Skip to content Skip to footer

Շնորհավոր ուսումնական առաջին օրը

Սեպտեմբերի 1-ը Հայաստանում նշվում է որպես գիտելիքի և դպրության օր: Այն հատկապես կարևոր օր է տարրական, միջին և ավագ դպրոցների, միջին մասնագիտական և բարձրագույն կրթական հաստատություն ընդունվողների և սովորողների համար:
«Ինչքան ապրում եմ այնքան սովորում եմ, ինչքան սովորում եմ այնքան գիտակցում եմ, թե ինչքան քիչ գիտեմ» ― Միշել Լեգրան «Գիտելիքը զրահ է բոլոր տեսակ դժբախտությունների դեմ» ― Աբու Ռուդաքի
booksՅուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Կրթությունը պետք է նպատակաուղղված լինի անձի լիարժեք զարգացմանը և մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի ամրապնդմանը: Համաձայն ՀՀ Կրթութության մասին օրենքի` պետությունը ապահովում է յուրաքանչյուրի կրթության իրավունքը` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային դրությունից կամ այլ հանգամանքներից: Նույն օրենքում նշված է նաև, որ պետությունը անհրաժեշտ պայմաններ է ստեղծում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների զարգացման առանձնահատկություններին համապատասխան կրթություն ստանալու և սոցիալական հարմարվածությունն ապահովելու նպատակով։ Այսինքն պետությունը պարտավոր է ապահովել հաշմանդամություն ունեցող աշակերտների և ուսանողների կենսագործունեության միջավայրի մատչելիությունը: Սակայն այդ միջավայրը մեր հանրապետությունում գրեթե չի ապահովվում: Հիշենք այս տարվա մարտին աղմուկ հանած սպիտակցի աղջնակի դեպքը, ով ուներ առաջին կարգի հաշմանդամություն և չէր կարողանում դպրոց գնալ չնայած լավ առաջադիմությանը: Աղջկա մայրը պնդում էր, որ պետությունն ուղղակի գումար էր խնայում` նրա համար միայն մայրենի լեզվի և մաթեմատիկայի դասեր կազմակերպելով։ Իսկ որքան շատ են դեպքերը, որոնց մասին հանրությունը տեղեկություն անգամ չունի: Հասարակական անհանդուրժողականության ու առկա խարանների պատճառով շատ ծնողներ գերադասում են իրենց երեխաներին զերծ են պահել սոցիալական գործունեությունից և թույլ չեն տալիս նրանց կրթություն ստանալ հանրային դպրոցներում: Այս ամենին գումարվում են նաև անհրաժեշտ կենսագործունեություն միջավայրի ապահովման պետական քաղաքականության թերացումները՝ չնայած, որ օրենսդրական դաշտը հավասար պայմանների ստեղծման առումով կարգավորված է։ Հայաստանում ներառական կրթության մասին կարգն ընդունվել է 2010թ. սեպտեմբերին: Ներառական կրթություն ունեցող դպրոցների թիվը 139 է: Մնում է հուսալ, որ մոտ ապագայում դրական փոփոխություններ կարձանագրվեն։ Ուսումնական հաստատությունները պետք է ապահով տարածք լինեն բոլորի համար անկախ աշակերտների և ուսանողների էթնիկ պատկանելությունից, կրոնից, արտաքին հատկանիշներից, սեռից, սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից և սոցիալական ու անձնային այլ հատկանիշներից: Հայաստանում գրեթե բոլոր կրթական հաստատություններում կարելի է հանդիպել այնպիսի երևույթների, ինչպիսիք են ծաղրանքը, վիրավորանքը, խտրականությունը, բռնությունները, ատելության կոչերը, վերաբերմունք, որ նվաստացնում է մարդկային արժանապատվությունը և ոտնահարում մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները և այս ամենը կատարվում է ոչ միայն հասակակիցների այլ նաև ուսուցիչների կողմից: Աշակերտներն ու ուսանողներն իրենց օրվա մեծ մասն անց են կացնում և սոցիալականացվում են ուսումնական հաստատություններում, ուստի շատ կարևոր է, որ կրթական հաստատությունները արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքից զերծ և ապահով տարածք լինեն նրանց համար։ Բուլինգը մեծ ռիսկ է երեխաների, պատանիների եւ երիտասարդների առողջության համար ցանկացած հասարակությունում: Կրթական պայմանները, որտեղ տեղի են ունենում նվաստացումներն ու բռնությունները պետք է ուսումնասիրվեն եւ հասկացվեն և իրականացվեն կանխարգելման միջոցառումներ։ Կրկին հիշենք այս տարվա աղմկոտ դեպքերից․Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոցի 6բ դասարանի աշակերտ Հովհաննես Ղազարյանին ով հրաժարվել էր համադասարանցիների պահանջով փոխել դպրոցը։ Համադասարանցիներն էլ փոխել էին իրենց դասարանը, դպրոցի տնօրեն Գայանե Դեմիրյանը նույնիսկ հրաման էր ստորագրել՝ «6բ դասարանի թվով 24 սովորողներից 23-ի տեղափոխման պատճառով 6բ դասարանը համարել փակված»։ Կարևոր է հասկանալ, որ մյուսների իրավունքների նկատմամբ հարգանքն ու հավասարության գիտակցումը նույնպես կազմում է կրթության մի մասը: Շնորհավորում ենք բոլոր աշակերտների և ուսանողների առաջին ուսումնական օրը և մաղթում, որ ուսումնական հաստատությունները ապահով տարածք լինեն նրանց բոլորի համար:

