Օգանեզովան ընդդեմ Հայաստանի Հանրապետության

28-12-2023

Գործի փաստերը

  • Սույն գործի հիմքը 2012թ. մայիսի 8-ին Երևան քաղաքում ԼԳԲՏ ակտիվիստ, լեսբի կնոջը պատկանող ակումբի պայթեցումն է և այդ կապակցությամբ գործի քննությունը:
  • 2012թ. մայիսի 8-ին Երևանում գտնվող «ԴԻԱՅՈՒԱՅ» ակումբում տեղի ունեցավ պայթյուն: Եղբայրներ Ա. և Հ. Խաբազյաններին առաջադրվեց մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել, մասնավորապես, ամբաստանյալները, նախնական համաձայնություն ձեռք բերելով, կոտրել էին հիշյալ ակումբի մուտքի դռան ապակին, ապա հանրավտանգ եղանակով` իրենց հետ նախապես տարայով բերված բենզինով, դիտավորությամբ հրկիզել էին ակումբը և դիմել փախուստի:
  • 05.2012թ. հարուցված քրեական գործի շրջանակներում տուժող էր ճանաչվել <<Մեյդ Հենդ Մեյդ>> ՍՊ ընկերությունը, որին պատկանում էր ակումբը, իսկ Ա. Օգանեզովան ճանաչվել էր որպես տուժողի ներկայացուցիչ:
  • Պայթյունի կազմակերպումը, ինչպես ի սկզբանե խոստովանել էին ամբաստանյալները, պայմանավորված է եղել Օգանեզովայի լեսբի լինելու, Ստամբուլ քաղաքում գեյ շքերթի մասնակցելու, ինչպես նաև ակումբի` ԼԳԲՏ անձանց հավաքատեղի լինելու հայտնի հանգամանքների հետ: Այս մասին է վկայում փաստն առ այն, որ պայթյունից որոշ ժամանակ առաջ ակումբ են ներխուժել անձինք` փորձելով հետապնդել ու ահաբեկել այնտեղ հավաքված անձանց: Արդյունքում ԼԳԲՏ համայնքի շատ ներկայացուցիչներ և համակիրներ սկսել են վախենալ ակումբում իրենց նկատմամբ հոմոֆոբ խմբերի հնարավոր հարձակումներից:
  • Պայթյունին հաջորդող օրերի ընթացքում Օգանեզովայի նկատմամբ շարունակվել են կյանքին և առողջությանը վնաս պատճառելու, բռնության, գույքի վնասման և ոչնչացման սպառնալիքների դեպքերը: Կյանքին ուղղված սպառնալիքների արդյունքում անձը ստիպված լքել է Հայաստանը և ապաստան խնդրել Շվեդիայում:
  • Օգանեզովայի համոզմամբ ոստիկանությունը հետաքննությունն իրականացրել է թերի, չի փորձել ձեռք բերել բոլոր հնարավոր ապացույցները` հրաժարվելով իրականացնել համապատասխան քննչական գործողություններ: Հանցագործության կատարման շարժառիթը հաշվի չի առնվել, իսկ Օգանեզովան, ում դեմ իրականում հենց ուղղված է եղել հանցագործությունը, չի ճանաչվել տուժող: Կալանավորված անձանց նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվել է «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության պատգամավորի կողմից ներկայացված գրավի դիմաց:
  • Առաջին ատյանի դատարանի վճռով ամբաստանյալները դատապարտվել են երկու տարվա ազատազրկման, սակայն կիրառվել է պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ դրույթը և նրանք ազատ են արձակվել:
  • Վերաքննիչ դատարանը վճիռը թողել է անփոփոխ, իսկ վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ չի ընդունել:

Պետությունը չի կատարել իր պարտավորությունները, մասնավորապես չի կարողացել մարդկանց պաշտպանել ոտնձգություններից` ստեղծելով ապահով միջավայր, ինչպես նաև չի կարողացել պատասխանատվության կանչել իրավախախտներին` թույլ տալով հետագա իրավախախտումներն ու դրանց շարունակականության հնարավորություն:

Գործի ռազմավարական նշանակությունը.

Առանձին գործերով ՀՀ ներպետական ատյաններ և այնուհետև Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայցադիմումներ, բողոքներ, գանգատներ ներկայացնելով «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն  նպատակ ունի այդ դեպքերով անցկացված դատավարությունների արդյունքում առաջ քաշել իրավական թերի կարգավորումները և իրավական բացերը, իրավակիրառ պրակտիկայում առկա այլ խնդիրները և փորձել դրանց լուծումներ գտնել` միջազգային ատյանների դիրքորոշումների միջոցով, ինչպես նաև նպաստել հանրային իրազեկվածության բարձրացմանը:

Ռազմավարական դատավարությունների նպատակը ոչ միայն կոնկրետ անձի շահերի պաշտպանության նպատակով դատարան բողոքների ներկայացումն է, այլ նաև դրանց միջոցով սոցիալական արդարության և ապահով միջավայրի ստեղծումն է հասարակության խմբերի համար, ովքեր ունեն կամ կարող են ունենալ նմանատիպ խնդիր:

Դատական նախադեպերի ձևավորման արդյունքում հնարավոր կլինի հասնել փոփոխությունների ոչ միայն իրավական, այլ նաև սոցիալական, քաղաքական ոլորտներում:

Սույն գործով ներպետական դատարանները հնարավորություն չեն ունեցել քննելու անձի սեռական կողմնորոշման հիմքով պայմանավորված խտրականությամբ կատարված հանցագործությունը, քանի որ սեռական կողմնորոշման հիմքով խտրականությունը որպես արարքի ծանրացնող հանգամանք ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված չէ և գործի քննության ընթացքում հաշվի չի առնվում որպես հանցագործության կատարման շարժառիթ:  Արդյունքում իրավախախտները կարողանում են խուսափել պատասխանատվությունից:

Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատի իրավական հիմքերը.

Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատում Օգանեզովան վիճարկում է պետության կողմից Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով ճանաչված անմարդկային և արժանապատվությունև նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի (հոդված 3), մասնավոր և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի (հոդված 8), ազատ կամարտահայտության իրավունքի (հոդված 10), ինչպես նաև արդարադատության մատչելիության իրավունքի(հոդված 13՝ 3-րդ, 8-րդ և 14-րդ հոդվածների լույսի ներքո), խտրականության արգելքի իրավունքի (հոդված 14՝ 3-րդ, 8-րդ և 13-րդ հոդվածների լույսի ներքո) խախտումները :

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումը կլրացվի: