Skip to content Skip to footer

Բազմազանությունն ի շահ ներկա և ապագա սերունդների

Մշակութային բազմազանությունը մեր ստեղծագործականության խթանիչն է: Ներդրումն այդ ստեղծագործականության մեջ կարող է վերախոխել հասարակությունները: Մեր պատասխանատվությունն է զարգացնել կրթությունը և միջմշակութային ունակությունները երիտասարդների շրջանակում՝ պահպանելով բազմազանությունը աշխարհում և սովորել ապրել միասին այս լեզվական, մշակութային, կրոնական բազմազանության մեջ՝ բերելով փոփոխություն: - ՅՈՒՆԵՍՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովա
Diversity Lens2001 թվականին ՅՈՒՆԵՍՕ-ն ընդունեց համընդհանուր հռչակագիր «Մշակութային բազմազանության համաշխարհային օրվա» մասին, իսկ 2002 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ճանաչեց մայիսի 21-ը որպես «Մշակութային բազմազանության համաշխարհային օր` հանուն երկխոսության և զարգացման»: Չնայած հռչակագիրը տարիների աշխատանքի արդյունք էր, այն ընդուվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո: Այն վերահաստատում էր միջմշակութային երկխոսության անհրաժեշտությունը՝ անջատողականությունը և արմատականությունը կանխելու համար: Օրվա խորհուրդն է օգնել մարդկանց հասկանալ և ընդունել մշակութային բազմազանության և ներդաշնակության կարևորությունը։ Օրվա կապակցությամբ տարբեր միջոցառումներ են կազմակերպվում կառավարությունների, հասարակական կազմակերպությունների կողմից հանրության շրջանում՝ մշակութային բազմազանության և զարգացման մասին հարցերի պատկերացումները ավելացնելու համար: Շատ կարևոր է խորապես հասկանալ մշակութային բազմազանության արժեքը, սովորել ավելի լավ ապրել միասին, բարձրացնել իրազեկումը միջմշակութային երկխոսության, բազմազանության և ներգրավման կարևորության մասին աշխարհում, կառուցել միջազգային հանրությունն այնպիսի անհատներից, ովքեր իրենց վրա պարտավորություն են ստանձնում աջակցել բազմազանությանը իրական կյանքում և առօրյա գործուղություններում, պայքարել բևեռացման և կարծրատիպերի դեմ՝ տարբեր մշակույթների փոխըմբռնումը և համագործակցությունը բարելավելու համար: Մշակութային բազմազանությունը բազմաթիվ ենթամշակույթների և տարբեր արժեքային համակարգերի առկայությունն է բազմամշակութային հասարակություններում: Ինչու՞ է բազմազանությունը կարևոր: Աշխարհի կոնֆլիկտների 3/4-ը տեղի են ունենում մշակութային հարթության վրա: Մշակույթների միջև անդունդի կամրջի կառուցումը շատ հրատապ է և անհրաժեշտ է խաղաղության, կայունունթյան և զարգացման համար: ՅՈՒՆԵՍՕ-ի «Մշակութային բազմազանության մասին» համընդհանուր հռչակագիրի առաջին հոդվածն ասում է, որ մշակութային բազմազանությունը ամբողջ մարդկության ժառանգությունն է: Մշակույթն ունի տարբեր դրսևորումներ ժամանակի և տարածության մեջ: Որպես փոխանակման, նորարարության և ստեղծագործականության աղբյուր` մշակութային բազմազանությունը անհրաժեշտ է մարդկությանն այնպես, ինչպես կենսաբազմազանությունը բնությանը: Այս առումով այն համայն մարդկության ժառանգությունն է և պետք է ճանաչվի ու հաստատվի ի շահ ներկա և ապագա սերունդների: Մշակույթը հաղորդակցություն է, հաղորդակցությունը՝ մշակույթ: Շատ կարևոր է, թե ինչպես են մարդիկ վերաբերվում մարդկանց, ովքեր տարբեր են իրենցից և այդ վերաբերմունքն ինչ դրսևորումներ կարող է ունենալ: Ամեն մարդ եզակի է, և այդ եզակիությունն է, որ բազմազան է դարձնում աշխարհը: Ամեն մեկն ունի գոյության իրավունք և պարտավոր չէ իրեն նույնականացնել այնպես, ինչպես ուրիշներն են իրենց նույնականացնում: Եզակիությունն ու բազմազանությունն են, որ հարստացնում են հասարակությունների կյանքը, կենսափորձն ու մշակույթը: Կարևոր է գնահատել, արժևորել և հարգել այդ տարբերությունները: Մշակութային բազմազանությունը ոչ միայն կրոնական, էթնիկական կամ ազգային մշակույթների տարբերություններն են, այլ նաև տարբեր հասարակություններում առկա ենթամշակույթները: Երբևէ մեզ հարցրե՞լ ենք, արդոք հանդուրժող վերաբերմունք ունենք հայ հասարակությունում ապրող ենթամշակույթների նկատմամբ: Հատկանշական է, որ մարդկանց վիրավորելու համար հաճախ օգտագործվում են այն ենթամշակույթների անունները, որոնք իրենց դուր չեն գալիս, օրինակներն էլ բազմաթիվ են՝ «քյարթու», «ջակի-ջուկի», «թուրք», «եհովայի վկա», «հիպի», «գեյ» և այլն: Մարդիկ նույնիսկ չեն էլ մտահոգվում, որ ատելության ու խտրականության կոչ են անում, ինչն էլ երբեմն կարող է հանգեցնել սոցիալական տարբեր խմբերի խոցելիությանը, մեկուսացմանը կամ մարգինալացմանը: «Մշակութային բազմազանության համաշխարհային օրվա» թեման է «մի քայլ արա հանուն բազմազանության ու ներգրավման»: Իսկ ի՞նչ ես անում դու բազմազանության և ներգրավման համար:[:]

Մամուլի ազատության համաշխարհային օր

wpfd-logoԱրդեն 21 տարի է, որ մայիսի 3-ը նշվում է որպես Մամուլի ազատության համաշխարհային օր: 1993 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հատուկ բանաձևով մայիսի 3-ը հռչակեց Մամուլի ազատության օր: Մայիսի 3-ն ընտրվել է այն պատճառով, որ 1991 թվականի այդ օրը Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում աֆրիկյան երկրների ազատ մամուլի ներկայացուցիչները ընդունել են Վինդհուկյան հռչակագիրը, որով կոչ էր արվում կառավարություններին ապահովել խոսքի և մամուլի ազատությունը: Հռչակագիրն ընդունում էր, որ ազատ և անկախ մամուլի առկայությունը յուրաքանչյուր ժողովրդավար հասարակության կարևորագույն բաղադրիչն է հանդիսանում: 1993 թվականի հռչակագրի ընդունումից հետո ՅՈւՆԵՍԿՕ-ն նախաձեռնել է խոսքի և մամուլի ազատությունը պաշտպանելու համաշխարհային արշավ։ Մամուլի ազատության հարցում միջազգային համագործակցության էական նվաճումներից մեկը Լրագրողների անվտանգության ՄԱԿ-ի գործողությունների ծրագիրն է, որին միացել են ՄԱԿ-ի կառույցների բոլոր ղեկավարները։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հոդված 19-ն ասում է, որ յուրաքանչյուր ոք ունի համոզմունքների ազատության և դրանք ազատորեն արտահայտելու իրավունք։ Այդ իրավունքը ներառում է սեփական համոզմունքներին հավատարիմ մնալու և ցանկացած միջոցներով ու անկախ պետական սահմաններից՝ տեղեկություններ ու գաղափարներ որոնելու, ստանալու ու տարածելու ազատություն։ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածում էլ նշված է, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն:Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է։ Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի և հեռուստատեսության առկայությունը և գործունեությունը։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը ամեն տարի հրապարակում է «Մամուլի ազատության» զեկույցը, որում երկրներն, ըստ մաուլի ազատության կարգավիճակի, բաժանված են 5 խմբերի՝ վտանգավոր վիճակ, բարդ վիճակ, նկատելի խնդիրներ ունեցող, բավարար վիճակ, լավ վիճակ։ Մամուլի ազատության ցուցանիշով լավագույն երկրներն են Ֆինլանդիան, Նիդերլանդները, Նորվեգիան, վատագույնը՝ Էրիտրեան, Հյուսիսային Կորեան, Թուրքմենստանը: 2014 թվականի տվյալներով Հայաստանը 180 երրներից զբաղեցնում է 78-րդ տեղը` ընդգրկվելով նկատելի խնդիրներ ունեցող երկրների խմբի մեջ: Մամուլի ազատության օրը առիթ է տեղեկացնելու քաղաքացիներին մամուլի ազատության նկատմամբ բռնությունների մասին, հիշեցում, որ աշխարհի տասնյակ երկրներում հրատարակությունները գրաքննվում, տուգանվում, կասեցվում և փակվում են, իսկ լրագրողները, խմբագիրները և հրատարակիչները հալածվում են, հարձակման են ենթարկվում, կալանավորվում և նույնիսկ սպանվում են: Մայիսի 3-ի հիմանական նպատակն է նշել մամուլի ազատության հիմնարար սկզբունքները, գնահատել մամուլի ազատությունը ամբողջ աշխարհում, պաշտպանել լրատվամիջոցներին հարձակումներից, հարգանքի տուրք մատուցել լրագրողներին, ովքեր կորցրել են իրենց կյանքը աշխատանքային պարտականությունները կատարելիս: Մամուլի ազատության օրվա կապակցությամբ ամեն տարի տրվում է լրագրողական եվրոպական մրցանակը, որը օրվա միջոցառումների մասն է կազմում: Միջազգային անկախ լրագրողների ժյուրին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գիլյերմո Կանո մամուլի ազատության 2014 թվականի մրցանակակիր է ճանաչել թուրք հետաքննող լրագրող Ահմետ Շիկին: Շիկը խոսքի ազատության եռանդուն պաշտպան է և իր աշխատանքը նվիրել է կոռուպցիայի եւ մարդու իրավունքների ոտնահարումների դատապարմանը: Ամեն տարի մամուլի ազատության օրվա համար ընտրվում է որոշակի թեմա: 2014 թվականին Մամուլի ազատության օրվա թեման է «Մամուլի ազատությունը ավելի լավ ապագայի համար. ձևավորելով 2015-ի զարգացման օրակարգը»: [:]