Skip to content Skip to sidebar Skip to footer

Հայաստանն արթնացավ պատերազմի մեջ

2020թ-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) դեմ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությունը, Արցախի և Հայաստանի բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները։ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն։

Ինչպես Արցախի և Հայաստանի պաշտոնատար անձինք, այնպես էլ՝ բազմաթիվ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներ, տարբեր երկրների հետախուզական մարմիններ, պաշտոնատար անձինք հայտնել են, որ Ադրբեջանի զինուժում ներգրավված են Թուրքիայի աջակցությամբ Սիրիայից տեղափոխված վարձկան ահաբեկիչներ և թուրքական բանակի հատուկջոկատայիններ։ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիան շարունակվում է Թուրքիայի ակտիվ քաջալերմամբ և ռազմաքաղաքական աջակցությամբ։

Ադրբեջանի զինուժն օգտագործում է ռազմաօդային ուժեր, զրահատեխնիկա, հռթիռահրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, ինչպես նաև՝ միջազգային բոլոր կոնվենցիաների դրույթներով արգելված կասետային հրթիռներ խաղաղ բնակչության նկատմամբ։

Ադրբեջանի ագրեսիան հանգեցրել է քաղաքացիական բնակչության շրջանում տասնյակ զոհերի և հարյուրավոր վիրավորումների, ինչպես նաև՝ հանրային ու մասնավոր սեփականության լայնամասշտաբ վնասների։ Ադրբեջանի զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ՝ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպաններն իրենց զեկույցներում ներկայացրել են Ադրբեջանի հարձակումներից բխող ռազմական հանցագործությունների ապացույցները։ Արձանագրվել են միջազգային և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներ։

Թեև երկու անգամ հայտարարված մարդասիրական հրադադարներին, միջազգային կառույցների կոչերին, Ադրբեջանի զինուժը խախտել է հրադադարը, շարունակել ռազմական գործողությունները՝ նպատակ ունենալով Արցախի ժողովրդի հանդեպ զանգվածային ոճրագործություններ իրագործելու միջոցով վերջիններիս զրկել պատմական հայրենիքից։ Այս պատերազմը կարող է հանգեցնել էթնիկական զտումների և հումանիտար ճգնաժամի։ Իսկ միջազգային հանրության չեզոք և անհասցե դիրքորոշումները Ադրբեջանի համար հող են նախապատրաստում հետագա վայրագությունների համար։

Հանկարծակի ծագած պատերազմական դրությունը թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես ավելի խոցելի դարձրեց շատերին, այդ թվում՝ ԼԳԲՏ անձանց։ ԼԳԲՏ անձինք մեկ անգամ ևս զերծ չմնացին իրենց հանդեպ տարածվող ատելության խոսքերից, թշնամանական վերաբերմունքից և մանիպուլյատիվ հայտարարություններից։ Հասարակության ներկայացուցիչներից ոմանք վրդովված լինելով միջազգային հանրության չեզոք դիրքորոշումներից և ոչ գործուն քայլերից՝ թիրախավորել են ԼԳԲՏ անձանց՝ մասնավորապես ԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին, հորդորելով պատերազմական գործողությունների սահամանագիծ ուղարկել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին, քանի որ նրանք կարծում են, թե միայն այդ դեպքում հնարավոր կլինի ստանալ համապատասխան արձագանք միջազգային հանրության կողմից։ Նման հայտարարություններ անող մարդկանց մեծ մասը ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությունը դիտարկում է որպես միջազգային մարմինների վրա ազդելու միջոց։ Չնայած բազմաթիվ նենգադավ մեղադրանքներին և մանիպուլյատիվ շահարկումներին, ԼԳԲՏ անձիք ևս ակտիվ մասնակցություն են ունենում ռազմական գործողություններում՝ ադրբեջանաթուրքական ագրեսիայի դեմ պայքարելով, շատերն էլ կամավոր զինվորագրվել և այժմ մասնակցում են մարտական գործողություններում՝ ի պաշտպանություն մեր հայրենիքի։

Բացի այդ, այս պահին Փինք իրավապաշտպան ՀԿ-ն շարունակում է ուղղել իր ջանքերը պատերազմից տուժած անձանց օգնություն տրամադրելու համար։ Եվ՛ Փինքի աշխատակիցներից, և՛ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներից շատերը ներգրավված են կամավորական աշխատանքներում։ ԼԳԲՏ համայնքից ոմանք սնունդ, հագուստ, առաջին անհրաժեշտության իրեր, դեղորայք և հիգիենայի պարագաներ են հավաքագրում։ Իսկ մի խումբ կամավորներ ներգրավված են Արցախից տեղափոխված ընտանիքներին կացարաններով ապահովելու աշխատանքներում։ ԼԳԲՏ համայնքի որոշ մասնագետներ հոգեբանական, սոցիալական և իրավաբանական խորհրդատվություններ են տրամադրում, օգնում Արցախի մեր հայրենակիցներին բժշկական օգնություն ստանալու, աշխատանք գտնելու և այլ հարցերում։

Ինչպես Հայաստանում բնակվող, այնպես էլ սփյուռքի ԼԳԲՏ անձինք ակտիվ մասնակցում են դրամահավաքներին և բավական մեծ գումարներ են հանգանակել Համահայկական հիմնադրամին և այլ դրամահավաք իրականացնող կազմակերպություններին։

Պատերազմից տուժածներին օգնելու և պատերազմի հետևանքով ոչնչացված քաղաքացիական շինությունների վերականգնման նպատակով Հայաստանի Համահայկական հիմնադրամը բացել է հաշվեհամար, որին նվիրաբերություն կարող եք կատարել այստեղ՝ www.himnadram.org։

Նվիրաբերություն կարող եք կատարել նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որի նպատակն է աջակցել զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին ապահովագրել և հատուցումներ տրամադրել: Նվիրաբերել կարող եք այստեղ՝ www.1000plus.am։