Skip to content Skip to footer

Ապրիլի 12-ը՝ Լռության օր

Լռության օրվա գաղափարը սկիզբ է առել 1996թ․, երբ ԱՄՆ-ում Վիրջինիա համալսարանի ուսանողուհի Մարիա Պալզետին նախաձեռնեց միջոցառում՝ ԼԳԲՏ ուսանողների նկատմամբ բռնությունը և նվաստացումը ավելի…

ԼԳԲՏ անձանց զգալի մեծամասնությունը ուս. հաստատությունում ենթարկվում է բուլինգի. լռության օր` հանուն աշակերտների ապահով ուսման

Վաղն` ապրիլի 21-ին, նշելու ենք ամենամյա Լռության օրը, որի նպատակն է, որ ուսումնական հաստատություններ ապահով դառնան երեխաների համար, վերացնել ու կանխել արժանապատվությունը նսեմացնող…

Շնորհավոր ուսումնական առաջին օրը

Սեպտեմբերի 1-ը Հայաստանում նշվում է որպես գիտելիքի և դպրության օր: Այն հատկապես կարևոր օր է տարրական, միջին և ավագ դպրոցների, միջին մասնագիտական և բարձրագույն կրթական հաստատություն ընդունվողների և սովորողների համար:
«Ինչքան ապրում եմ այնքան սովորում եմ, ինչքան սովորում եմ այնքան գիտակցում եմ, թե ինչքան քիչ գիտեմ» ― Միշել Լեգրան «Գիտելիքը զրահ է բոլոր տեսակ դժբախտությունների դեմ» ― Աբու Ռուդաքի
booksՅուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Կրթությունը պետք է նպատակաուղղված լինի անձի լիարժեք զարգացմանը և մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի ամրապնդմանը: Համաձայն ՀՀ Կրթութության մասին օրենքի` պետությունը ապահովում է յուրաքանչյուրի կրթության իրավունքը` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային դրությունից կամ այլ հանգամանքներից: Նույն օրենքում նշված է նաև, որ պետությունը անհրաժեշտ պայմաններ է ստեղծում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների զարգացման առանձնահատկություններին համապատասխան կրթություն ստանալու և սոցիալական հարմարվածությունն ապահովելու նպատակով։ Այսինքն պետությունը պարտավոր է ապահովել հաշմանդամություն ունեցող աշակերտների և ուսանողների կենսագործունեության միջավայրի մատչելիությունը: Սակայն այդ միջավայրը մեր հանրապետությունում գրեթե չի ապահովվում: Հիշենք այս տարվա մարտին աղմուկ հանած սպիտակցի աղջնակի դեպքը, ով ուներ առաջին կարգի հաշմանդամություն և չէր կարողանում դպրոց գնալ չնայած լավ առաջադիմությանը: Աղջկա մայրը պնդում էր, որ պետությունն ուղղակի գումար էր խնայում` նրա համար միայն մայրենի լեզվի և մաթեմատիկայի դասեր կազմակերպելով։ Իսկ որքան շատ են դեպքերը, որոնց մասին հանրությունը տեղեկություն անգամ չունի: Հասարակական անհանդուրժողականության ու առկա խարանների պատճառով շատ ծնողներ գերադասում են իրենց երեխաներին զերծ են պահել սոցիալական գործունեությունից և թույլ չեն տալիս նրանց կրթություն ստանալ հանրային դպրոցներում: Այս ամենին գումարվում են նաև անհրաժեշտ կենսագործունեություն միջավայրի ապահովման պետական քաղաքականության թերացումները՝ չնայած, որ օրենսդրական դաշտը հավասար պայմանների ստեղծման առումով կարգավորված է։ Հայաստանում ներառական կրթության մասին կարգն ընդունվել է 2010թ. սեպտեմբերին: Ներառական կրթություն ունեցող դպրոցների թիվը 139 է: Մնում է հուսալ, որ մոտ ապագայում դրական փոփոխություններ կարձանագրվեն։ Ուսումնական հաստատությունները պետք է ապահով տարածք լինեն բոլորի համար անկախ աշակերտների և ուսանողների էթնիկ պատկանելությունից, կրոնից, արտաքին հատկանիշներից, սեռից, սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից և սոցիալական ու անձնային այլ հատկանիշներից: Հայաստանում գրեթե բոլոր կրթական հաստատություններում կարելի է հանդիպել այնպիսի երևույթների, ինչպիսիք են ծաղրանքը, վիրավորանքը, խտրականությունը, բռնությունները, ատելության կոչերը, վերաբերմունք, որ նվաստացնում է մարդկային արժանապատվությունը և ոտնահարում մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները և այս ամենը կատարվում է ոչ միայն հասակակիցների այլ նաև ուսուցիչների կողմից: Աշակերտներն ու ուսանողներն իրենց օրվա մեծ մասն անց են կացնում և սոցիալականացվում են ուսումնական հաստատություններում, ուստի շատ կարևոր է, որ կրթական հաստատությունները արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքից զերծ և ապահով տարածք լինեն նրանց համար։ Բուլինգը մեծ ռիսկ է երեխաների, պատանիների եւ երիտասարդների առողջության համար ցանկացած հասարակությունում: Կրթական պայմանները, որտեղ տեղի են ունենում նվաստացումներն ու բռնությունները պետք է ուսումնասիրվեն եւ հասկացվեն և իրականացվեն կանխարգելման միջոցառումներ։ Կրկին հիշենք այս տարվա աղմկոտ դեպքերից․Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոցի 6բ դասարանի աշակերտ Հովհաննես Ղազարյանին ով հրաժարվել էր համադասարանցիների պահանջով փոխել դպրոցը։ Համադասարանցիներն էլ փոխել էին իրենց դասարանը, դպրոցի տնօրեն Գայանե Դեմիրյանը նույնիսկ հրաման էր ստորագրել՝ «6բ դասարանի թվով 24 սովորողներից 23-ի տեղափոխման պատճառով 6բ դասարանը համարել փակված»։ Կարևոր է հասկանալ, որ մյուսների իրավունքների նկատմամբ հարգանքն ու հավասարության գիտակցումը նույնպես կազմում է կրթության մի մասը: Շնորհավորում ենք բոլոր աշակերտների և ուսանողների առաջին ուսումնական օրը և մաղթում, որ ուսումնական հաստատությունները ապահով տարածք լինեն նրանց բոլորի համար:

Կարո՞ղ ես լսել լռությունը

«Լռության օրվա» հիմնական խորհուրդը արժանապատվությունը նսեմացնող երևույթները վերացնելն ու կանխարգելելն է, որպեսզի ուսումնական հաստատությունները դառնան առավել ապահով բոլորի համար` անկախ աշակերտների և ուսանողների սեռից, սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից, էթնիկ պատկանելությունից, կրոնից, արտաքին տվյալներից և սոցիալական ու անձնային այլ հատկանիշներից։ Նսեմացումը մեծ ռիսկ է երեխաների, պատանիների և երիտասարդների առողջության համար ցանկացած հասարակությունում: Այն կարող է կործանարար ազդեցություն ունենալ, նույնիսկ այն պարագայում, երբ այն տեսանելի չէ և ավելի դժվար ճանաչելի է, քան հանրային առողջության այլ խնդիրները: Նսեմացումների էպիկենրտրոններ են դպրոցները, ուսումնարանները, համալսարանները, որտեղ մեծ թվով երեխաներ, պատանիներ, երիտասարդներ անց են կացնում իրենց ժամանակի մեծ մասը: Նսեմացումը ոտնձգությունների և բռնությունների ձև է, որն անհրաժեշտ է հասկանալ զարգացման, սոցիալական և կրթական տեսանկյուններից: Հայաստանում չկա նսեմացումը հասցեագրող իրավական դաշտ, ռազմավարություն և հստակ պատկերացում երևույթի մասին: Ավելին, անհանդուրժողականությունը այն ամենի հանդեպ, ինչ դուրս է սահմանված հայկական «ավանդական» մտածլակերպից, ազգայնականության առասպելները, իրազեկվածության և իրավագիտակցության ցածր մակարդակը, միմյանց նկատմամբ հարգանքի մշակույթի բացակայությունը ավելի են սրում իրավիճակը: Հայաստանում Լռության օրը նշվում է 2010 թվականից ի վեր: «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն ամեն տարի միջոցառումներ է իրականացնում «Լռության օրվա» կապակցությամբ: 2011 թվականին կազմակերպությունը հրապարակեց իր «Ինչպես դու» էլեկտրոնային պարբերականի առաջին համարը: 2012 թվականին կազմակերպության կողմից իրականացվեց մամլո ասուլիս, որի ժամանակ խոսնակները ներկայացրեցին նսեմացումների արդյունավետ կանխարգելման մեխանիզմների և քայլերի մշակման անհրաժեշտությունը` մասնավորապես կրթական հաստատություններում կոմպետենտ մասնագետների առկայության անհրաժեշտությունը, ինչպես նաև մարդու իրավունքների կրթության և պաշտպանության ապահովումը։ Կազմակերպության աշխատակիցները պատրաստել էին պաստառներ, որոնց խորագիրն էր «Ես մաքրում եմ լռության իմ դիմակը»։ 2013թ. Կազմակերպությունն իրականացրեց մամլո ասուլիս-քննարկում ՀՀ կրթական հաստատություններում նվաստացումների, արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի և բռնությունների մասին, որի ժամանակ ներկայացվեցին այն դեպքերը, անձնական պատմությունները, որոնք կազմակերպության աշխատակիցները հավաքագրել էին իրենց ամենօրյա աշխատանքի ընթացքում: Այդ օրը նաև հանրությանը ներկայացվեցին տեսահոլովակներ, որոնք կոչ էին անում երիտասարդներին կոտրել լռությունը և բարձրաձայնել կրթական հաստատություններում առկա նվաստացման և խտրականության դրսևորումների մասին։ Այս տարի տասնյակ երիտասարդներ միացել են լռության օրվա առցանց արշավին՝ իրենց լռությունը կոտրելու կոչերն ուղղելով լայն հասարակությանը: Նրանք տարածում են իրենց կոչերը, թե ինչու են կոտրում լռությունը՝ կիսվելով իրենց նկարներով: Օրվա խորհրդին համաձայն՝ ապրիլի 18-ին կազմակերպությունը հասանելի չի լինի աշխարհի համար` չենք պատասխանի էլեկտրոնային նամակներին, հեռախոսազանգերին և չենք տրամադրի որևէ ծառայություն. այդ օրը մենք լուռ կլինենք։ Լռության օրվա առցանց արշավին կարող եք հետևել facebook.com/dosarmenia էջում։

ԼԳԲՏ անձանց իրավունքների իրավիճակը Հայաստանում 2013

Հայաստանն իրեն հռչակել է որպես ժողովրդավարական երկիր, որի հիմնական ուղենիշը լիբերալ արժեքների ինստիտուցիոնալականացումն ու իրացումն է, հետևաբար պետությունը և բոլոր շահագրգիռ կազմակերպություններն ու միությունները պետք է գործեն ՀՀ Սահմանադրության և գործող օրենքների շրջանակներում՝ ունենալու իրենց ներդրումը ժողովրդավարական արժեքները կրող հասարակության կերտման գործընթացում: Հայաստանում սեռական կողմնորոշման և գենդերային ինքնությանն առնչվող խնդիրիները հիմնականում դիտարկվում են միմիայն բացասական տեսանկյունից, ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանները ներկայացվում են որպես ՙազգի դավաճաններ՚, իսկ ԼԳԲՏ անձիք՝ որպես հասարակության թշնամիներ: Արդյունքում, հասարակական կյանքի ցանկացած ոլորտ ԼԳԲՏ անձանց համար դառնում է խտրականության, անմարդկային և արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի, բռնության կիրառման վայր: ԼԳԲՏ անձանց և նրանց աջակիցների նկատմամբ ճնշումները դիտարկվում են որպես նոր մարտահրավերներ, որոնք, սակայն, դեռևս ամբողջականորեն հակադարձված չեն: Պաշտոնատար անձանց կողմից արված հայտարարությունները միայն նպաստում են ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարմանը՝ ստեղծելով անպատժելիության մթնոլորտ: Ստորագրած լինելով մի շարք հռչակագրեր և համաձայնագրեր՝ այնուամենայնիվ ՀՀ կառավարությունը չի փորձել անդրադառնալ ու լուծել գենդերի և սեռական կողմնորոշման հիմքով խտրականության հարցերը: Ավելին, վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ հասարակության մեջ նաև առկա խնդրո շուրջ գիտելիքների բացակայությունը և այս ամենի հետ կապված իրազեկվածությունը կաղում է: Արդյունքում, ԼԳԲՏ անձանց, ինչպես նաև նրանց խնդիրներով զբաղվող իրավապաշտպանների իրավունքները ոտնահարվում են հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Սույն զեկույցը ամփոփում է 2013 թվականին ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարման հանրային հնչեղություն ունեցող դեպքերն ու միջոցառումները:

Նվաստացումները, արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը և բռնությունը ՀՀ կրթական հաստատություններում

«Լռության օր»

Day of SilenceԱպրիլի 19-ին` «Լռության օրվա» կապակցությամբ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն կազմակերպել էր մամուլի ասուլիս-քննարկում ՀՀ կրթական հաստատություններում նվաստացումների, արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի և բռնությունների մասին: Կազմակերպության ծրագրերի համակարգող, սոցիալական աշխատող Նվարդ Մարգարյանը նշեց, որ «Աշխարհի տարբեր երկրներում` սկսած 1996թ-ից, ապրիլի երրորդ ուրբաթը նշվում է որպես լռության օր: Լռության օրվա հիմնական նպատակը ուսումնական հաստատություններում ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց և այլ սոցիալական խմբերի նկատմամբ խտրական և արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի վրա հասարակության ուշադրության սևեռումն է: Ավելին, այս օրը միտված է նմանօրինակ երևույթները վերացնելուն ու կանխարգելելուն, որպեսզի ուսումնական հաստատությունները դառնան առավել ապահով բոլորի համար` անկախ աշակերտների և ուսանողների սեռից, սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից, էթնիկ պատկանելությունից, կրոնից, արտաքին տվյալներից և սոցիալական ու անձնային այլ հատկանիշներից»: Այնուհետ նա ներկայացրեց այն դեպքերը, անձնական պատմությունները, որոնք կազմակերպության աշխատակիցները հավաքագրել էին իրենց ամենօրյա աշխատանքի ընթացքում: Հոգեբան-թերապևտ Նարինե Հովակիմյանի կարծիքով «գոյություն ունի կարծրատիպ, որ ուսումնական հաստատություններում նվաստացումների, բռնության զոհ կարող են դառնալ միայն մարդիկ, ովքեր ունեն ակնառու տարբերություններ տվյալ հասարակության համեմատ: Սակայն արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը կարող է դրսևորվել յուրաքանչյուրի նկատմամբ, ոչ մեկ ապահովագրված չէ սադրանքի զոհ դառնալուց»: «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի հոգեբան Էլվիրա Մելիքսեթյանն էլ հավելեց, թե ինչպես կարելի է հաղթահարել արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը: «Նախևառաջ պետք է հիշել, որ յուրաքանչյուր ոք ունի շրջապատում հարգված լինելու, ազնիվ վերբերմունքի, ապահովության զգացման իրավունք: Երեխան կարող է օգնություն խնդրել վստահելի մեծահասակից, անհրաժեշտ է միայն երեխաներին հասկացնել, որ մեծահասակներից օգնություն խնդրելն ամոթ չէ, փորձել պարզաբանել «խնդիրն» ագրեսորի հետ: Անտարբերությունը երբեմն ամենից ուժեղ զենքն է»: Վերջում խոսնակները հավելեցին, որ ապրիլի 19-ին նրանք լռելու են բոլոր այն մարդկանց համար, ովքեր հնարավորություն չունեն խոսելու իրենց նկատմամբ կիրառված խտրականության դրսևորումների մասին: