Skip to content Skip to sidebar Skip to footer

Ամենակարևորը, որ յուրաքանչյուրս ապրենք մեր կյանքը

~ Նորա ~

Շատ մարդիկ վախենում են քայլ անելուց, որը կարող է բերել մեծ փոփոխության՝ մտածելով, որ հնարավոր է չստացվի, բայց երբեմն առաջնայինը ռիսկն է, ու պետք ա խենթի նման մի բան անես, որ փոխվի կյանքդ։

Ես էլ երկար ժամանակ հանդուրժել եմ ընտանեկան, հոգեբանական բռնությունը, ու մտածել, որ դա նորմալ է, որ բոլորի մոտ լինում է։ Երբեք չէի մտածի, որ կարամ գնամ տնից ու, որ լսում էի ընկերներիցս ասում էին «ես արդեն մի տարի մենակ եմ ապրում», մտածում էի ո՞նց կարելի է մի տարի առանց տնեցիքի մենակ ապրել, ո՞նց կարող ես դու տան վարձ տաս, կոմունալ տաս, սնունդ առնես սարքես, որովհետև մտածում էի ահռելի գումարների հետա կապված։ Բայց հասկացա, որ չէ. երբ պահը հասավ, ու ես գնացի տնից, հասկացա, որ իրականում էդքան բարդ չէր, ինչքան թվում էր։ Ու իմ կյանքը շրջադարձային փոխվեց։ Էդ քայլով ես գտա իմ կյանքի իմաստը և ապրելու մոտիվացիան։

Երբ տնից գնացի իմ գրպանում ընդամենը 3000 դրամ կար։ Էն ժամանակ ՀԿ-ների կողմից տրվող սոցիալական աջակցությունը դեռ չկար։ Իսկ հիմա ավելի հեշտ ա. կան ապաստարաններ։ Ես 3000 դրամով դուրս եկա ու արդեն երկու տարի հետո ունեի վարձով բնակարան կենտրոնում, կարողանում էի իմ ծախսերը հոգալ: Այժմ ես ինքս եմ օգնում այլ մարդկանց, ունեմ ՀԿ։ Կուզեի ասել մյուսներին, որ եթե ճիշտ հաշվարկեք ու կառավարեք ձեր ռեսուրսները կարող եք հասնել ամենին, ինչ կուզեք։


~ Ալիսա ~

Ուզում եմ, որ համայնքի երեխեքը լինեն բաց ու գնալով բացվեն: Կուզեմ, որ բոլորս, լինելով մի խմբի մեջ, մի համայնքում, չպիտակավորենք իրար ու մենք ինքներս ազատվենք ներքին կարծրատիպերից, չվերարտադրենք հոմոֆոբիան: Անվտանգությունից ելնելով՝ մենք հաճախ թաքցնում ենք մեր էությունը, ու սա կերպար չի, սա ես եմ։ Չնայած վտանգը փաստացի ամենուր է, ես ուզում եմ ապրել էնպիսի կյանքով, որ կարողանամ ասել՝ ես ապրեցի նենց, ոնց որ ուզում էի։ Առաջ ապրել եմ էնպես, որ ոչ ոք չիմանա ինքնությանս մասին, ու դրանով ես ինքս ինձ ճաղերի մեջ եմ դրել։ Ամենակարևորը, որ յուրաքանչյուրս ապրենք մեր կյանքը, ոչ ուրիշի մատնանշածը, ու հասնենք մեր երազանքներին։

~ Լիկա ~

Ամենադժվարը կյանքումս էն պահն էր, որ ծնողներս չէին ընդունում ինձ: 2010 թվականից այս կյանքով եմ ապրել՝ հեռանալով ծնողներիս տնից, ապրել եմ մտերիմ ընկերոջս հետ: 2012 թ․-ին ծնողներս իմացել են կողմնորոշմանս մասին։ էմոցիոնալ ծանր էր այդ ընթացքը: Մինչև հիմա էլ դժվար է իմ համար, որովհետև չեմ կարողանում ազատ ապրել։ Ինչ-որ առումով էլ նաև ընկճված եմ, որովհետև երազում եմ ամուսնանալ էն մարդու հետ, ում սիրում եմ, սակայն չեմ կարող: Կուզեմ մյուսներին ասել, որ ազատ լինեն․ ոչինչ միանգամից չի լինում։ Եղեք էնպիսին, ինչպիսին կաք, մարդիկ տարբեր են, ու հա, ես էլ եմ ինչ որ ժամանակ վախեցել, կարևորը մենք գտնենք մեր տեղը հասարակության մեջ: