ԼԳԲՏ անձինք նամակներ են գրել իրենց ընտանիքներին։ Ներկայացնում ենք նամակներն առանց փոփոխության։

Ողջույն: Ես Լիլիթն եմ, մոտ մարդիկ ինձ ասում են Լյուշ: Ես երկար ժամանակ զգացողություն ունեի, որ Լիլիթը իմ անունը չի:

Մամ ջան, հիշու՞մ ես, անունիս հետ կապված մի պատմություն էիր պատմել, որը, ինչ մեղքս թաքցնեմ, շատ տպավորվել ա մեջս: Հիշու՞մ ես, որ տատիկս, ում այդպես էլ չեմ տեսել, բայց ասում ես, որ շատ նման եմ իրեն, որոշել էր մորքուրիս ու քո անունները, եթե երկու աղջիկ ունենար: Բայց երբ մորքուրս ծնվեց, պապիկս այնքան էր ուրախացել, ընկերների հետ այնքան էր նշել, այնքան էր խմել, որ մորքուրիս անունը սխալ էր դրել: Արդյունքում երբ դու ծնվեցիր տատիկս ու պապիկս մի անուն ունեին, որ կարող էին դնել, իսկ երկրորդ անունը այդպես էլ մնաց առանց մարդու: Մինչ ես ծնվեցի ու դու դրեցիր ինձ այդ անունը՝ Լիլիթ՝ քո անունը: Կոլեգաներս կասեին, ահաա, մամադ փոխանցել է քեզ իր սցենարը ու դու էլ վերցրել ես այն, բլա-բլա-բլա, բլա-բլա-բլա: Բայց չեմ ուզում կոլեգաներիս լսել, թող իրենց այցելուներին վերլուծեն հոգեբանները: Ուզում եմ վերադառնալ մեզ ու ուզում եմ վերադառնալ ինձ ու քեզ: Տպավորվել է պատմությունը ու մի տեսակ սիմվոլիկ կապ է մնացել ինձ համար, որ դու այն հարզատներից մեկն ես, ում շատ սիրում եմ, հարգում, ուզում եմ, որ լավ լինես, երջանիկ լինես, ուզում եմ կիսել քեզ հետ իմ ներքինը, ուզում եմ լսել քո ներքինը: Հիմա ես լսում եմ քո ներքինը, կողքիդ եմ, երբ կարիք ունես, երբ կարողանում եմ․․․ համաձայն եմ, որ միշտ չէ, որ կարողանում եմ․․․ բայց անկախ ամեն ինչի չեմ կարող կիսել իմը, որովհետև վախենում եմ: Վախենում եմ կորցնել քեզ, կորցնել քո վստահությունը, քո հարգանքը, քո սերը, եթե իմանաս իմ սիրո մասին, կանանց նկատմամբ իմ սիրո մասին: Վախենում եմ, որ կլսեմ այն բոլոր մեղադրանքները, վիրավորանքները ու զզվելի խոսքերը, որ ամեն օր լսում եմ ուրիշներից: Գիտեմ, որ մենակ չեմ այդ ապրումներում, գիտեմ, որ ինձ նման այլ մարդիկ էլ կան՝ նման վախերով ու ապրումներով: Բայց ուզում եմ իմանաս, որ ուրիշներից լսելը այքան էլ սարսափելի չէ, սովորում ես ժամանակի ընթացքում մարդկանց թշնամանքին․․․ այնքան էլ սարսափելի չէ, որքան քեզնից լսելը այդ թշնամանքը. դա խոցում ա հենց ինձ՝ իմ անձը, իմ ով լինելը, իմ էությունը:

Պապ ջան, հիշու՞մ ես, 90-ականներն էր, հաճախ էինք երեկոները մոմի լույսի տակ անցկացնում: Հիշու՞մ ես, որ երեքով՝ ես, դու, քույրս, թղթից աշխարհ էինք կառուցում՝ սիրուն աշտարակներով, տներով, ծառերով, ճանապարհներով: Հիշու՞մ եմ, թե ինչ ոգևորությամբ էի սպասում այդ երեկոներին, որ միասին շարունակեինք կառուցել, ստեղծել գեղեցիկը, ստեղծել հավեսը: Օր օրի ստեղծում էինք էդ աշխարհը, մի օր ավելացնելով աշտարակ, մի օր ավելացնելով ճանապարհներ․․․ Աշխարհ էր, որը սիրուն էր, որն ապահով էր, որը մերն էր: Հիմա, երբ մեծացել եմ, հասկանում եմ, որ դու երբեք չես արտահայտել քո զգացածը, քո ապրումները, քո մտքերը․ հիմա էլ վստահ չեմ, թե ինչ ես մտածում, ինչ ես զգում, ինչ ես ուզում այս կյանքից․․․ Բայց այդ կառուցած աշտարակաները, տները, ծառերը այն ուղերձներն էին, որ ստացել եմ քեզնից. ստացել եմ այն, որ ես ինքս պետք է կառուցեմ իմ կյանքը, իմ աշխարհը, ու հարազատ մարդիկ կարող են աջակցել ինձ դրանում, որովհետև մենակ շատ դժվար է դա անելը: Հիմա ես կառուցել եմ իմ աշխարհը, իմ կյանքը, իմ կողքին կան հարազատ մարդիկ, ովքեր օգնել են ինձ կառուցել այն, լցնել սիրով ու հարգանքով։  Բայց մի բան պակասում է։ Չկա էլ էդ թղթից աշխարհը, որ տենց սիրով սարքել էինք, դու էլ հեռու ես շատ։ Չէ, ֆիզիկապես չէ, տեսնում ենք իրար տարբեր առիթների։ Հոգեպես ես հեռու։ Ես իմ աշխարհում եմ, դու՝ քո։ Ու մեր աշխարհների միջև մի մեծ լռության ծով է՝ լցված լարվածությամբ ու վախով՝ իմ վախերով, միգուցե նաև քո վախերով․ չգիտեմ։ Գիտեմ միայն, որ քեզ էլ եմ վախենում կորցնել, կորցնել քո վստահությունը, քո հարգանքը, քո սերը, եթե իմանաս իմ սիրո մասին, կանանց նկատմամբ իմ սիրո մասին: Վախենում եմ, որ կլսեմ այն բոլոր մեղադրանքները, վիրավորանքները ու զզվելի խոսքերը, որ ամեն օր լսում եմ ուրիշներից ու մեկ-մեկ էլ բռնում եմ քո ասածներում ու հայացքներում։ Ինձ դա ցավեցնում է, շատ է ցավեցնում ու խոցում։

Գիտե՞ք, երբեմն նախանձով եմ նայում մարդկանց, ում ծնողները չեն խոցում իրենց երեխաներին, սիրով եմ նայում այն ծնողներին, որ երեխաների կողքին են ու չեն վախենում, կամ վախենում են, բայց միևնույնն է իրենց երեխաների կողքին են. չգիտեմ: Շատ կուզեմ, որ դուք էլ ինձ հետ վախենաք կամ չվախենաք․ չգիտեմ։ Շատ կուզեմ, որ կողքիս լինեք՝ անկախ ամեն ինչից։ Շատ կուզեմ, բայց․․․

Լիլիթ, Երևան