ԼԳԲՏ անձինք նամակներ են գրել իրենց ընտանիքներին։ Կազմակերպության կամավորներն ընթերցել են այդ նամակները և պատրաստել հոլովակներ։ Ներկայացնում ենք նամակներն առանց փոփոխության։

Սիրելի զոքանչ,

գուցե հենց այն օրվանից, որ իմացաք՝ աղջիկ եք ունենալը, ինչ-որ տեղ Ձեր մեջ հայ հասարակության ճրագը վառ պահողը հուշեց, որ օրերից մի օր մեկը այդպես է կոչելու Ձեզ: Բայց մի տեսակ հեգնանք կա էս ամենի մեջ: Կոչումը ստացաք, բայց անվանողը սպիտակ ձիով ասպետը չէ Ձեր դստեր: Ամենևին: Թեպետ էս դարում ձիերը ժամանակավրեպ են, ասպետներն էլ հոգնեցին կեղծ արժեքների համար պայքարելուց ու հեռացան «տաքերկրներ»:

Օրվա ընթացքում հասարակակա նցանկացած վայրում ինձ նման հարյուրավորներին տեսնում եք: Սովորական մարդիկ, առանց տարբերվելու ձգտման, հնարավորության կամ ցանկության: Չնայած «նորմալ» լինելը, համարվելն ու երևալը ամենօրյա պայքար ա ենթադրում իմ համար, ուղղակի որովհետև համաձայն չեմ, որ կոնկրետ մարդիկ պիտի սիրեն կոնկրետ մարդկանց: Ես համարձակվել եմ սիրել Ձեր դստերը: Դասականը կասեր՝ փաթեթային տարբերակով:

Երբևէ չմտածեք, որ մի քանի սանտիմետրի առկայությունը կամ բացակայությունը ի զորու են պայմանավորել սերը՝ միակ անպայմանը: Ես սիրում եմ նրան, ու այ այստեղ պաթոսը տեղին չէ, նաև չունեմ նպատակ ապացուցել Ձեզ, որ հենց իմ հետ նա կլինի երջանիկ, կամ բերել համարակալված փաստարկներ՝ ինչու պիտի կամ լավ կլիներ, որ ընդունեիք ինձ:

Ուղղակի կասեմ, որ ինքն անսահման գեղեցիկ է: Դիմագծերը Ձերն են: Աչքերի գույնն էլ: Մի քանի արտահայտություն ունեք, որ նույնությամբ կրկնում ա, չնայած որ հարցնես՝ ու՞մ ես նման, կասի՝ պապային: Էնքան բան կար ասելու, բայց գրելու պահն էկավ, ու բազմապրոֆիլ լեքսիկոնս հետ քաշվեց: Առանց նրա ամենն անիմաստ ա, դատարկ, սին, ունայն: Գուցե նորմալ չի «ես»-ը պայմանավորել երրորդ անձով, բայց եսիմ: Չեք պատկերացնի՝ ինչքան ու ինչերի մեջով ենք անցել: Քանի անգամ եմ իմացել, վստահ ու համոզված եղել, որ վերջ, որ էս անգամ հաստատ չեմ ների, հետ չեմ գնա, էս անգամ էլ ձև չկա իրար հասկանալու, բայց հանգամանքները հանդիպացնում էին մեզ: Եթե իմ խանդը վերածեք էներգիայի, կհերիքի մի յոթանասուն տարի ողջ Հայաստանը էլեկտրականությամբ ապահովելու համար: Եթե սերը վերածեք՝ աշխարհը: Ինձ էլ ա է դժվար: Ինքը բարդ ու մեծ լաբիրինթ ա, որը բացահայտելու գործում մենակ եմ, բայց հոյակապ կլիներ, որ դուրս գայինք քառակուսուց ու օգնեիք ինձ: Դուք իր համար եզակի հեղինակություն եք, բայց իրեն չասեք, որ տենց եմ ասել, դրամա կանի: Հավատացեք՝ երբևէ չեմ ուզում կանգնի անիմաստ ընտրության առաջ՝ ես, թե դուք: Զուտ որովհետև ոչ մեկը չի շահելու դրանից:

Ես իր հետ ամբողջական եմ, բայց էդ լրիվության գինը էնքան բարձր ա: Ես պատրաստ եմ պայքարել, բայց չեմ ուզում, որ պայքարը Ձեր դեմ լինի, բայց եթե դա միակ տարբերակն ա, վստահ եղեք, որ չեմ ընկրկելու: Ու դա կլինի միակ պայքարը, որտեղ կմտնեմ առանց վստահ լինելու, որ հաղթելու եմ: Ուղղակի քանի որ ստեղ հաղթողներ չկան: Սերը, ըստ իս, գրեթե նույնանում ա ընդունելու ու հասկանալու հետ: Ամեն դեպքում՝ իր ձեռքը պինդ բռնելու եմ: Հուսամ՝ կօրհնեք: Նա իմ հետ երջանիկ ա ու երջանիկ ա լինելու: Որևէ մեկին թույլ չեմ տա ոտնձգել դա: Սիրում եմ իր լույսն էլ, խավարն էլ, բայց նենց չի՝ ինձ վախենալու չի: Ու վերջում՝ նա Ձեզ շատ ա սիրում, այ դրանով ու էդ չափով կարևոր եք իմ համար: