Skip to content Skip to footer

Արտագաղթում են ԼԳԲՏ անձիք, տուժում է պետությունը. զեկույցի քննարկում

LGBT emigration printed reportsԻնչպե՞ս ցույց տալ, որ ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձիք հասարակության մի մասն են և իրենց ինքնությունն ամենևին չի նվազեցնում պետությանն օգտակար լինելու հանգամանքը: Միջոցներից մեկը` կատարել սոցիալ-տնտեսական հետազոտություն` պարզելու, թե իրենց աշխատուժով ինչ օգուտներ կարող են տալ ու մեկուսացման դեպքում, ինչ կորուստներ կկրի պետությունը: ԼԳԲՏ անձանց ճնշելու պատճառով կրած նյութական վնասները կհամոզի՞ իշխանություններին, որպեսզի վերանայեն իրենց դիրքորոշումը խոցելի այդ խմբի նկատմամբ: 2011-2013թ. կտրվածքով Հայաստանի բյուջեն մոտ 20 միլիոն դոլար է կորցրել ԼԳԲՏ անձանց արտագաղթի պատճառով, իսկ մոտակա 12 տարիներին ԼԳԲՏ մարդկանց Հայաստանը լքելու հետևանքով երկրի բյուջեն 370 միլիոն դոլարի կորուստ կունենա: Այդ մասին է փաստում «Հանրային տեղեկատվության և գետիլիքի կարիք» և ««Սոցիոսկոպ» հասարակագիտական հետազոտությունների և խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ների իրականացրած հետազոտությունը: Փետրվարի 13-ին ուսումնասիրության վերաբերյալ տեղի ունեցած քննարկմանը գրող Արմեն Օհանյանը կասկած հայտնեց, թե իշխանություններին կհետաքրքրի այս զեկույցը. «Կասեն` 20 միլիոն պակասում է, թող պակասի, բայց, հո, գենը մաքուր կմնա», - հեգնանքով նկատում է նա: Հետազոտությանը մասնակցած սոցիոլոգ Աննա Ժամակոչյանը, պատասխանելով այդ դիտարկմանն, ասում է, որ այստեղ կարևոր է, որպեսզի ԼԳԲՏ մարդկանց խնդիրը հասարակությունից անջատ չդիտարկվի, այլ մտածողություն ձևավորվի` եթե ինչ-որ խումբ խնդիր է ունենում, այն անդրադառնում է բոլորի վրա: Հետազոտության համաձայն, ԼԳԲՏ մարդկանց արտագաղթի հետևանքով Հայաստանը նաև կորուստներ է կրել նրանց կրթության վրա ներդրումներ անելու արդյունքում: Այսպես` 2011-2013թթ. այդ գծով պետությունը միանվագ կորցրել է մոտ 21 միլիոն դոլար: Կանանց ռեսուրսային կենտրոնի տնօրեն Լարա Ահարոնյանի կարծիքով, ԼԳԲՏ առնչվող խնդիրները պետք է հենց իրենք բարձրացնեն, քանի որ մարդը չի կարող մի հարցի մասին խոսել, որի իրականությունն ինքը չի զգացել: Համաձայնելով Ահարոնյանի հետ` Օհանյանը ավելացրեց, որ այսօր Հայաստանում չկա կարծիք ստեղծող կամ հասարակության մեջ հեղինակություն վայելող մի մարդ, որը բացահայտել է իր սեռական կողմնորոշումը. «Աձնական անվտանգության հարցը լուծված չէ, որ դրա մասին բացահայտ խոսել լինի», - ասում է նա: Հարցումները ցույց են տալիս, որ ի տաբերություն մյուս արտագաղթողների, որոնց երկիրը լքելու հիմնական պատճառը տնտեսական խնդիրներն են, ԼԳԲՏ անձիք հեռանում են իրենց նկատմամբ խտրականությունների պատճառով: Ուսումնասիրության հիման վրա ՀՀ իշխանություններին առաջարկություն է արված հակախտրական օրենսդրություն ընդունել:

ԼԳԲՏ էմիգրացիայի ազդեցությունը Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա

«Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» եւ «Սոցիոսկոպ» հասարակագիտական հետազոտությունների և խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ները պատրաստել են Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա ԼԳԲՏ էմիգրացիայի ազդեցության վերաբերյալ զեկույց: Նախագծի նպատակն էր հետազոտել 2011-2013թթ. ընթացքում ԼԳԲՏ համայնքի նկատմամբ առկա խտրականության հետևանքով ԼԳԲՏ անձանց անվերադարձ արտագաղթի ազդեցությունը Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա և արտացոլել այդ փոփոխությունները երկարաժամկետ հեռանկարում։ Այս հետազոտության հաշվարկները ցույց են տալիս, որ 2011-2013թթ. արտագաղթած միջին վիճակագրական մեկ հայաստանցու կրթության համար ծախսվել է առնվազն 3545 ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Մոտավոր գնահատումների համաձայն՝ խտրականության պատճառով 2011-2013թթ Հայաստանից արտագաղթել է մոտ 5891 ԼԳԲՏ հայաստանցի, ինչը նշանակում է, որ ԼԳԲՏ արտագաղթողների՝ միայն կրթության գծով ներդրումների մասով հասարակությունը միանվագ կորցրել է մոտ 21 միլիոն դոլար: Ինչ վերաբերում է ՀՆԱ-ի չստացված եկամուտներին, ապա հաշվարկների համաձայն՝ արտագաղթողի հեռանալուց մեկ տարվա ընթացքում 2011-2013թթ. Հայաստանը չի ստացել լրացուցիչ մոտ 88 միլիոն, 365 հազար ԱՄՆ դոլար: Սա արտագաղթելուց միայն մեկ տարի անց հաշվարկվող վնասն է, սակայն իրականում այդ վնասն առկա է նաև արտագաղթողի՝ մինչև թոշակի անցնելն ընկած ժամանակահատվածի բոլոր տարիներին: Իսկ բյուջեի եկամուտները 2011-2013թթ. բոլոր 3 տարիներին միասին վերցրած կարող էին մոտ 20 միլիոն դոլարով մեծ լինել, եթե խտրականության պատճառով հեռացած ԼԳԲՏ անձինք մնային Հայաստանում: 2011-2013թթ. ԼԳԲՏ 5891 անձանց արտագաղթի արդյունքում պետական բյուջեն առաջիկա ավելի քան 36 տարիների ընթացքում (մինչև թոշակի անցնելը) կկորցնի մոտ 2 միլիարդ դոլար եկամուտ՝ 2014թ. հունվարի 1-ի գնողունակությամբ: Առաջիկա 12 տարիներին 2014-2025թթ. (եթե ընդունենք, որ մոտակա տարիներին Հայաստանից արտագաղթի տեմպը կպահպանվի 2011-2013թթ. միջին տարեկանի չափով (39273 մարդ), ՀՆԱ աճը կլինի մոտ 5 տոկոս, իսկ PPP (գնողունակության համարժեք)-ի գործակիցը կմնա անփոփոխ) ԼԳԲՏ անձանց արտագաղթի պատճառով ՀՆԱ-ն կունենա մոտ 3 միլիարդ դոլարի կորուստ՝ 2014-ի հունվարի մեկի գնողունակությամբ և PPP-ով ճշգրտված, իսկ բյուջեն՝ 370 մլն դոլար՝ հաշվարկված 2014-ի հունվարի մեկի գնողունակությամբ: Ամբողջական զեկույցը բաղկացած է սոցիոլոգիական ուսումնասիրությունից եւ տնտեսական գնահատումից: Ամբողջական զեկույցը կարող եք կարդալ այստեղ:
Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial