ԼԳԲՏ անձինք նամակներ են գրել իրենց ընտանիքներին։ Կազմակերպության կամավորներն ընթերցել են այդ նամակները և պատրաստել հոլովակներ։ Ներկայացնում ենք նամակներն առանց փոփոխության։

Մամ ջան,

Հիշում եմ, որ մազերս ներկած տուն մտա՝ ակնկալիքով, որ հեսա հերթական արցունքները կհոսեն աչքերիցդ, որովհետև արտաքինիս հետ կապված ամեն փոփոխություն, ամեն զարգացում, որ տեղի էր ունենում մարմնիս ներսում ու դրսում սեռահասունացմանը զուգահեռ, ամեն հագուստ, որ ընտրում էի ու ամեն կարծիք, որ արտահայտում էի խորթ էր քո ու պապայի համար։

Բայց էդ անգամ ուրախացար. հետաքրքիր էին բաց գույնի մազերս, սկսեցիր հեռախոսովդ ինձ նկարել։ Սիրուն էի քեզ համար։ Ես էլ զարմացել էի դրանից ու էրեխու պես հրճվել։

Հետո մեր տանը շատ կռիվներ ու վեճեր եղան, մենք շատ արցունքներ տեսանք՝ ես ու դու։ Էդ «մենք»-ի մեջ հաճախ էինք մենակ ես ու դու։

Բայց դու վատ էիր զգում, որ քո արգանդում կյանք ստացած աղջիկդ քո փորձած կանոններով չի ապրում ու, որ քո գնած բամբակե հսկա ներքնազգեստի փոխարեն կարմիր ժապավենից ինչ-որ բաներ ա կրում։

Ես էլ, իմ հերթին, վատ էի զգում, որ չեմ կարող քեզ ասել, որ էն «վառել, սպանել, վտարել» կոչերը ինձ էլ են ուղղված։ Որ աղջկա եմ սիրում։ Ու, որ, չնայած բոլոր բարդություններին, երջանիկ եմ իր հետ։

Միասին սովորում ենք, ապրում ենք, սեր ենք անում, ճամփում ենք բոլոր կուրսեցիներին ամուսնանալու ու երազում ենք մի օր էլ մենք ընտանիք դառնալ։ Ու քանի՜ անգամ դու համով բաներ ես հյուրասիրել ինձ ու իրեն, երբ մեր տանն ենք եղել, բայց ես նեղվել եմ, որովհետև ստիպված եմ եղել բաղնիքում լվացվելիս թաքուն գրկել իրեն, որ սերս չխանգարի ձեր ճոխ սեղանին։ Ու չեմ կարողացել քեզ ասել, որ էդ կարմիր ժապավենով ներքնազգեստս ինքն ա նվիրել։ Ու որ հեռախոսիդ նկարներում տենց ուրախ եմ, որովհետև էդտեղ դու ինձ սիրում ես՝ չնայած նրան, որ մազերս քո ակնկալած գույնի չեն։

Ու մտածում եմ՝ արդյո՞ք նույն կերպ կսիրես ինձ, եթե իմ երջանկության գույնն էլ քեզ համար տենց անսպասելի լինի։

Ու դրանից հետո նույն «մենք»-ի մեջ կմնա՞նք ես ու դու։