Մամուլի ազատության համաշխարհային օր

wpfd-logoԱրդեն 21 տարի է, որ մայիսի 3-ը նշվում է որպես Մամուլի ազատության համաշխարհային օր: 1993 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հատուկ բանաձևով մայիսի 3-ը հռչակեց Մամուլի ազատության օր: Մայիսի 3-ն ընտրվել է այն պատճառով, որ 1991 թվականի այդ օրը Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում աֆրիկյան երկրների ազատ մամուլի ներկայացուցիչները ընդունել են Վինդհուկյան հռչակագիրը, որով կոչ էր արվում կառավարություններին ապահովել խոսքի և մամուլի ազատությունը: Հռչակագիրն ընդունում էր, որ ազատ և անկախ մամուլի առկայությունը յուրաքանչյուր ժողովրդավար հասարակության կարևորագույն բաղադրիչն է հանդիսանում: 1993 թվականի հռչակագրի ընդունումից հետո ՅՈւՆԵՍԿՕ-ն նախաձեռնել է խոսքի և մամուլի ազատությունը պաշտպանելու համաշխարհային արշավ։ Մամուլի ազատության հարցում միջազգային համագործակցության էական նվաճումներից մեկը Լրագրողների անվտանգության ՄԱԿ-ի գործողությունների ծրագիրն է, որին միացել են ՄԱԿ-ի կառույցների բոլոր ղեկավարները։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հոդված 19-ն ասում է, որ յուրաքանչյուր ոք ունի համոզմունքների ազատության և դրանք ազատորեն արտահայտելու իրավունք։ Այդ իրավունքը ներառում է սեփական համոզմունքներին հավատարիմ մնալու և ցանկացած միջոցներով ու անկախ պետական սահմաններից՝ տեղեկություններ ու գաղափարներ որոնելու, ստանալու ու տարածելու ազատություն։ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածում էլ նշված է, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն:Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է։ Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի և հեռուստատեսության առկայությունը և գործունեությունը։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը ամեն տարի հրապարակում է «Մամուլի ազատության» զեկույցը, որում երկրներն, ըստ մաուլի ազատության կարգավիճակի, բաժանված են 5 խմբերի՝ վտանգավոր վիճակ, բարդ վիճակ, նկատելի խնդիրներ ունեցող, բավարար վիճակ, լավ վիճակ։ Մամուլի ազատության ցուցանիշով լավագույն երկրներն են Ֆինլանդիան, Նիդերլանդները, Նորվեգիան, վատագույնը՝ Էրիտրեան, Հյուսիսային Կորեան, Թուրքմենստանը: 2014 թվականի տվյալներով Հայաստանը 180 երրներից զբաղեցնում է 78-րդ տեղը` ընդգրկվելով նկատելի խնդիրներ ունեցող երկրների խմբի մեջ: Մամուլի ազատության օրը առիթ է տեղեկացնելու քաղաքացիներին մամուլի ազատության նկատմամբ բռնությունների մասին, հիշեցում, որ աշխարհի տասնյակ երկրներում հրատարակությունները գրաքննվում, տուգանվում, կասեցվում և փակվում են, իսկ լրագրողները, խմբագիրները և հրատարակիչները հալածվում են, հարձակման են ենթարկվում, կալանավորվում և նույնիսկ սպանվում են: Մայիսի 3-ի հիմանական նպատակն է նշել մամուլի ազատության հիմնարար սկզբունքները, գնահատել մամուլի ազատությունը ամբողջ աշխարհում, պաշտպանել լրատվամիջոցներին հարձակումներից, հարգանքի տուրք մատուցել լրագրողներին, ովքեր կորցրել են իրենց կյանքը աշխատանքային պարտականությունները կատարելիս: Մամուլի ազատության օրվա կապակցությամբ ամեն տարի տրվում է լրագրողական եվրոպական մրցանակը, որը օրվա միջոցառումների մասն է կազմում: Միջազգային անկախ լրագրողների ժյուրին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գիլյերմո Կանո մամուլի ազատության 2014 թվականի մրցանակակիր է ճանաչել թուրք հետաքննող լրագրող Ահմետ Շիկին: Շիկը խոսքի ազատության եռանդուն պաշտպան է և իր աշխատանքը նվիրել է կոռուպցիայի եւ մարդու իրավունքների ոտնահարումների դատապարմանը: Ամեն տարի մամուլի ազատության օրվա համար ընտրվում է որոշակի թեմա: 2014 թվականին Մամուլի ազատության օրվա թեման է «Մամուլի ազատությունը ավելի լավ ապագայի համար. ձևավորելով 2015-ի զարգացման օրակարգը»: [:]