Skip to content Skip to sidebar Skip to footer

Չեղարկել խտրական օրենքները

Ամեն տարի մարտի 1-ին ամբողջ աշխարհում բազմաթիվ մարդիկ համախմբվում են «Զրո խտրականության օրվա» շուրջ։ Առաջին անգամ այն նշվել է 2014 թվականի մարտի 1-ին՝ այն բանից հետո, երբ 2013 թվականի դեկտեմբերին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի (UNAIDS) երկրորդ գործադիր տնօրեն Միշել Սիդիբեն հայտարարեց Զրո խտրականության օր սահմանելու մասին։

Ուշադրություն հրավիրելով ամբողջ աշխարհում անհավասարության և անարդարության վատթարացող իրավիճակի վրա՝ Զրո խտրականության օրվա շրջանակներում կոչ է արվում շտապ քայլեր ձեռնարկել՝ վերջ դնելու եկամուտի, սեռի, տարիքի, առողջության, զբաղվածության, սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության, ռասայի, էթնիկ պատկանելիության և կրոնի հիմքով անհավասարություներին։

Այս տարի ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագիրը ընդգծում է խտրական օրենքների դեմ գործողություններ ձեռնարկելու հրատապ անհրաժեշտությունը: Այս տարվա կարգախոսն է՝ «Չեղարկել օրենքները, որոնք վնասում են, ստեղծել օրենքներ, որոնք հնարավորություններ են տրամադրում»։

Շատ երկրներում օրենքները հանգեցնում են նրան, որ մարդիկ արժանանում են տարբերակված վերաբերմունքի։, Օրինակ՝ զրկվելով հիմնական բժշկական ծառայություններից օգտվելու հնարավորություններից, կամ ենթարկվում են անհարկի սահմանափակումների՝ ընդամենը այն պատճառով, թե ովքեր են, ինչ հատկանիշներ ունեն կամ ում են սիրում: Նման օրենքները խտրական են. դրանք ժխտում են մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները:

Պետություններն ունեն բարոյական և իրավական պարտավորություն՝ վերացնելու խտրական օրենքները և ընդունելու օրենքներ, որոնք պաշտպանում են մարդկանց խտրականությունից: Մենք բոլորս կարող ենք ունենալ մեր դերը խտրականության վերացման հարցում՝ կոչ անելով պետություններին իրականացնել իրենց պարտավորությունները, ինչպես նաև մեր ներդրումն ունենալ խտրական օրենքները վերացնելու գործում:

Զրո խտրականության օրը՝ մարտի 1-ին, մենք նշում ենք յուրաքանչյուր անձի՝ արժանապատվորեն և խտրականությունից զերծ լիարժեք ու երջանիկ ապրելու իրավունքը։

Արշավին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք անցնել UNAIDS-ի վեբկայք։