Skip to content Skip to footer

Գեյթ 5 – Հանդուրժողականության խնդրի կարևորում

IMG_4071Օրեր առաջ ավարտվեց թվով 5-րդ GATE (հայերեն` դարպաս) «Գենդեր, Ակտիվիզմ, Հանդուրժողականություն, Հավասարություն» երիտասարդական ճամբար: Ամենամյա ճամբարը իրականացվում է 2011թ-ից սկսած, և նպատակ ունի համախմբել քաղաքացիական հասարակության ակտիվիստների, ովքեր կզբաղվեն գենդերային հինմնահարցերով, կբարձրաձայնեն քաղաքացիական հասարակության հիմնախնդիրներ, կփորձեն դրանց լուծումներ տալ և կխթանեն ՀՀ-ում քաղաքացիական ակտիվիզմը և մարդու իրավունքների պաշտպանությունը: Ճամբարի մասնակիցները Երևանից և Հայաստանի տարբեր բնակավայրերից էին` Գորիս, Մեղրի, Սևան, Թթու ջուր, Ջանֆիդա, Արարատ, Արենի, Ալավերդի քաղաքներից ու գյուղերից: 5 օրերի ընթացքում մասնակիցները կիսվեցին իրենց փորձով, քննարկեցին այնպիսի երևույթներ, ինչպիսիք են կարծրատիպերը, նախապաշարմունքները և խտրականությունը, ժողովրդավարությունն ու քաղաքացիական հասարակությունը, արվեստը և ակտիվիզմը, սեռականությունն ու գենդերային հավասարությունը, առաջնորդությունը և հաղորդակցությունը, ծրագրերի մշակումը և կառավարումը: Ճամբարի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան հանդիպելու ոլորտում ներգրավված մասնագետների (կանանց իրավունքների պաշտպաններ, լրագրողներ, բնապահպաններ և իրավապաշտպաններ), ովքեր կիսվեցին իրենց փոձով, գիտելիքներով ու հմտությամբ, պատասխանեցին մասնակիցներին հուզող հարցերին: GATE երիտասարդական ճամբարի մասնակիցները ճամբարի ընթացքում պատրաստեցին 3 սոցիալական տեսահոլովակներ` ներկայացնելով իրենց բողոքն ու անհանգստությունն ընդդեմ անհանդուրժողականության ու նախապաշարմունքների:

Կամավորություն

pins and bracelets«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության գործունեության գլխավոր շեշտադրումներից մեկը միշտ եղել է և մնում է կամավորների հետ աշխատանքը: Արդեն ավանդույթ դարձած կամավորների հետ հանդիպումները` անցած ամիսների աշխատանքները ամփոփելով, առաջիկա անելիքները քննարկելով, այս տարի ևս անմասն չմնացին կազմակերպության օրակարգից: Սեպտեմբերի 9-ին և 11-ին «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (ՓԻՆՔ Արմենիա) ՀԿ-ն իր գրասենյակում հյուրընկալեց ավելի քան 20 կամավորների: Ոմանք արդեն մի քանի տարվա կամավորական փորձ ունեին ՓԻՆՔ-ում, մյուսները` համեմատաբար նորեկներ էին: Հաճելի էր, որ մեր կամավորական ընտանիքի շարքերը ցանկություն ունեին համալրել նաև ոլորտում առաջին քայլեր կատարողները: Հանդիպումների ընթացքում կամավորները հնարավորություն ունեցան ծանոթանալ միմյանց հետ, կազմակերպության գործունեությանը և նորություններին, մեր` ինչպես միջազգային,այնպես էլ ազգային 50-ից ավել կամավորների կատարած աշխատանքներին: Միջոցառման ժամանակ ՓԻՆՔ-ն իր առավել ակտիվ և նվիրված կամավորներին շնորհակալգրեր հանձնեց` նվիրված աշխատանքի և կազմակերպության գործունեության մեջ իրենց ներդրումն ունենալու համար: 5 հետաքրքիր փաստ կամավորության մասին
  • Աշխարհում կամավորների թվով առաջին երեք պետություններն են` Նորվեգիան (բնակչության 57%-ը), Լյուքսեմբուրգը (բնակչության 55%-ը) և Կամերունը (բնակչության 53%-ը):
  • Կամավորների 70% մասնակցել է չվարձատրվող աշխատանքների` կյանքի, մարդկանց և աշխատանքի մասին իրենց պատկերացումները վերանայելու նպատակով:
  • Հարավային Կորեայում կամավորության տնտեսական արժեքը մեկ տարում 2 միլլիարդ ԱՄՆ դոլար է կազմում:
  • 1998թ.ին ԱՄՆ-ում կամավորական գործունեությամբ է զբաղվել ավելի քան 109 միլլիոն չափահաս բնակիչ:
  • Ճապոնիայի բնակչության 26%-ը կամավորության փորձ ունի: Նրանց 48%-ը կարծում է, որ կամավորական աշխատանքը նպաստում է անձնային աճին և հասարակության զարգացմանը: