Շուռնուխում տեղի ունեցած բռնությունը

28-12-2023

2018 թվականի օգոստոսին ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում հանգստացող 9 երիտասարդների, այդ թվում՝ ԼԳԲՏ ակտիվիստների նկատմամբ տեղի ունեցած բռնությունը մեծ աղմուկ բարձրացրեց և հետագայում լայն արձագանք ստացավ հանրության շրջանում։ Տեղի ունեցած բռնության վերաբերյալ շահարկումները չեն դադարում մինչ օրս։

Գործի փաստերը

  • 03․08․2018 թ․՝ ժամը 20:00-ի սահմաններում, Շուռնուխում հանգստացող 9 երիտասարդներ, այդ թվում՝ ԼԳԲՏ ակտիվիստներ, հարձակման են ենթարկվել նույն գյուղի և Սյունիքի մարզի Գորիս քաղաքի ավելի քան 20 բնակիչների կողմից: Բնակիչները հայհոյել են երիտասարդներին, վիրավորել նրանց՝ կապված նրանց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հետ: Միաժամանակ հարվածել են երիտասարդներին ձեռքերով, ոտքերով, նրանց վրա քարեր են նետել, հետապնդել են նրանց, վազել նրանց հետևից, վախեցրել՝ այդ ճանապարհին նույնպես քարերով հարվածներ հասցնելով:
  • 08.2018 թ. դեպքի առթիվ Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեկան օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով (ծեծ)։
  • Հանցագործությունից տուժած 9 երիտասարդները ճանաչվել են որպես գործով տուժողներ:
  • Նախաքննության ընթացքում թե՛ տուժողները, թե՛ հանցավորները բազմիցս հայտնել են, որ հանցագործությունը տեղի է ունեցել տուժողների սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության ու արտահայտման նկամամբ ատելության պատճառով։ Հանցավորները այդ մասին նշել են նաև հետագայում տարբեր լրատվամիջոցներին իրենց տված հարցազրույցների ընթացքում։ Չնայած դրան՝ քննչական մարմինը անտեսել է և քննության առարկա չի դարձրել հանցագործությունը խտրական շարժառիթով կատարելը: Որևէ անձ չի ներգրավվել որպես գործով մեղադրյալ։
  • 11.2018 թ. գործով վարույթն իրականացնող քննիչը որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու, ոտնձգություն իրականացրած 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ համաներման ակտի ընդունման հիմքով։
  • Վարույթն իրականացնող քննիչի տարբեր որոշումներով հանցավոր ոտնձգություն իրականացրած մյուս անձանց նկատմամբ քրեական հետապնդում նույնպես չի իրականացվել այն հիմքով, որ նրանց գործողությունները հանցակազմ չեն պարունակում, այլ կերպ ասած՝ նշված անձինք հասցրել են ընդամենը 1 հարված, որը ՀՀ քրեական օրենսգրքի իմաստով ծեծ չի համարվում։
  • Վարույթն իրականացնող մարմնի որոշումները բողոքարկվել են վերադասության կարգով՝ գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, այնուհետև դատարան։
  • 2019 և 2020 թթ․ ընթացքում ՀՀ դատարանները կայացրել են թվով 3 որոշումներ, որոնցով արձանագրել են, որ վարույթն իրականացնող մարմինը չի իրականացրել գործով լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, թույլ է տվել մի շարք թերացումներ, մասնավորապես՝ հաշվի չի առել հանցավոր ոտնձգությունների արդյունքում տուժողներին պատճառված հոգեկան տառապանքը, հանցագործությունը նրանց ՍԿԳԻ հիմքով կատարելու շարժառիթը, չի պարզել տուժողներին պատճառված վնասի հատուցման հանգամանքը։
  • Դատական որոշումների արդյունքում գործով քննությունը վերսկսվել է։
  • Քննությունը վերսկսելուց հետո վարույթն իրականացնող մարմինը կրկին պատշաճ ուշադրության չի արժանացրել հանցագործության խտրական շարժառիթը։ Որևէ անձ որպես գործով մեղադրյալ չի ճանաչվել։ Գործով քննություն չի իրականացվել ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ (մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտելը) և 119-րդ (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) հոդվածներով։
  • 02.2021 թ. վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին, այս անգամ՝ քրեական պատասխանատվության ենթարկելու համար վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։
  • Վարույթն իրականացնող մարմնի որոշումը բողոքարկվել է վերադասության կարգով։ Գործն այժմ գտնվում է նախաքննության նկատմամբ դատական վերահսկողության փուլում։

Գործի ռազմավարական նշանակությունը

Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ապահովել անձի իրավունքների իրացումը առանց նրա որևէ հատկանիշի նկատմամբ խտրականության։ Պետությունը պետք է ստեղծի իրավունքների իրացման համար պատշաճ միջավայր, ինչպես նաև այնպիսի իրավական մեխանիզմներ, որոնցով ոտնձգություններից տուժած անձինք կկարողանան վերականգնել իրենց խախտված իրավունքները։

Չնայած ներպետական օրենսդրությամբ սահմանվում է խտրականությունից զերծ լինելու իրավունքը, սակայն սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը ուղղակիորեն ընդգրկված չեն խտրականությունից պաշտպանվող հիմքերի ցանկում։ ՀՀ քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում խտրականության հիմքով անձի իրավունքերը և ազատությունները խախտելու համար, որտեղ, սակայն, նույնպես ՍԿԳԻ-ն ուղղակիորեն նշված չեն որպես պաշտպանվող հատկանիշներ։

ՀՀ օրենսդրությամբ պաշտպանվող հատկանիշների ցանկը բաց է, իսկ մարդու իրավունքների պայմանագրերի վրա գործող մարմինների իրավակիրառ պրակտիկան ցույց է տալիս, որ ՍԿԳԻ-ն համարվում են խտրականությունից պաշտպանվող այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են սեռ, ռասան և այլն։ Այնուամենայնիվ, ՀՀ օրենսդրությամբ այդ հիմքերը ուղղակիորեն չնախատեսելը հանգեցնում է նրան, որ իրավական պաշտպանության այս մեխանիզմը չի կիրառվում ըստ նշանակության։ Սա փաստարկվում է այն հանգամանքով, որ թե՛ Փինքի կողմից վարվող որևէ գործով, թե՛ ընդհանուր իրավակիրառ պրակտիկայում որևէ հանցավոր ոտնձգություն չի որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածով՝ սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության նկատմամբ խտրականության հիմքով։

Շուռնուխի գործի հանրային լայն հնչեղությունը հնարավորություն է տալիս բարձրաձայնելու ՀՀ-ում ԼԳԲՏ անձնանց իրավունքների պաշտպանության օրենդրական բացերի հարցը։ Սրանով մենք նպատակ ունենք հասնելու ներպետական օրենսդրության մեջ առկա մեխանիզմների գործարկմանը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ օրենսդրական փոփոխությունների, ընդհուպ մինչև սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը ՀՀ օրենքներում և ՀՀ Սահմանադրությունում՝ որպես խտրականությունից պաշտպանվող հատկանիշներ, ուղղակիորեն նախատեսելուն և խտրականության կանխարգելման մասին առանձին իրավական ակտ ընդունելուն։

Միևնույն ժամանակ՝ նպատակ ունենք բարձրացնելու հանրային իրազեկվածության մակարդակը ԼԳԲՏ անձնանց, նրանց նկատմամբ խտրականության, իրանց իրավունքների ոտնահարումների վերաբերյալ՝ հասնելու համար Հայաստանում ԼԳԲՏ անհատների նկատմամբ հանրային տրամադրությունների փոփոխությանը։