Տուբերկուլոզը բուժելի է, սակայն տուբերկուլոզով հիվանդ բոլոր մարդկանց գտնելու և բուժելու ներկայիս ջանքերը բավարար չեն:  Յուրաքանչյուր տարի տուբերկուլոզով հիվանդացող ինը միլիոն մարդկանց մեկ երրորդը «դուրս են մնում» առողջապահական համակարգերի վերահսկողությունից: Այս երեք միլիոն մարդկանցից շատերն ապրում են աշխարհի ամենաաղքատ և ամենախոցելի համայնքներում կամ գտնվում են խոցելի բնակչության շարքերում, ինչպիսիք են աշխատանքային միգրանտները, փախստականներն ու տեղահանված մարդիկ, բանտարկյալները, ազգային փոքրամասնությունները և թմրանյութ օգտագործողները:

ԱՀԿ-ն և «Դադարեցրու Տուբերկուլոզը» ընկերակցությունը միասին աջակցում են Տուբերկուլոզի համաշխարհային օրվան, որը  հնարավորություն է տալիս հիվանդացած անձանց և այն համայքներին, որտեղ նրանք ապրում են, կառավարություններին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, առողջապահական հիմնարկներին և միջազգային գործընկերներին լրացուցիչ քայլեր ձեռնարկելու, որպեսզի հասնենք այդ երեք միլիոնին:

Մոտ երեք միլիոն մարդ (տուբերկուլոզով հիվանդացող երեք մարդկանցից մեկը) ներկայումս «դուրս են մնացել» առողջապահական համակարգերից։

Հայաստան

Տուբերկուլոզը Հայաստանում հանրային առողջապահության գլխավոր խնդիրներից մեկն է:  Նոր` խորխի քսուկի դրական պատասխանով թոքային տուբերկուլոզով պացիենտների բուժման հաջողության աստիճանը ԱՀԿ-ի թիրախային 85%-ից ցածր է: Բուժման վատ ելքը մասնակիորեն պայմանավորված է տուբերկուլոզի դեղակայուն ձևերի բարձր տարածվածությամբ. Հայաստանը աշխարհի 27 խիստ բազմադեղակայուն տուբերկուլոզ ունեցող երկրներից է:

Ի՞նչ է Տուբերկուլոզը

Տուբերկուլոզն հարուցվում է Միկրոբակտերիում տուբերկուլոզ (Mycobacterium tuberculosis) բակտերիայի կողմից և ամենից հաճախ ախտահարում է թոքերը: Տուբերկուլոզը բուժելի է և կարելի է  կանխարգելել:

Տուբերկուլոզը մեկ անձից մյուսին է տարածվում  օդի միջոցով: Երբ թոքերի տուբերկուլոզ ունեցող անձը հազում, փռշտում կամ թքում է, նա արտանետում է տուբերկուլոզի հարուցիչներն օդ: Մարդը պետք է շնչի այս հարուցիչներից միայն մի քանիսը վարակվելու համար:

Աշխարհի բնակչության մոտ մեկ երրորդն ունի գաղտնի (լատենտ) տուբերկուլոզ, որը նշանակում է, որ նրանք վարակված են տուբերկուլոզի  բակտերիայով, սակայն (դեռևս) հիվանդ չեն և չեն կարող փոխանցել հիվանդությունը:

Տուբերկուլոզի բակտերիայով վարակված մարդկանց տուբերկուլոզով հիվանդանալու ռիսկը իրենց կյանքի ընթացքում կազմում է 10%, սակայն  ընկճված իմունային համակարգով անձինք, ինչպես օրինակ ՄԻԱՎ-ով վարակված, թերսնուցումով կամ դիաբետով, ծխախոտ օգտագործող մարդիկ ունեն հիվանդանալու ավելի մեծ ռիսկ:

Երբ անձի մոտ զարգանում է ակտիվ տուբերկուլոզ, շատ ամիսներ ախտանշանները (հազ, տենդ, գիշերային քրտնարտադրություն, քաշի կորուստ եւ այլն) կարող են լինել թույլ: Սա կարող է հանգեցնել նրան, որ այդ մարդը բժշկի դիմի ավելի ուշ՝ հանգեցնելով բակտերիայի փոխանցմանը այլ անձանց: Տուբերկուլոզ ունեցող անձինք կարող են վարակել սերտ կոնտակտում գտնվող 10-15 այլ մարդու՝ մեկ տարվա ընթացքում: Առանց համապատասխան բուժման՝ տուբերկուլոզով վարակված մարդկանց երկու երրորդը մահանում է:

 

Ովքե՞ր են ամենից ռիսկային

Տուբերկուլոզն հիմնականում ախտահարում է երիտասարդ չափահասներին՝ իրենց ամենաբեղմնավոր տարիների ընթացքում: Այնուամենայնիվ, բոլոր տարիքային խմբերն գտնվում են ռիսկի տակ: Դեպքերի ավելի քան 95%-ը գրանցվում են զարգացող երկրներում: Մարդիկ, ովքեր վարակված են ՄԻԱՎ-ով, 21-30 անգամ ավելի հավանական է, որ կհիվանդանան տուբերկուլոզով: Ակտիվ տուբերկուլոզի ռիսկը բարձր է նաև իմունային համակարգը խաթարող այլ հիվանդություններ ունեցող անձանց մոտ:

2012 թվականին մոտ կես միլիոն երեխա (0-14 տարեկան) հիվանդացել է տուբերկուլոզով և 74000 երեխաներ մահացել են տուբերկուլոզից: Ծխախոտի կիրառումը նշանակալիորեն բարձրացնում է տուբերկուլոզով հիվանդանալու և նրանից մահանալու ռիսկը: Ամբողջ աշխարհում տուբերկուլոզի դեպքերի ավելի քան 20 տոկոսը վերագրվում են ծխելուն:

 TB day

Տուբերկուլոզի գլոբալ ազդեցությունը

Տուբերկուլոզն ի հայտ է գալիս աշխարհի բոլոր հատվածներում: 2012-ին տուբերկուլոզի նոր դեպքերի ամենամեծ թիվն գրանցվել է  Ասիայում՝ հանդիսանալով ամբողջ աշխարհում գրացված նոր դեպքերի 60%–ը ։

2012-ին գրանցված տուբերկուլոզի դեպքերի 80%–ը ի հայտ է եկել  22 երկրներում: Որոշ երկրներ ցուցաբերել են դեպքերի քանակի նշանակալի նվազում, մինչդեռ այլ երկրներում դեպքերի քանակը նվազում են դանդաղորեն: Բրազիլիան և Չինաստանը  այն 22 երկրների շարքում են, որոնք ցուցաբերել են տուբերկուլոզի դեպքերի  քանակի նվազում վերջին քսան տարիների ընթացքում: Վերջին տասնամայակում Կամբոջիայում տուբերկուլոզ նոր դեպքերի հաճախականությունը նվազել է  45%ով:

Ախտանշանները և ախտորոշումը

Ակտիվ թոքային տուբերկուլոզի հաճախակի նշաններն են՝ խորխով և արյունով հազը, կրծքավանդակի ցավերը, թուլությունը, քաշի կորուստը, տենդը և գիշերային քրտնարտադրությունը:

Բազմաթիվ երկրներ դեռևս հիմնվում են երկար կիրառված մեթոդի՝ խորխի մանրադիտման վրա։ Բազմադեղակայուն տուբերկուլոզն ու ՄԻԱՎ-ասոցացված տուբերկուլոզն ախտորոշելը կարող է լինել ավելի բարդ:

Տուբերկուլոզը մասնավորապես դժվար է ախտորոշել երեխաների մոտ:

Բուժումը

Տուբերկուլոզը բուժելի հիվանդություն է: Ակտիվ տուբերկուլոզը բուժում են  չորս հակամիկրոբակտերային դեղերի կոմբինացիայով, որոնք  պացիենտին տրամադրվում են տեղեկատվության, ղեկավարման և աջակցության հետ միասին՝ բժշկի կողմից՝ ստանդարտ վեցամսյա կուրսով: Տուբերկուլոզի դեպքերի գերակշիռ մեծամասնությունը կարելի է հեշտությամբ բուժել, եթե դեղերը նշանակվեն և ընդունվեն համապատասխան:

Տուբերկուլոզ և ՄԻԱՎ

Ամբողջ աշխարհում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նվազագույնը մեկ երրորդը վարակված են տուբերկուլոզի բակտերիայով, չնայած դեռևս հիվանդ չեն ակտիվ տուբերկուլոզով: ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, ովքեր վարակված են տուբերկուլոզով, 30 անգամ ավելի հավանական է, որ կառաջացնեն ակտիվ հիվանդություն՝ համեմատած ՄԻԱՎ չունեզող մարդկանց հետ:

ՄԻԱՎ-ը և տուբերկուլոզն առաջացնում են մահացու համակցություն, որոնցից յուրաքանչյուրն արագացնում է մյուսի զարգացումը: Եթե մեկը վարակված է ՄԻԱՎ-ով, ապա ավելի հավանական է, որ նա կհիվանդանա ակտիվ տուբերկուլոզով:  2012 թվականին մոտ 320000 մարդ մահացել է ՄԻԱՎ-ասոցացված տուբերկուլոզից: ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շրջանում մահվան դեպքերի մոտ 20%-ը  պայմանավորված է տուբերկուլոզով:

Աղբյուրը` Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (անգլերեն):