Skip to content Skip to footer

Ջատագովության երկարաժամկետ ռազմավարություն

Մարտի 6-ին Երևանում տեղի ունեցավ «ԼԳԲՏԻ հիմնակահարցերն այլ տեսանկյունից» կոնֆերանսը, որի ժամանակ ներկայացվեց «Ջատագովության երկարաժամկետ ռազմավարություն․ ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրադրության բարելավմանն ուղղված»…

«ԼԳԲՏԻ հիմնահարցերն այլ տեսանկյունից» կոնֆերանս Երևանում

Մարտի 6-ին Երևանում տեղի ունեցավ «ԼԳԲՏԻ հիմնակահարցերն այլ տեսանկյունից» կոնֆերանսը, որը կազմակերպվել էր «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի և գործընկերների համատեղ ջանքերով իրականացվող «ԼԳԲՏԻ անձանց մարդու իրավունքների խթանում հայաստանյան հասարակությունում» ծրագրի շրջանակներում, որը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցության միջոցով։ Կոնֆերանսի ժամանակ ներկայացվեցին և քննարկվեցին ծրագրի արդյունքում մշակված փաստաթղթերը և նախագծերը, ինչպես նաև կատարված հետազոտությունները։ «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի խորհրդի անդամ Նվարդ Մարգարյանը ներկայացրեց ԼԳԲՏԻ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս, ինտերսեքս) անձանց մարդու իրավունքների իրադրությունը Հայաստանում, նշելով, որ հաճախ են խախտվում ԼԳԲՏԻ անձանց իրավունքները և տարբեր ոլորտներում նրանք բախվում են խտրական վերաբերմունքի։ Հելսինկյան ասոցիացիա ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցը ներկայացրեց ծրագրի շրջանակներում իրենց իրականացրած հարցազրույցները, միջոցառումները, ինչպես նաև անդրադարձավ Հայաստանում ԼԳԲՏԻ հարցերին՝ ներկայացնելով քաղաքական ուժերի և պետական մարմինների ներկայացուցիչների անդրադարձների մշտադիտարկման արդյունքները։ Կոնֆերանսի ժամանակ Փինքի նախագահ Լիլիթ Ավետիսյանը և ՀԿ-ի իրավաբան Հասմիկ Պետրոսյանը ներկայացրեցին ԼԳԲՏԻ անձանց մարդու իրավունքների իրադրության բարելավմանն ուղղված ջատագովության երկարաժամկետ ռազմավարությունը։ Միջոցառման ընթացքում խոսվեց Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների իրադրության, առկա խնդիրների և անհրաժեշտ օրենսդրական և քաղաքականության փոփոխությունների մասին, մասնավորապես ներկայացվեց «Գենդերային վերափոխության իրավական ճանաչման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը և օրենքի անհրաժեշտության հիմնավորումը, որն իրականացրել էր Նոր Սերունդ մարդասիրական ՀԿ-ն։ Կոնֆերանսին ներկայացվեցին նաև հայկական համատեքստում սեռականության հարցերին վերաբերվող հետազոտությունը, որն իրականացրել էր «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոնը, ինչպես նաև «Որոշում կայացնողների և կարծիք ձևավորողների դիրքորոշումները ԼԳԲՏ ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության ոլորտում» հետազոտության վերլուծությունը, որն իրականացրել էր Կանանց Ռեսուրսային Կենտրոն ՀԿ-ն։ Կոնֆերանսին ներկա էին ներկայացուցիչներ տեղական և միջազգային կազմակերպություններից, Ազգային ժողովից, ոստիկանությունից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, քաղաքացիական հասարակությունից։

Տեղի է ունեցել ՄԻԱՎ-ի խնդիրներին նվիրված «ՄԻԱՎորենք ջանքերը» համաժողովը

Հոկտեմբերի 2-ին ՄԻԱՎ-ի հակազդման ազգային կոնսորցիումը, որի կազմում են «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ը, «Ներուժ զարթոնքի» ՀԿ-ը և «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ը (Փինք Արմենիա), ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում կազմակերպեցին «ՄԻԱՎորենք ջանքերը» ազգային համաժողովը, որի նպատակն էր Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող անձանց և ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել վտանգի ենթարկվող բնակչության խնդիրների վերհանումը և դրանց լուծման ուղիների որոնումը: Միջոցառմանը ներկայացվել է հետազոտություններ, միջազգային և տեղական փաստաթղթերի ուսումնասիրություններ, մասնավորապես, «ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, ԼԳԲՏ անձանց և ԹՆՕ-ների նկատմամբ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում խտրականության դրսևորումների ուսումնասիրություն», «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման քաղաքականություններում և ծրագրերում գենդերային զգայուն չափորոշիչների ներդրման հնարավորությունը Հայաստանում» զեկույցները։ 2018թ․ Հայաստանում 296-ով ավելացել է ՄԻԱՎ վարակ ունեցողների գրանցված թիվը։ 1988թ․ մինչև 2018թ օգոստոսի 31-ը Հայաստանում գրանցվել է 3204 ՄԻԱՎ-ով ապրող մարդ, որոնց գերակշռող մասը՝ 69%-ը (2222), տղամարդ է։  Հայաստանում ՄԻԱՎ-ը ամենաշատը փոխանցվում է հետերոսքուալ սեռական հարաբերությունների միջոցով՝ 69%, այնուհետև՝ ներարկային՝ 29%, իսկ հոմոսեքսուալ ճանապարհով փոխանցվելու դեպքերը 4% են կազմում։ Հանդիպմանը մասնակցել են պետական, միջազգային և տեղական կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ։ Հանդիպմանը նաև ներկայացվել է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ վերաբերմունքը արտահայտող սոցիալական փորձարկում, որը կարող եք դիտել ստորև։