Ընտրվեց Փինքի նոր նախագահը
Փինքի նոր նախագահ ընտրվեց Կարինե Աղաջանյանը՝ փոխարինելով Լիլիթ Ավետիսյանին, ում օրոք կազմակերպությունը զգալի աճի և հաջողության է հասել։
Կարինեն ունի բազմաթիվ ունակություններ և հարուստ մասնագիտական փորձ մարդու իրավունքների, լրագրության և փաստաբանության ոլորտներում: Նա նաև տիրապետում է չորս լեզուների և ունի թվային անվտանգության գերազանց իմացություն:
Կարինեն Փինքում կամավոր է եղել 2011 թվականից և մասնակցել է ակտիվիստական ցույցերին՝ պաշտպանելով մարդու իրավունքները: Աշխատանքի հանդեպ նրա երկարամյա հավատարմությունը և կազմակերպության առաքելության և արժեքների խորը ըմբռնումը նրան դարձնում են թիմի արժեքավոր անդամ՝ որպես կազմակերպության նախագահ։
Կազմակերպությունն ուրախ է նրան ունենալ որպես իր նոր նախագահ և վստահ է, որ մարդու իրավունքների, ժողովրդավարության և թվային անվտանգության մասին նրա գիտելիքները կհանգեցնեն Փինքի շարունակական հաջողությանը:
Լռության օր
Ապրիլին նշվում է Լռության օրը։ Այն միջազգային բողոքի ակցիա է ընդդեմ խտրականության և բռնության, որոնց բախվում են լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր անձինք ուսումնական հաստատություններում։
Ուսումնական հաստատություններում դպրոցականների և երիտասարդների կողմից դրսևորվող խտրական, բռնի և ագրեսիվ վարքագիծը կոչվում է բուլիինգ։ Բուլիինգն արտահայտվում է ուժի իրական կամ կարծեցյալ անհավասարությամբ, որն ուղեկցվում է ֆիզիկական, խոսքային կամ խնդրահարույց սոցիալական վարքագծով։ Գոյություն ունեն ուսումնասիրություններ և վիճակագրական տվյալներ, որոնք փաստում են ուսումնական հաստատություններում առկա բուլիինգի մասին․ հայաստանյան ուսումնական հաստատությունները ևս բացառություն չեն կազմում։
Կարդացեք բուլիինգի և կանխարգելման մասին ավելի մանրամասն։
Հարձակում Պոլիգրաֆ ակումբի վրա
Ապրիլի 23-ին գիշերը ժամը 01։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանությունն առանց որևէ հիմք ներկայացնելու ներխուժել է Պոլիգրաֆ ակումբ, որը Հայաստանում եզակի ապահով վայրերից է նաև ԼԳԲՏ+ անձանց համար։ Ակումբում բոլորին պառկեցրել են հատակին և այնուհետև բռնի ուժով նրանց տարել ոստիկանական բաժանմունք։ Պոլիգրաֆի աշխատակազմն ու այցելուները ենթարկվել են դաժան ծեծի և խուզարկվելու համար մերկացվել ոստիկանության բաժնում։
Անընդունելի է ոստիկանության կողմից Պոլիգրաֆ ակումբի աշխատակիցների և այցելուների նկատմամբ բռնության գործադրումը, կոպիտ ու անհամաչափ գործողությունների կատարումը։ Ոստիկանության գործողությունները չպետք է խախտեն մարդու ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը, պատիվն ու արժանապատվությունը։ Անթույլատրելի համարելով անձանց նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի ենթարկումը՝ լիահույս ենք, որ պետկան մարմինները շուտափույթ միջոցներ կձեռնարկեն հակաօրինական դրսևորումները վերացնելու համար։ Պետությունը պետք է ստեղծի իրավահավասար և ապահով միջավայր՝ երաշխավորելով յուրաքանչուր անձի իրավունքների արդյունավետ պաշտպանությունն ու խախտված իրավունքների վերականգնումը։
Կարդացեք քաղհասարակության դատապարտող հայտարարությունը։
Լեսբի տեսանելիության օր
Ապրիլի 26-ը Լեսբի տեսանելիության օրն էր։ Այս օրը հնարավորություն է բարձրացնելու իրազեկվածությունը լեսբի կանանց մասին, ինչպես նաև տոնելու լեսբի կանանց ինքնության և նրանց փորձառությունների գեղեցիկ բազմազանությունը։
Լեսբի տեսանելիության օրը նաև գնահատում ենք այն լեսբի կանանց դերը, որոնք պայքարել են իրենց իրավունքների և տեսանելիության համար՝ ի դեմս խտրականության։ Օրվա առթիվ այս անգամ շաբաթվա ընթացքում հրապարակեցինք հայտնի լեսբի կանանց մասին կարճ պատմություններ, որոնք վերցված են «ԼԲՏ+ կանայք, որ փոխեցին աշխարհը» գրքից։
Քուիզի արդյունքների ամփոփում
Մարտ ամսին հրապարակեցինք մեր «Ի՞նչ վերաբերմունք ունեմ լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր անձանց հանդեպ» քուիզը։ Հայալեզու այս քուիզը մասնակցիներին հնարավորություն է տալիս ստուգել իրենց վերաբերմունքը լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր անձանց հանդեպ։
Համաձայն մինչ օրս գրանցած արդյունքների՝ մասնակիցների գերակշռող մասը՝ 79,4%-ը ԼԳԲՏ անձանց աջակից է, 12,9%-ը որոշակի վերապահումներ ունի, իսկ 7,7%-ն անհարմարության զգացողություն ունի ԼԳԲՏ անձանց հանդեպ։
Մեր սոցիալական ցանցերում (Facebook, Instagram, Twitter) քուիզի հրապարակումներով անցել ենք 30,000 դիտումների շեմը և այն ակտիվ ենք պահելու ամբողջ տարվա ընթացքում: