինելու անկառավարելի գայթակղությանը ու փորձեք ամբողջությամբ տրվել հեռախոսազանգին։ Աշխատեք նկատել՝ ի՞նչ եք զգում այդ ժամանակ, և ի՞նչ եք զգում տեսազանգով միացումների ժամանակ, և Ձեզ համար ավելի պարզ կլինի, թե ո՞րն է Ձեր նախընտրելի տարբերակը։

5․ Եղիր ստեղծարար ու սպոնտան

Տեսազանգով միացումների ժամանակ տվեք առավելություն ոչ ստատիկ նստելաձևով շփվելուն, այսինքն փորձեք տեղափոխվել տարածքից տարածք և կիսել այն մյուսների հետ, եթե օրինակ ունեք ընտանի կենդանի ցույց տվեք զրուցակցին, թե նա ինչ է անում, եթե մոտ ընկերոջ հետ եք զրուցում, ով արտերկրում է, ցույց տվեք պատուհանից դուրս ինչ եղանակ է և այդպիսով զրույցը երբեք ձանրձալի չի լինի։ Բացի այդ աշխատեք դուք նախաձեռնել զանգերը, մի սպասեք, որ միայն Ձեզ պետք է զանգեն։

Այս դժվարին ժամանակաշրջանում աշխատեք հաճախ կապնվել այն մարդկանց հետ ում հետ հաճելի է շփումը և Ձեզ մոտ դրական էմոցիաներ են առաջանում։ Բոլորս պետք է փորձենք միմյանց հետ հնարավորինս խնամքով վարվել, չմոռանալով հոգ տանել սեփական ինքնազգացողության մասին։


Այս հոդվածի հիմքում ընկած է հոգեբանական գիտությունների դոկտոր Դորին Դոջըն-Մեգիի ս․թ․ապրիլի 17-ին հրապարակված հոդվածը «Հոգեբանությունն Այսօր» առցանց պարբերականում։